Հարցազրույց

01.11.2024 10:47


«Կոլեկտիվ» Արևմուտքի երկակի ստանդարտներն՝ ընդդեմ վրացական երազանքի․ Անդրանիկ Թևանյան

«Կոլեկտիվ» Արևմուտքի երկակի ստանդարտներն՝ ընդդեմ վրացական երազանքի․ Անդրանիկ Թևանյան

Վրաստանը մերժեց կեղծիքը, մինչդեռ Հայաստանում իշխանությունը խոր ստի ու այլասերման մեջ է։ Արևմուտքը երկակակի ստանդարտներով է առաջնորդվում՝ քննադատում է կեղծիքը մերժած Վրաստանի իշխանությանը և խրախուսում հայ ժողովրդին ստի մեջ թաղող Հայաստանի իշխանությանը,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա «Եվրազիա թըդեի» առաջարկով անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու հարակից գործընթացներին։

Անդրանիկ Թևանյանի անդրադարձը թարգմանաբար և ամբողջական՝ ստորև․

***

«Կոլեկտիվ» Արևմուտքի երկակի ստանդարտներն՝ ընդդեմ վրացական երազանքի

Վրացիներին խաբել են և ջղայնանում են, երբ տեսնում են, որ նրանք այլևս չեն ուզում խաբվել:

Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ բացահայտեցին Արևմուտքի երկակի ստանդարտները, ցինիզմը, փարիսեցիությունը: Պարզվեց, որ Օսվալդ Շպենգլերի կանխատեսում-գնահատականը շատ մեղմ էր: Եվրոպան ոչ միայն մայրամուտի մեջ է, այլ նաև փոխակերպում է ապրում: Այն այլասերվում է և պայքարում... բուն Արևմուտքի դեմ, ավելի կոնկրետ՝ արևմտյան (համամարդկային) արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների դեմ:

«Կոլեկտիվ» Արևմուտքն այլասերվել է այն աստիճան, որ արդեն «ոսկե միլիարդի» ներսում գտնվողներն իր համար արժեք չեն: Մարդը արժեք չէ: Այն ընդամենը գլոբալ տնտեսաքաղաքական շահերի զոհասեղանին դրվող ապրանք է: Այդ «ապրանքի» ֆունկցիան իրեն հրամցվածը սպառելն ու հանուն գլոբալ շահերի զոհվելն է:

Վրաստանի ժողովրդի մեծամասնությունը չի ուզում տեղավորվել այդ բանաձևի մեջ: Դրա համար էլ քննադատվում են Վրաստանի իշխանությունները, որոնք չեն ուզում համաշխարհային հակառուսական ինտերնացիոնալին ծառայել ու առաջնորդվել նեոտրոցկիստական կարգախոսով, չեն ուզում պերմանենտ հեղափոխությունների «ռասխոդնի մատերիալ» դառնալ: Դրա համար էլ այնտեղի ընտրությունների վերաբերյալ բացասաբար են արտահայտվում եվրաչինովնիկներն ու ամերիկյան ֆունկցիոներները՝ չշտապելով շնորհավորել Իվանիշվիլուն: Ի դեպ, համընդհանուր քննադատության են ենթարկվում նաև համաշխարհային հակաիրանական ինտերնացիոնալին չմիացողները: Հակառուսականությունն ու հակաիրանականությունն այդպիսով դարձել են «ժողովրդավարության» լիցենզիա ստանալու նախապայմաններ:

Արևմուտքի երկակի ստանդարտներն աչք են ծակում: Օրինակ՝ Ժոզեպ Բորելը դրական է գնահատում Մոլդովայում տեղի ունեցած նախագահական ընտրություններն այն դեպքում, երբ այնտեղ ավտորիտար ռեժիմ է և ընտրությունները գործնականում անցել են առանց հիմնական ընդդիմադիր թեկնածուի մասնակցության, իսկ ԵՄ-ի հետ կապված հանրաքվեն զոռով են անցկացրել: Փոխարենը նա խնդրահարույց է համարում Վրաստանի ընտրությունները:

Նույնը մեկ այլ եվրաչինովնիկ Շարլ Միշելի մասով կարելի է ասել: Նա Վրաստանի ընտրություններում մարդու իրավունքների խախտումներ է նկատում: Եվ դա այն դեպքում, երբ նույն Միշելը չնկատելու տվեց Արցախում մարդու իրավունքների խախտումները, որոնք դրսևորվեցին էթնիկ զտումների տեսքով:

Վրաստանի իշխանությունը քննադատվում է Արևմուտքի կողմից, քանզի Իվանիշվիլին ու իր թիմը պայքարել են հանուն Վրաստանի անկախության և ինքնիշխանության՝ չցանկանալով երկրորդ Ուկրաինայի վերածվել:

Վրաստանի ընտրությունների ընթացքին հետևել է շուրջ 22.000 դիտորդ, չեն արձանագրվել լուրջ խախտումներ, բայց Արևմուտքը քննադատում է վրաց ժողովրդի ընտրությունը՝ բացահայտորեն ցույց տալով, որ ԵՄ-ի «կոնֆետը» վրացիներին հրամցրել են վերջիններիս որպես մանրադրամ օգտագործելու համար: Ու երբ վրաց ժողովուրդն իր հավաքական կամքով չի համաձայնել այդ դերին, արժանացել է քննադատության:

Այս ամենը ցույց է տալիս, որ դասական ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանել «Կոլեկտիվ» Արևմուտքից: Վերջինիս համար ժողովրդավարության այլասերումը, գեդոնիզմը դարձել են գերակա արժեքներ:

Բոլորը հիմա տեսնում են, որ մարդու իրավունքների պաշտպանության մասին բարձր գոռացողների համար մարդը տաշեղ է, որը պետք է դեն նետվի, երբ խնդիր է դրված հատել անտառը: «Նպատակն արդարացնում է միջոցները» տխրահռչակ կարգախոսը դրսևորվում է կատարյալ ցինիկ ձևով: Դրան զոհ են դառնում ուկրաինացիները, վրացիները, հայերը, մոլդովացիները և բոլոր նրանք, ում «Կոլեկտիվ» Արևմուտքն ուզում է օգտագործել:

Հայաստանը ևս հայտնվել է օգտագործվողների շարքում: Հետևանքները տեսանելի են:

Սա նեոռասիզմ է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ գեբելսյան քարոզչամեքենան կկատարելագործվի և կկիրառվի ֆաշիզմը մերժող Արևմուտքի որոշ շրջանակների կողմից: Ջորջ Օրուելը հաստատ չէր կարող պատկերացնել, որ իր «Անասնաֆերմայում» կամ «1984»-ում նկարագրածը շատ մեղմ է լինելու մեր օրերի համեմատ կամ դրսևորվելու է ամենագռեհիկ ձևով:

Այս ողբերգական պատմության մեջ միակ լուսավոր կողմն այն է, որ բուն Արևմուտքում էլ են ընդվզում նմանատիպ քաղաքականության դեմ: ԱՄՆ-ում, ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները, ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ Արիստոտելի, Լոկի, Մոնտեսքյուի, Ռասելի հայացքները պաշտպանողներ կան և ամեն ինչ կորած չէ:

Այս խորագրի վերջին նյութերը