Կարծիք

07.11.2024 13:46


Փաշինյանը գիտեր Թուրքիայի նախապայմանների մասին, սակայն օգնություն խնդրեց Էրդողանից (տեսանյութ)

Փաշինյանը գիտեր Թուրքիայի նախապայմանների մասին, սակայն օգնություն խնդրեց Էրդողանից (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ, իբր ձեռք բերված պայմանավորվածություններին՝ առանց նախապայմանների հաստատել հարաբերություններ, չնայած իշխանությունների այդ խնդիրը քողարկելու բոլոր փորձերին, Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը կապել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Իսկ ավելի կոնկրետ՝ երկու պետությունների միջև «խաղաղության» պայմանագրի ստորագրման հետ:

Այսպես, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության» պայմանագրի ստորագրումից հետո: «Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան»,-ասել է Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը:

Ավելի ուղիղ հայտարարություն այն մասին, որ Անկարան փոխկապակցված է համարում երկու գործընթացները (հայ-ադրբեջանական և հայ-թուրքական) դժվար է պատկերացնել: Այս կապակցությամբ պետք է հիշել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՀՀ Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ արած վերջին հայտարարությունը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Միրզոյանը հայտարարել է, որ «Թուրքիան որոշակիորեն կապում է այս գործընթացը (Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը) Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ»: Նկատեցիք «որոշակիորեն» ձևակերպումը։ Թուրքիան անմիջականորեն կապում է այս երկու գործընթացները։ Եվ դրա հերքումն, առնվազն, մանիպուլյացիա է:

Արդարության համար պետք է նշել, որ Թուրքիայի նման մոտեցումը նորություն չէ։ Անկարան ոչ միայն մեկ, երկու կամ երեք տարի առաջ էր այս դիրքորոշմանը, այլև միշտ, այդ թվում՝ այն ժամանակ, երբ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում էր Թուրքիայի ներկա արտաքին քաղաքական ռազմավարության գլխավոր ճարտարապետներից մեկը՝ Ահմեթ Դավութօղլուն։

ԱՄՆ-ում գտնվող «Թուրքական տան» հյուրը՝ Նիկոլ Փաշինյանը, չէր կարող դա չիմանալ։ Ավելին, մեզ մոտ չկան փաստեր, որոնք կհերքեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում օգնություն խնդրելիս՝ Փաշինյանը տեղեկացված չէր Անկարայի այս դիրքորոշման մասին, ինչն, իր հերթին, նշանակում է, որ նա գիտակցված քայլ է կատարել՝ ներգրավելով Անկարային հայ-ադրբեջանական գործընթացում՝ որպես միջնորդ, հասկանալով այս քաղաքական ակտի գինը։

Ֆիդանի հայտարարությունը իրական քաղաքական գործընթացի շրջանակներում նշանակում է, որ Անկարան Բաքվի պահանջների կատարման մեջ տեսնում է «երկու երկրների հարաբերությունների կարգավորման» բանալին, ինչպես նաև նշանակում է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի բոլոր պահանջներին Հայաստանի նկատմամբ: Այլ կերպ ասած՝ Էրդողանն, ինչպես Իլհամ Ալիևը, պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ, ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան, հայաստանյան հանքարդյունաբերական ընկերությունների աշխատանքի սահմանափակումներ, ՀԱԷԿ-ի փակումը և այլն։

Վերջիվերջո, կարող ենք արձանագրել, որ իր քաղաքականությամբ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «Արցախը բանակցային սեղան չբերեց», այլև հնարավորինս միավորեց Անկարայի և Բաքվի դիրքորոշումները Հայաստանի Հանրապետության դեմ:

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը