Կարծիք

05.12.2024 16:01


Ի՞նչ հետևություն կանի Փաշինյանը կորեական «Նիկոլի» արկածախնդրությունից

Ի՞նչ հետևություն կանի Փաշինյանը կորեական «Նիկոլի» արկածախնդրությունից

Երկու օր է, ինչ ողջ աշխարհը վերլուծում է, թե ինչ կատարվեց Հարավային Կորեայում:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ այդ երկրի նախագահն անսպասելիորեն հայտարարեց, որ «երկրում, ժամանակավորապես, հաստատում է ռազմական դրություն, կասեցնում է օրենսդիր մարմնի, բոլոր քաղաքական ուժերի և մամուլի միջոցների գործնեությունը», որպեսզի ինչ-որ ժամանակ հետո անցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը, որպես իր այս որոշման հիմնավորում նշեց, թե իբր ընդիմությունը, փաստացի գործարքի մեջ է մտել Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ և ուզում է երկրում քաղաքական հեղաշրջում իրականացնել:

Սկզբում Յուն Սեոկ Յոլի այս հայտարարությունը բանակի կողմից կարծես լուրջ ընկալվեց և, բանակային որոշ ստորաբաժանումներ նույնիսկ փորձեցին շրջափակել երկրի օրենսդիր մարմնի շենքը, սակայն պատգամավորներին հաջողվեց հավաքվել խորհրդարանում և չեղյալ հայտարարել նախագահի այս որոշումները:

Ավելին, պարզվում է, որ Կորեայի նախագահը, նման որոշումը կայացնելիս, նույնիսկ սեփական թիմակիցների հետ չէր խորհրդակցել:

Դրա պատճառով էլ նախագահի որոշման դեմ քվեարկեց խորհրդարանում նույնիսկ իր թիմակիցներից մի մասը:

Ինչևիցե, Կորեայում բարեբախտաբար հերթական ռազմական հեղաշրջման փորձը ձախողվեց4 և խորհրդարանը վաղը, կամ մյուս օրը կդնի նախագահի հեռացման հարցը և, ամենայն հավանականությամբ, հաջողության կհասնի:

Այսօր արդեն պարզ է դարձել, որ Կորեայի նախագահի այս որոշումը կրել է էմոցիոնալ բնույթ:

Բանն այն է, որ խորհրդարանը արդեն պատրաստվում էր քննել նրա կոռուպցիոն գործերը, իսկ երբ հայտնի է դարձել, որ ընդդիմությունը որոշել էր զբաղվել նաև նախագահի կնոջ չարաշահումների հարցով, Յուն Սեոկ Յոլի նյարդերը չեն դիմացել, և նա գնացել է այդ քայլին:

Քաղաքական տեսանկյունից նա կատարել է քաղաքական ինքնասպանություն, քանզի պարզ էր, որ այսօրվա Հարավային Կորեան 80 -ական թվականների երկիրը չէ, և ոչ ոք թույլ չէր տա, որ երկրի ղեկավարը, փորձելով պաշտպանել իր չարաշահումները, գնար դիկտատուրայի հաստատման:

Սակայն ակնհայտ է նաև, որ երբ մարդը հայտնվում է անելանելի վիճակում, նա սկսում է փրփուրներից կախվել: Կորեայի նախագահի հետ հենց դա կատարվեց:

Սակայն վերջնարդյունքը լինում է տխուր, քանզի 21-րդ դարում ոչ ոք չի կարող ժողովուրդի կամքի դեմ գնալ, եթե մարդկանց մեծամասնությունը մերժում է դա:

Կորեայի նախագահի քաղաքական ուղու այս անփառունակ ավարտը պիտի որ հետաքրքրի Նիկոլ Փաշինյանին, ով գալիք ընտրություններին, նույնպես մտմտում է այնպիսի օրենքներ ընդունել, որպեսզի կարողանա ցանկացած ընտրության ելքի պայմաններում պահպանել իր իշխանությունը:

Բնության մեջ այդպիսի ելքեր չկան, սակայն երբ գործիչը փորձի գնալ բնության օրենքների դեմ, ապա կարող է էլ ավելի ծանր վիճակի մեջ հայտնվել:

Դրա վառ ապացույցը, Կորեայի այս վերջին զարգացումներն են: Եթե նախկին ղեկավարներից շատերին մեղադրում էին կոռուպցիոն գործարքների մեջ լինելու համար, ապա ներկայիս նախագահին, բացի կոռուպցիայից կարող են մեղադրանք առաջադրել նաև պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար, որի արդյունքում երկրի ներկայիս ղեկավարը կարող է նույնիսկ մահապատժի ենթարկվել:

Հենց այս խնդրի կապակցությամբ է, որ արժե, որ Փաշինյանը դասեր քաղի ներկայիս կոեական պատմությունից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը