Հարցազրույց

07.12.2024 12:45


Երկու աթոռի վրա նստելը ոչ մեկին չի օգնել. Չիժովը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին (տեսանյութ)

Երկու աթոռի վրա նստելը ոչ մեկին չի օգնել. Չիժովը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին (տեսանյութ)

ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Չիժովը Ռաս Էլ Խայմեում (ԱՄԷ) ընթացող Վերոնայի 17-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Alpha News-ին մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ:

-Ինչպե՞ս էին Ռուսաստանում ընկալում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի մասին։

-Գիտեք, ես անձամբ որոշ տարակուսանքով եմ ընկալել այս հաղորդագրությունները, թեև առաջին անգամը չէ, որ նման բան է ասվում, բայց նաև մեծ ափսոսանքով, քանի որ Ռուսաստանը և Հայաստանը, ՀԱՊԿ երկրները և Հայաստանը սերտորեն կապված են և, ինչպես մենք շարունակում ենք կարծել, բարեկամության և համագործակցության ամուր կապերով: Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության նման որոշման պատճառն անտրամաբանական է։ Քանի որ, գիտեք, ես բավականին երկար ժամանակ զբաղվում էի եվրոպական անվտանգության խնդիրներով, երբ այն դեռ գոյություն ուներ (Վլադիմիր Չիժովը ԵՄ- ում ՌԴ մշտական ներկայացուցիչն էր-խմբ.)։ Եվ ես հիշում եմ, թե ինչպես են բազմիցս փորձեր եղել ՀԱՊԿ-ը կապել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Բայց ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը միավորում է դաշնակից երկրներին՝ դիմակայելու արտաքին ագրեսիային։

Այն, ինչ տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղում, որը Հայաստանի մաս չէր կազմում, ճիշտ է, և Երևանում դա նույնպես հրապարակավ ընդունում էին, փորձ էր արվում, այսպես ասած, ՀԱՊԿ-ի հաշվին ԼՂ խնդիրը լուծել հայկական կողմի շահերից ելնելով, ինչն անտրամաբանական էր և շանսեր, իհարկե, չուներ։ Եվ հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ես շատ լավ հիշում եմ Պրահայի այն միջադեպը, երբ փաստացի հայկական ղեկավարությունը, ըստ էության, հրաժարվեց Ղարաբաղից։

Բայց Հայաստանի ղեկավարությունը և անձամբ Փաշինյանն իրենց դիրքորոշումը պատճառաբանեցին ոչ թե ՀԱՊԿ-ի դիրքորոշմամբ Ղարաբաղի հարցում, այլ նրանով, որ երբ 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից հարձակում եղավ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, ՀԱՊԿ-ը չարձագանքեց այնպես, ինչպես պետք է լիներ…

-Պարոն Փաշինյանը դիմե՞լ է ՀԱՊԿ-ի օգնությանը:

Հայաստանի իշխանությունները և նրանց աջակցող ուժերը կարծում են, որ Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից հեռու մնալը կօգնի ստանալ Արևմուտքի աջակցությունը Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է դա իրատեսական՝ հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի համար առկա սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանից և Թուրքիայից։

Այո՛, ես հետևել եմ հետխորհրդային մի շարք երկրների, որոնք կարծում էին, թե որքան իրենք (ավելի ուժեղ) հայտարարեն Ռուսաստանից իրենց հեռավորության մասին, որքան իրենց տեսնեն Ռուսաստանից առանձին, այնքան Արևմուտքն ավելի մոտ կլինի նրանց։ Սա ոչ մի երկրի համար չի աշխատել: Նույնիսկ հետխորհրդային այն երկրների հետ, որոնք ընդգրկված են արևմտյան կառույցներում։ Ես նկատի ունեմ Մերձբալթյան երկրները։

Հայաստանի իշխանությունները կարծում են, որ կարելի է հեռու մնալ Ռուսաստանից անվտանգության և քաղաքական ոլորտներում, բայց միևնույն ժամանակ շահավետ հարաբերություններ պահպանել տնտեսական ոլորտում: Հաշվի առնելով ռուսական և միջազգային իրողությունները՝ որքանո՞վ են արդարացված նման սպասումները։

Կարծում եմ՝ այդ սպասումները տրամաբանական, ամուր հիմք չունեն։ Այնուամենայնիվ, ինչպես ասում են՝ երկու աթոռի վրա նստելը ոչ ոքի չի օգնել։

Այս խորագրի վերջին նյութերը