Քաղաքական

17.12.2024 17:21


Ի՞նչ ուղիով է ուզում զարգացնել ներկայիս Սիրիան Էրդողանը, ով դարձել է այդ երկրի իրական տիրակալը

Ի՞նչ ուղիով է ուզում զարգացնել ներկայիս Սիրիան Էրդողանը, ով դարձել է այդ երկրի իրական տիրակալը

Այն, որ ներկայիս Սիրիայի իրական տիրակալն է դարձել Էրդողանը, այսօր գրեթե ոչ ոք չի թաքցնում:

Երեկ Թրամփը դրա մասին անկեղծ խոստովանեց: Նախկինում այդ մասին հայտարարեց նաև Իրանի հոգևոր առաջնորդը: Թեև վերջինս, ինչպես այդ երկրին բնորոշ է, մեղադրեց նաև ԱՄՆ-ին և Իսրայելին:

Մինչդեռ, արդեն բացեիբաց, Սիրիան սկսում են կառավարել թուրքերը:

Էրդողանն իր վերջին ելույթներից մեկում քողարկված ձևով տարածքային պահանջներով էր հանդես գալիս Սիրիայի նկատմամբ:

Փաստացի կարող ենք արձանագրել, որ վերջին 8 տարիների բանակցային եռանկյունում՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան, Սիրիայի հարցով Անկարան կարողացավ մոլորության մեջ մտցնել իր մյուս գործնկերներին և դրա արդյունքում կարողացավ իր պրոքսի ուժերի միջոցով գրավել այդ երկիրը:

Իհարկե, այս հարցում մեղքի իր մեծ բաժինն ունեն նաև Ռուսաստանն ու Իրանը:

Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Ի՞նչ է ստացել Էրդողանը՝ գրավելով Սիրիան

Առաջին.

Փաստացի Թուրքիան ստացել է լեգալ հնարավորություն՝ ոչնչացնել քրդական ինքնավարությունը և խաղից դուրս բերել ԱՄՆ-ին այդ երկրից:

Երկրորդ.

Սիրիայից հետո Էրդողանը փորձելու է իր ազդեցությունը էապես մեծացնել նաև Լիբանանի վրա:

Երրորդ.

Ռուսական ռազմաբազաների խնդրի լուծումով Էրդողանը էլ ավելի մեծ կախվածության մեջ կդնի Ռուսաստանին իրենից:

Չորրորդ.

Չեզոքացնելով Իրանի ազդեցությունը Սիրիայում՝ Թուրքիան իրենից կախվածության մեջ կդնի Իսրայելին:

Հինգերորդ.

Սիրիական նոր կարգերը հաստատելով՝ Էրդողանը կփորձի մեծացնել իր ազդեցությունը նաև մյուս արաբական երկրների վերնախավերի վրա:

Եգիպտոսի նախագահն արդեն սկսել է ցուցադրել այդ շահագրվածությունը: Իսկ եթե մեկ այլ արաբական երկրում էլ Էրդողանը կարողանա իշխանափոխություն իրականացնել, ապա նա կարող է հայտ ներկայացնել ողջ արաբական աշխարի վրա տիրելու համար:

Վեցերորդ.

Քաթարից դեպի Սիրիայով և Թուրքիայով նոր գաղամուղի կառուցմամբ՝ Էրդողանը էապես կբարձրացնի նաև իր ազդեցությունը ԵՄ-ում:

Մանավանդ, որ Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունների խզումը դժվար թե մոտ ժամանակներում վերականգնվի:

Փաստացի կարող ենք արձանագրել, որ միայն մեկ երկիր գրավելով, Էրդողանը կարողացավ իր ազդեցությունը մեծացնել միանգամից տարբեր ուղություններով:

Նույնիսկ, ավանդաբար, հակաթուրքական տրամադրություններ ունեցող Հայաստանում է Էրդողանը կարողացել իր ազդեցությունը մեծացնել՝ հենվելով Նիկոլ Փաշինյանի վրա:

Ահա թե ինչ է նշանակում, ունենալ խելացի արտաքին քաղաքականություն, որ նույնիսկ առանց մեծ պատերազմների, կարողանում է իր երկրին մեծ քաղաքական օգուտներ բերել:

Պետք է կարողանալ գնահատել հակառակորդի քայլերը, որպեսզի հնարավոր լինի խուսափել վտանգներից:

Իսկ այն, որ այդ վտանգները Հայաստանի մասով էապես մեծացել են, ակներև է:

Պարզապես պիտի սթափ գնահատել իրավիճակը և փորձել ադեկվատ հետևություններ կատարել:

Եթե չկարողանանք փոխել Փաշինյանի իշխանությունը, ապա անխուսափելիորեն կհայտնվենք Սիրիայի օրը, բայց առանց անվտանգության երաշխիքների՝ բնակչության համար:

Մյուս կողմից, Փաշինյանին փոխելուց հետո պիտի ունենանք ադեկվատ իշխանություն, որը կկարողանա իրատեսության հիման վրա կառուցել քաղաքականություն, որն էլ կդառնա Հայաստանի անվտանգ զարգացման երաշխիքը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբհուրը` Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը