Աշխարհ

29.11.2024 17:00


Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որի համար վճարել էր 6,2 միլիոն դոլար (տեսանյութ)

Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որի համար վճարել էր 6,2 միլիոն դոլար (տեսանյութ)

Կրիպտո ձեռներեց Ջասթին Սունը կատարել է խոստումը և կերել իր ձեռք բերած արվեստի գործը՝ կպչուն ժապավենով պատին փակցված բանանը, որի համար վճարել էր 6,2 միլիոն դոլար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Barron’s պարբերականը հաղորդում է, որ Հոնկոնգի ամենաթանկ հյուրանոցներից մեկում Սունը տասնյակ լրագրողների և ինֆլուենսերների ներկայությամբ կերել է բանանը՝ մինչ այդ իր ելույթում արվեստի այդ գործն անվանելով «նշանավոր» և զուգահեռներ անցկացնելով կոնցեպտուալ արվեստի և կրիպտոարժույթի միջև:

«Սա շատ ավելի լավն է, քան մյուս բանանները»,-ասել է Սունը բանանը կծելուց հետո։

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի ստեղծած կոնցեպտուալ ստեղծագործությունը, որը կրում է «Կատակերգու» անվանումը, վաճառվել էր նոյեմբերի 21-ին Նյու Յորքի Sotheby's աճուրդում։

Սունի խոսքով՝ շահելուց հետո առաջին տասը վայրկյանների ընթացքում ինքը չի հավատացել տեղի ունեցածին, որից հետո հասկացել է, որ «սա կարող է մեծ բան դառնալ»: Դրան հաջորդող տասը վայրկյանների ընթացքում նա որոշել է, որ կուտի բանանը։

«Մամուլի ասուլիսի ժամանակ այն ուտելը նույնպես կարող է դառնալ արվեստի գործի պատմության մի մասը»,-ասել է նա՝ նոյեմբերի 29-ին ուտելով բանանը։

«Կատակերգու»-ի դեբյուտը կայացել է Մայամի Բիչում 2019 թվականին․ այն լուրջ հակասություններ էր առաջացրել և հարցեր բարձրացրել՝ արդյոք դա պետք է համարվի արվեստի գործ։ 5 տարի առաջ արծաթագույն կպչուն ժապավենով պատին փակցված բանանը վաճառվել էր 120 000 դոլարով։

Այս խորագրի վերջին նյութերը