Հարցազրույց

02.12.2011 12:58


Գառնիկ Մարգարյան.

Գառնիկ Մարգարյան.

Հարցազրույց «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Գառնիկ Մարգարյանի հետ

–Իշխանության, իսկ մեծ հաշվով՝ Սերժ Սարգսյանի հետ երկխոսության հարցում ՀԱԿ–ում կոնսենսուս կար։ Համենայնդեպս, ՀԱԿ–ից այն մարդիկ, ովքեր էլ որ դեմ էին այդ երկխոսությանը, իրենց կարծիքը չէին շտապում բացահայտ արտահայտել։ Իսկ այժմ, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» նպատակի շրջանակներում հնարավոր տեսավ «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցությունը, ՀԱԿ–ում կոնսենսուս չկա։ Ավելին՝ ՀԱԿ այդ անդամները չեն վարանում իրենց բացասական կարծիքը հայտնել։ Ի՞նչն է պատճառը։

–Սերժ Սարգսյանի հետ երկխոսության վերաբերյալ մենք ունեցել ենք մեր կուսակցության մոտեցումը։ Մեր կուսակցության քաղխորհրդում նախօրոք այդ հարցը քննարկվել է, և այնտեղ ես ասել եմ մեր հստակ դիրքորոշումը, որ այս ռեժիմի կամ այս ռեժիմի ներկայացուցչի հետ միամտորեն գնալ երկխոսության և սպասել որևիցե դրական արդյունքի, առնվազն միամտություն է։ Բայց քանի որ մյուս կուսակցությունների մեծ մասը կողմ էին և գտնում էին, որ արժե երկխոսել, մենք լռեցինք կամ այսպես համաձայնեցինք, որ դա տեղի ունենա։ Պարզապես, քանի դեռ այս ռեժիմը կա, սպասել, որ կգնանք ինչ–որ դրական արդյունքի, անհնարին է, որովհետև իշխանությունը բռնազավթված է, որովհետև ոչ լեգիտիմ ռեժիմ է, իշխանությունն անցել է, իրավաբանորեն ասած՝ մի քանի հանցագործների, իսկ մեղմ ասած՝ «քաղաքական գործիչների»։ Դրանք այսպես կոչված օլիգարխներն են, առանձին նախարարներն են և այլն։ Նրանք չեն զիջի։

–Ինչո՞ւ, նժարին շատ բա՞ն է դրված։

–Նրանք պատասխանատվության խնդիր ունեն։ Կա հայնտի 1999թ. հոկտեմբերի 27, որը մինչ օրս բացահայտված չէ, կան դրան հաջորդած դեպքեր՝ 2004թ. ամսի 13–ի դեպքերը, երբ կրակեցին ժողովրդի վրա, վերջապես կան մարտի 1–ը և անմեղ զոհերը, ու մեղավորները բացահայտված չեն։ Սա հարցի մի՛ կողմն է։ Մյուս կողմն էլ տնտեսականն է։ Երկիրը թալանվում է։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան կոչեցյալը հանքեր է ձեռք բերում, Երևան քաղաքում՝ հյուրանոցներ, մեծ բիզնես, 10–յակ բնակարաններ և այլն։ Որտեղի՞ց այդ ամենը։

–Այդ ամենը կարելի է ասել նաև Սերժ Սարգսյանի մասին, բայց նրա հետ ՀԱԿ–ը երկխոսում էր։

–Ասեմ, որ այսպիսի ռեժիմի առկայության դեպքում սպասել, որ կգնան երկխոսության և կոմպրոմիսի, այսինքն՝ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ հրաժարական է տալու, որ ցրելու է խորհրդարանը, չի՛ լինի։ Քանի դեռ իրենք կան, այդպիսի բան սպասել չի կարելի։ Ու եղավ այն, ինչ–որ եղավ։ Եվ ես այդ մասին քաղխորհրդի նիստերից մեկում, երբ արդեն երկխոսության դադարեցման հարցն էր քննարկվում, ասացի՝ տեսաք, որ եկաք մեր կարծիքին՝ ռեժիմի հետ գնալ երկխոսության չի կարելի։ Սա ա՛յդ իշխանությունը չէ։

–Իսկ ԲՀԿ–ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ համամի՞տ եք։

–Դա քաղաքական գնահատական է, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանը լա՛վ է տրապետում քաղաքական մոտեցումներին, նյուանսներին։ Այդ համագործակցությամբ կարելի ստանալ ինչ–որ բան։ ԲՀԿ նախագահի, նրա սխալների և այլնի մասին տրված են գնահատականներ, բայց քաղաքական դաշտում, երբ այդպիսի տեսակն արդեն հայտարարում է ռեժիմի գործունեությանը ոչ մասնակից լինելու մասին, ապա ինչ–որ մի փուլում հնարավոր է նրա հետ քայլել, գնալ երկխոսության, ինչու չէ՝ կատարել քաղաքական գործողություններ։ Կարծում եմ, որ սա ճիշտ հաշվարկ է Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից և չպետք է շահարկել։ Կա մի հայտնի ասացվածք՝ այս ընթացքում անգամ սատանայի հետ էլ հանուն հաղթանակի կարելի է գնալ երկխոսության և գործունեության։

–Ասում եք, որ իշխանության հետ երկխոսության շրջանում թեև համամիտ չեք եղել այդ գաղափարի հետ, բայց միտումնավոր լռել եք։ Իսկ հիմա ինչո՞ւ չեն լռում ՀԱԿ–ի այն մարդիկ, ովքեր համամիտ չեն ԲՀԿ–ի հետ համագործակցելու Տեր–Պետրոսյանի վերլուծությանը։ Ինչո՞ւ չեն զլանում՝ օրնիբուն իրենց մամուլով քննադատում և անգամ Լևոն Տեր–Պետրոսյանին են սկսել քարկոծել։

Գիտեք, քաղաքականությունում դիլետանտները համարվում են... շատ կոպիտ բառ կա, չեմ ուզում օգտագործել։ Իսկ ես դեռ վաղուց՝ 1993թ., զբաղվել եմ քաղաքականությամբ, և իմ փորձն ասում է՝ քաղաքականությունը գիտությունների գիտություն է, և հաղթում է կամ երկրին, ժողովրդին ժողովրդավարություն, սոցալական այլ լուծումներ է մատուցում այն ուժը, որը կարողանում է նուրբ օգտագործել էլեմենտները։ «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցությունը էլէմենտ է, որ պետք է ժամանակավորապես օգտագործել։ Իսկ նրանք, ովքեր քննադատում են, կարճատեսություն է կամ միամտություն։

–Խոսքը նաև Լևոն Տեր–Պետրոսյանին այս հարցում քննադատող ՀԱԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչների և համակիրների՞ մասին է։

–Առաջին հերթին՝ ՀԱԿ–ի։ Իսկ նրանք, ովքեր ՀԱԿ–ից դուրս են, բնականաբար հասկանում են, որ այս հարցի կոնտեքստում հետևյալն է՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից և միանա ռադիկալ ընդդիմությանը՝ Կոնգրեսին, որն այս վերջին 4 տարիներին շատ փայլուն աշխատեց, ուրեմն իշխանական բուրգը փլուզվելու է, իրենց ռեսուրս չի՛ մնալու վերարտադրվելու։ Նրանք սա շատ լավ գիտակցում են, և դրա համար են այդ բոլոր խոսակցությունները կամ բացասական գնահատականները, որն ընդունելի չէ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը