Քաղաքական

24.12.2024 12:20


ՔՊԿ-ն տապալվել է անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, ձախողվել է քաղաքային մակարդակում (տեսանյութ)

ՔՊԿ-ն տապալվել է անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, ձախողվել է քաղաքային մակարդակում (տեսանյութ)

«Մայր Հայաստան» խմբակցությունը պայքարել ու պայքարելու է քաղաքացու շահերը պաշտպանելու համար: Լինի դա տրանսպորտի թանկացում կամ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գների կտրուկ աճ: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

«Տրանսպորտային բարեփոխման տակ այս իշխանությունները հասկանում են միայն թանկացումներ: Այս պահին բարեփոխում ասածն իրենց կատարմամբ թղթե տոմսակների պատուհաս դառնալն է քաղաքացիների գլխին, երբ տոմսը սահմանափակ օրերով է և «վառվում» է, երբ այն չես կարողանում օգտագործել, օրինակ՝ երբ պարզվում է, որ տեղ չկա ավտոբուսում: Փորձում եք մի համակարգ թանկացնել, որտեղ առկա են բազմատեսակ խնդիրներ և թերություններ, չկա տրանսպորտային համակարգ, չկա արժանապատիվ ուղևորափոխադրում: Փոխարենը ունենք 1 ոտքի վրա կանգնած կամ իրար գիրկ նստած ուղևորներ, ժամանակացույցի բացակայություն, վճարման համակարգերի հաճախակի խափանումներ, Թել-Սելի վատ գործարկում, որի արդյուքնում շատ դեպքեր ունենք, որ Թել-Սելով վճարում կատարելիս գումարները գանձվում են, բայց ուղևորատոմս չի ստացվում: Սա էլ թալանի մեկ այլ գործիքակազմ է։

ՔՊԿ-ն ժողովրդին անհանգստություն և մտահոգություն տալուց բացի որևէ կերպ չփորձեց թեթևացնել նրա կենցաղը: «Մայր Հայաստանը» պայքարում է կարմիր կետագծերի թանկացման դեմ, ունեցանք ցանկալի արդյունք՝ դատարանի որոշում: ՔՊ-ի և իրեն կցվածների բերած թանկացումը դատարանում ճանաչվեց ոչ իրավաչափ։ Սակայն, այս իշխանության համար ամեն ինչ միևնույնն է, ոչինչ հաշվի չի առնվում: Կրկին քննարկվում է կարմիր գծերի նախագիծը ու էլի նույն ոչ իրավաչափ հիմնավորմամբ և նույն թանկ գներով: Ասում էին, թե, իբր, կենտրոնը բեռնաթափելու համար է թանկացումը, բայց իրականությունն այլ է, արդյունքներն այլ են: Քաղաքը բեռնաթափելու համար անհրաժեշտ է ավտոկայանատեղիների կառուցում: ՔՊԿ-ն 2025թ․ բյուջեով չի նախատեսել նման բան:

Կարող ենք կատարել մեր հետևությունը, և պնդել, որ քաղաքային իշխանությունը զբաղված է ոչ թե քաղաքացու կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելով, այլ սեփական բիզնես շահերը պաշտպանելով: Այս իշխանությունը Երևանի համար որևէ հիմնախնդիր դեռևս վերջնական չի լուծել: Փոխարենը առաջացել են նորերը: Քաղաքային իշխանությունը ՔՊԿ վերնախավի անբաժանելի մասն է, և ինչպես ՔՊԿ-ն տապալվել է անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, այդ նույն կերպ ձախողվել է քաղաքային մակարդակում: Ամփոփելով այս ամենը, նկատենք, որ դուք ստանձնել եք Երևանի կառավարումը, ինչի հետևանքով մեր հասարակության գլխին բերել և բերում եք միայն թանկացումներ և անհարմարություն: Այլ բանի դուք ունակ չեք»,-նշել է Արշակ Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը