Կարծիք

05.11.2024 14:32


Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա

Պուտին-Էրդողան արտաքուստ լավ հարաբերությունների ֆոնին վերջին օրերին շատերին զարմացրեցին Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի քննադատական խոսքերն՝ ուղված Անկարային:

«...թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և քաղաքացիական անձանց սպանելու համար...»,- նշեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը՝ թուրքական Hurriyet թերթին տված իր ընդարձակ հարցազրույցում:

Խոսելով ուկրաինական հարցով Թուրքիայի կողմից հնարավոր միջնորդական առաքելության մասին՝ Լավրովը շատ չոր էր պատասխանել.

«...Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորումից՝ բանակցությունների միջոցով: Սակայն խոսք չի եղել ժամանակավոր զինադադարի մասին, որը թույլ կտար թշնամուն վերազինվել ու վերախմբավորվել՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օգնությամբ։ Պայմանները բազմիցս հնչել են նախարարների, քաղաքական գործիչների և Ռուսաստանի նախագահի կողմից։ Պետք է աշխատել ոչ թե հետևանքների, այլ այն պատճառների վրա, որոնք հանգեցրել են հակամարտության...»,- նշել էր նա:

Լավրովի այս սուր քննադատական խոսքն՝ ուղված Անկարային, պետք է բացատրել նաև օրեր առաջ ուկրաինական Օդեսա քաղաքի ռմբակոծությամբ:

Ռուսական բանակը, ուժեղ հարվածներ էր հասցրել Օդեսայի ռազմական օբյեկտներին և տարածաշրջանի նավահանգստային ենթակառուցվածքին։ Հարձակումը տևել էր երկու օր:

Ինչպես հայտնի է, թուրքական ռազմարդյունաբերական համալիրը, Եվրամիության «խաղաղության հիմնադրամի» կենտրոնի հաշվին, զենքի, զրահատեխնիկայի, արկերի և առաջին գծի էլեկտրոնիկայի բեռներ է վաճառում Ուկրաինային՝ համատեղելով դա համազգեստի, զինամթերքի և ...խաղաղության նախաձեռնությունների հետ: Եվ ահա, այդ ռմբակոծությունների արդյունքում, թուրքական բեռները ոչնչացվել էին: Սակայն, ըստ ռուսական աղբյուրների, թուրքական այդ սպառազինության 60%-ը ցամաքային միջանցքներով է անցնում դեպի Ուկրաինա:

Հենց այս մասին էլ զգուշացնում են ռուսական շրջանակները: Էրդողանը մի կողմից զենք է մատակարարում Կիևին, միաժամանակ ուզում է միջնորդական առաքելությամբ հանդես գալ, ինչն, ըստ Լավրովի ճիշտ մոտեցում չէ:

Արևմտյան փորձագետների տվյալներով՝ Օդեսայի նավահանգստի վերջին ռմբակոծության արդյունքում շարքից դուրս են եկել, ավելի քան 22 նավ, որոնցից մի քանիսը, բեռներով լցված, հայտնվել են Սև ծովի հատակին և, պարզվում է, խորտակվել է նաև Թուրքիայից բերված սպառազինության մեծ խմբաքանակ:

Չնայած ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր Թուրքիան հրաժարվել է միանալ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին և բանավոր հավատարիմ է մնում չեզոքության քաղաքականությանը, Անկարան շարունակում է զենք մատակարարել Կիևին։ Այսպես, Reuters-ի փոխանցմամբ՝, այս տարվա փետրվարին, թուրքական «Բայկար» պաշտպանական ընկերությունը հիմք է դրել Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձանում գտնվող գործարանին, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար կարտադրվեն TB2 և TB3 անօդաչու սարքեր։ Բացի այդ, Ուկրաինային մատակարարվել են ավելի քան հարյուր հատ «Կիրպի» զրահամեքենա, հրետանային արկեր, այդ թվում՝ կասետային արկեր, կառուցվում են բազմաֆունկցիոնալ կորվետներ։

Ռուս փորձագետների կարծիքով, ռուս-թուրքական հարաբերությունների սառեցումը պատահական բնույթ չունի:

Եվ Լավրովի խոսքերը այստեղ նույնպես պատահական չէին:

Դրա ապացույցը մեկ այլ ռուս պաշտոնյաի՝ Պատրուշևի խոսքերն էին, որ նա արտահայտել է վերջերս, Ղրիմում, խորհրդակցության ժամանակ:

Ըստ Պատրուշևի՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ծրագրում են օգտագործել եվրոպական ներքին ջրային ուղիները ռազմական նպատակներով՝ Սև ծով մուտք գործելու համար:

Խոսքը, մասնավորապես, Մոնտրոյի կոնվենցիայով սահմանված Սև ծովի նեղուցների ռեժիմի փոփոխության մասին է:

Ըստ Պատրուշևի՝ Վաշինգտոնն այսօր դիտարկում է Թուրքիան որպես գլխավոր դաշնակից Սևծովյան ավազանում, Միջին Արևելքում և Կովկասում:

Ըստ նրա՝ Վաշինգտոնում արդեն մշակվել է առանձին, այսպես կոչված՝ Սեւծովյան ռազմավարությունը, որում առաջատար դերը վերապահված է Անկարային։

Հենց այս պատճառով էլ Մոսկվայում հարցեր են առաջ եկել Անկարային:

Որպես նոր ռազմավարության մաս, ԱՄՆ-ն կենտրոնացել է սևծովյան պետությունների հակաօդային պաշտպանության և հետախուզական կարողությունների ուժեղացման վրա։ Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի մասին է։

Բացի այդ, հայտարարվել է ռազմական նախագծերին աջակցելու, ինչպես նաև՝ հավելյալ հականավային, հակասուզանավային և էլեկտրոնային համակարգերի տեղակայման մասին Սևծովյան տարածաշրջանում՝ ԱՄՆ-ի կողմից։

Բոլոր այս ծրագրերում, ըստ Պատրուշևի, ԱՄՆ-ում առաջնային դերակատարումը հատկացրել են Թուրքիային:

Մոսկվայի կարծիքով, ԱՄՆ-ն որոշել է բավարարել Էրդողանի կայսերական ամբիցիաները, հաշվի առնելով, որ ուկրաինական ճակատում սպասում է խոշորամաշտաբ պարտություն, որպեսզի, գոնե այս տարածաշրջանում, նա ստանա առավելություն:

Պուտինի համար Էրդողանի այս պահվածքն առանձնապես վիրավորական է. նշում են ռուս փորձագետները, քանի որ 2016-ի հեղաշրջման փորձի ընթացքում, հենց Մոսկվան վճռականորեն աջակցեց Էրդողանին, մինչդեռ Վաշինգտոնին շահավետ էր զարգացումների այլ սցենար:

Հետո, 2023-ի նախագահական ընտրություններում, Էրդողանին կրկին աջակցեց Պուտինը, երբ Կրեմլը հստակ խաղադրույք կատարեց Էրդողանի, ինչպես նաև նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) վրա: Մոսկվան Անկարային 20 միլիարդ դոլար տրամադրեց «Աքքույու» ատոմակայանի կառուցման համար, ինչպես նաև 2022 թվականին մատակարարված բնական գազի համար վճարումների հետաձգմանը համաձայնվեց (մոտ 20 միլիարդ դոլար):

Այս ամենից հետո, Պուտինը չստացավ Էրդողանից որևէ գործնական աջակցություն, նշում են ռուս փորձագետները:

Ավելին, Անկարան վերջերս «հիշեցրեց», որ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորումը կարող է լինել, բացառապես 1991 թվականի սահմանների վերադարձի պայմաններում, ինչը փաստացի նշանակում է սուր հակադրություն Մոսկվայի հետ:

Հիշեցնենք, որ նույնիսկ Թրամփի թիմակիցներն են խոստովանում, որ Ուկրաինան չի կարող ավարտել այս պատերազմը, առանց տարածքային կորստի, եվրոպական շատ լիդերներ համանման տեսակետներ են հայտնում կուլիսներում, իսկ ահա Անկարան փաստացի կրկնում է Կիևի հիմնավորումները, որ առանց 1991թվականի սահմանների վերադարձի, խաղաղությունը չի հաստատվի:

Սա կարող է նշանակել մեկ բան. Արևմուտքը, զգալով իր պարտությունը ուկրաինական ճակատում, փորձում է նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ արդեն Թուրքիայի դերակատարմամբ:

Այսօր դժվար է կանխատեսել՝ կհամաձայնի այդ դերին Էրդողանը: Թուրքական հանրությունը դրան պատրաստ չէ, սակայն այս իրավիճակում Էրդողանը կարող է քաղաքական առևտրի մեջ մտնելով դիրքային առավելություններ ստանալ, թե՛ Մոսկվայից, և թե՛ Վաշինգտոնից:

Ո՞ր ոլորտներում նրան դա կհաջողվի, այսօր դեռ վաղ է խոսել: Պարզ է մեկ բան. այդ ոլորտներից ամենաթույլ օղակը Հայաստանն է, քանի որ գտնվում է փլուզված վիճակում, ղեկավարվում է պարտված գործչի կողմից և ունի ոչ այնքան ազնիվ և սեփական երկրին նվիրված քաղաքական վերնախավ: Իսկ այդ ժամանակաշրջանում, սովորաբար, բոլոր քաղաքական առևտուրները լինում են հենց այդ ժողովուրդների հաշվին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը