Քաղաքական

20.12.2024 13:07


«Կարմիր գծերի» համար 160․000 վճարած քաղաքացիները կարող են դատի տալ քաղաքապետարանին

«Կարմիր գծերի» համար 160․000 վճարած քաղաքացիները կարող են դատի տալ քաղաքապետարանին

ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և 2024 թվականի հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել։

Խոսքը «կարմիր գծերի» մասին է, որոնց վճարը 1 տարվա համար նախկին 12․000 դրամից Ավինյանի ղեկավարած կառույցը դարձրեց 160․000 դրամ։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը թեմայի վերաբերյալ շտապեց 2 տեղեկություն հայտնել երևանցիներին։

«1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։

2. Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»,-գրել է նա։

Նշենք, որ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն էր բողոքարկել կարմիր գծերի թանկացման որոշումը։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը նշեց, որ քաղաքային իշխանության կայացրած ապօրինի որոշման դեմ հայցադիմումը դատարան են ներկայացրել 2024 թվականի փետրվարին։ Մոտ 1 տարի ձգվելուց հետո դատարանը իրենց հայցը մասնակի բավարարել է․

«Սկզբում գնացել էր գրավոր ընթացակարգ, բայց քանի որ գործը հանրային հնչեղություն ունի, սոցիալական կարևոր հանգամանքներ ունի, փոխեցին բանավոր քննության։

Սկզբում քաղաքապետարանը որպես պատասխանող նշանակել էր իրենց իրավաբանական վարչության աշխատողին, բայց դատարանը պարտադրեց, որ քաղաքային իշխանությունից ներկայացուցիչ գա․ Սուրեն Գրիգորյանը ներկայացավ։

Դատը ավարտվեց, հիմա վճիռն այն է, որ մասնակի բավարարվել է մեր հայցադիմումը։ Դա իրենից ենթադրում է, որ ավագանու՝ «կարմիր գծերը» թանկացնելու որոշումն անվավեր է ճանաչվել։

Միակ բանը, որ հայցն ամբողջովին չի բավարարվել, այլ մասնակի, դա այն է, որ քաղաքապետարանի հավաքագրած գումարները չվերադարձվի քաղաքացիներին, որպեսզի պետությունը չտուժի»։

Խոսքը 1․5 միլիարդ դրամից ավելի գումարի մասին է, որը երևանցիները վճարել են միայն 2024-ի առաջին 8 ամիսներին․

«2023 թվականին՝ 12 ամսվա ընթացքում, քաղաքային իշխանությունը հավաքագրել էր 922 միլիոն դրամ, իսկ 2024-ի առաջին 8 ամսվա ընթացքում արդեն հավաքագրվել էր 1․5 միլիարդ դրամ, չհաշված՝ տուգաննքները և մյուս 4 ամիսները։

Փաստացի իրավիճակը հետևյակն է, անկախ նրանից այդ գումարը կվերադարձվի քաղաքացիներին, թե ոչ, դատարանն արդեն ստույգ ասում է, որ անվավեր է այդ որոշումը։ Հիմնավորման մեջ ընկած է 2 բան՝

1-ին, որ նման տեսակի տուրքեր սահմանելիս տուրքի մաթեմատիկական կորիզը պետք է լինի ծախսերը, այսինքն՝ պետք է հաշվես տվյալ ծառայությունը մատուցելիս ինչ ծախսեր ես ունենում և հենց այդ ծախսերի թվից բխելով, գաս դրույքաչափերին։

2-րդ, ավագանին՝ քաղաքային իշխանությունը, իրավունք չունի որևէ դրույքաչափ բարձրացնել այս կամ այն փողոցը կամ վարչական շրջանը բեռնաթափելու նպատակով»։

Հարցին՝ թեև ի պատասխան Ձեր հայցադիմումի՝ դատարանը նշել է, որ քաղաքացիների կողմից վճարված գումարները վերադարձման ենթակա չեն, բայց արդյոք քաղաքացիները կարո՞ղ են առանձին-առանձին հայցադիմում ներկայացնել դատարան ընդդեմ քաղաքապետարանի և պահանջել իրենց գումարը, ավագանու անդամը պատասխանեց։

«Այն, որ դատարանը հիմա չտվեց վճիռ, որով պետությունը կպարտավորվեր վերադարձնել այն բոլոր 160․000 դրամները, որոնք վճարվել են, չի նշանակում, որ մարդիկ իրավունք չունեն օգտագործելով մեր վճիռը, մտնել դատարան և պահանջել գումարի փոխհատուցում»,-եզրափակեց Սամվել Հակոբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը