Կարծիք

02.12.2024 14:42


Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ)

Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ)

Արդեն չորրորդ օրն է, ինչ չեն դադարում զինված բախումները Թբիլիսիի փողոցներում:

Հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում սկսվեց քաղաքական ճգնաժամ, ինչը սպասելի էր: Քանզի Արևմուտքը չէր պատրաստվում համակերպվել այդ ընտրության արդյունքների հետ:

Սակայն ընդդիմության գործողությունները լուրջ հեռանկար չէին խոստանում, քանի որ հանրության առնվազն կեսը դեմ էր Արևմուտքի ծրագրերին՝ Վրաստանը դարձնելու «երկրորդ Ուկրաինա»:

Ավելին, վրաց հասարակության մեծամասնությունը հասկանում էր, որ երկրի անդամակցությունը ԵՄ-ին լավագույն դեպքում հեռահար գաղափար է, իսկ ահա Վրաստանի ներքաշվելը ռուս-ուկրաինական պատերազմի մեջ՝ դրանից բխող հետևանքներով, իրական և ոչ հեռու ապագա:

Ահա թե ինչու վրացիների մեծ մասը չէր աջակցում ընդդիմության քայլերին:

Սույն հանգամանքը խիստ մտահոգում էր արևմտյան շրջանակներին, քանզի վերջիններս հասկանում էին, որ կորցնելով Վրաստանը, նրանք կարող են կորցնել ողջ տարածաշրջանը, և Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինան կարող է միայնակ մնալ:

Ահա թե ինչու Արևմուտքը որոշեց կտրուկ սրել իրավիճակը և օրեր առաջ, նոյեմբերի 28-ին Եվրախորհրդարանը ոչ լեգիտիմ ճանաչեց անցած վրացական ընտրությունները և կոչ արեց անցկացնել նոր ընտրություններ:

ԵՄ-ի այս ծայր աստիճան կոշտ և կոպիտ որոշումը ստիպեց վրաց իշխանությանը պատասխան քայլն անել և, դրա արդյունքում, նույն օրը Վրաստանի վարչապետը հայտարարեց խորհրդարանում, որ իր երկիրը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները մինչև 2028 թվականը:

Հենց այդ օրվանից էլ Թբիլիսիի փողոցներում սկսվեցին ընդդիմության ներկայացուցիչների բախումները ոստիկանության հետ:

Երկու օր անց, ԱՄՆ-ի պետդեպը նոյեմբերի 30-ին հայտարարեց Վրաստանի հետ 2008 թվականի ռազմավարական գործընկերության խարտիայի դադարեցման մասին, այն հիմնավորմամբ, թե իբր, իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու վերաբերյալ, հակասում է հանրապետության Սահմանադրությանը, որի 78-րդ հոդվածում ասվում է. «Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար»։

Սակայն, ի տարբերություն ԵՄ-ի, ամերիկացիների որոշման մեջ կար նաև երկխոսության հնարավորություն Իվանիշվիլիի թիմի համար: Վաշինգտոնը հասկացրեց, որ իրենք կարող են վերանայել իրենց որոշումը, եթե Իրակլի Կոբախիձեի կառավարությունը «վերադառնա եվրատլանտյան ուղի», հետաքննի խորհրդարանական ընտրությունների ժամանակ խախտումները և չեղարկի «հակաժողովրդավարական օրենքները»՝ «Թափանցիկության մասին». օտարերկրյա ազդեցություն» և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին»:

Այլ կերպ ասած՝ ամերիկացիները, ի տարբերություն եվրոպացիների, չէին պահանջում նոր ընտրություններ, ոչ լեգիտիմ չէին հայտարարում անցած ընտրությունները, քանի որ չէին ուզում ամբողջովին խզել կապերը Իվանիշվիլու թիմի հետ՝ տեղ թողնելով քաղաքական առևտրի համար:

Իր հերթին, Իվանիշվիլու թիմը չի էլ թաքցնում, որ պատրաստ է նման առևտրի, սակայն հաջորդ տարվա հունվարի 20-ից հետո, երբ Սպիտակ տուն վերադառնա Դոնալդ Թրամփը:

Ավելին, Կոբախիձեն հայտարարեց, որ անուղղակի բանակցություններն արդեն սկսվել են Թրամփի վարչակազմի հետ, և շատերը համոզված են, որ այս հարցում միջնորդի դերում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է, ով ճանաչեց վրացական ընտրությունների լեգիտիմությունը և իր աջակցությունը ցույց տվեց Կոբախիձեի կառավարությանը:

Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ արևմտյան շրջանակները շտապեցնում են իրենց վրացի «գործակալ-գործնկերներին», որպեսզի նրանք օր առաջ կարողանան նոր «Մայդանի» կազմակերպման միջոցով հեռանել Իվանիշվիլու թիմին իշխանությունից:

Արդեն գործի է դրվել ուկրաինական «Մայդանի» գրեթե ողջ գործիկակազմը, փողոցային բախումներով, կրակոցներով և մնացած բոլոր փողոցային քայլերի զինանոցով:

Սակայն կա մի հանգամանք, որը գործում է Արևմուտքի դեմ:

Ուկրաինական «Մայդանի» ժամանակ շարքային ուկրաինացիները անկեղծորեն համոզված էին, որ կարճ ժամանակահատվածում նրանք կհայտնվեին ԵՄ-ի կազմում, այլ ոչ թե՝ կդառնան Արևմուտքի «մանրադրամը»՝ ընդդեմ Ռուսաստանի:

Արդյունքում, նրանց երազանքները փլուզվեցին և ստացան պատերազմ, տնտեսության քայքայում և մեծ զոհեր:

Իսկ ԵՄ-ի հեռանկարը այդպես էլ մնաց հեռանկար:

Այդ ամենը տեսանելի է բոլոր հետխորհրդային ժողովուրդներին, և ուկրաինացիների փորձը ոչ ոք չի ուզում կրկնել, և այդ շարքում վրացիները բացառություն չեն կազմում, ինչքան էլ որ արևմտյան գրանտները կարողանում են Թբիլիսիի փողոցներում անկարգություններ հրահրել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Իրավիճակի վերաբերյալ լրացուցիչ մանրամասնություններ՝ «Միր» հեռուստաընկերության ռեպորտաժում։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը