Քաղաքական

24.12.2024 18:55


Չի՛ կարելի քաղաքացիներին թալանի մատերիալ սարքել․ Աննա Ավետիսյան (տեսանյութ)

Չի՛ կարելի քաղաքացիներին թալանի մատերիալ սարքել․ Աննա Ավետիսյան (տեսանյութ)

Ավելի քան երկու ամիս առաջ Տիգրան Ավինյանի տրված հանձնարարականը ոչ մի կերպ չի կատարվում: Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը։

«Նորք-Մարաշ վարչական շրջանի 121 մանկապարտեզի շենքի հարցը այդպես էլ չի լուծվում։ Տրանսպորտ ու կարմիր կետագիծ եք թանկացնում ու ամբողջ խմբակցությունով արդարացնում, որ մանկապարտեզներ ենք սարքում այդ գումարներով, սակայն պատրաստի մանկապարտեզը կա, ընդամենը պետք է շենքի մի հատվածը, որը ավելի քան 4 տարի ուղղակի փակ է, վերադարձնել մանկապարտեզին և 26 երեխայի, ովքեր հերթի մեջ սպասում են, հնարավորություն տալ հաճախել մանկապարտեզ։ Միգուցե այստեղ գումարներ վերցնելու հարց չկա ու դրա համա՞ր այս խնդիրը չի լուծվում: Ի՞նչն է իրականում խնդիրը: Պարզաբանում կա՞:

Հավելեմ, որ մեր քաղաքում կան մանկապարտեզների լքված շենքեր, որոնք կարելի է օգտագործել և բազում երեխաների հնարավորություն տալ հաճախել մանկապարտեզ, բայց այդ տարածքները հիմա ծառայում են որպես աղբավայրեր, օրինակ՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածի 2-րդ մանկապարտեզի շենքն ու տարածքը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Վերոնիկա» մանկապարտեզի շենքն ու տարածքը... Վստահ եմ՝ այլ վարչական շրջաններում ևս կգտնվեն նման հաստատություններ։

Մյուս խնդիրը։ Կրկին անրադառնամ Էրեբունի-Երևանի տոնակատարությունների համար ստեղծված երգերին։ Քաղաքային բյուջեից միլիոնները դուրս գրվեցին, բա ո՞ւր են արդյունքները: Ո՞ւր է 20 մլն արժեցած Քրիստ Մանարյանի հեղինակած «Իմ հիասքանչ Երևան» երգը, որը պետք է այս տարվա հիթերից մեկը լիներ արդեն: Տարին ավարտվում է, բայց ոչ այս երգը, ոչ էլ 50 մլն արժեցած 15 սիրված երգերը՝ նոր ձայնագրություններով, այդպես էլ չլսեցինք։

Ձեզ մոտ շատ լավ է ստացվում բյուջեից անիմաստ գումարներ ծախսելը և այդ գումարները, այսպես ասած, «քաղաքացիների ջանից» հանելու համար ոչ իրավաչափ, ձախողված որոշումներ հնարելը, այնքան ձախողված, որ ոչ միայն բարոյական առումով տեղին չէ, այլ նաև օրենքի շրջանակում էլ արդարացում չեն ունենում ձեր անցկացրած նախագծերը:

Վառ օրինակն օրեր առաջ կարմիր կետագծերի թանկացման դեմ հայցով «Մայր Հայաստան» խմբակցությանը դատարանում պարտվելն է: Դատարանը վճռեց, որ կարմիր կետագծերի ձեր որոշումն անվավեր է: Վստահ եմ, չեղարկաման էստաֆետը կփոխանցվի տրանսպորտի թանկացմանը, քանի դեռ դուք խելքի չեք եկել ու չեք հասկացել, որ չի՛ կարելի քաղաքացիներին թալանի մատերիալ սարքել: Նման վարքագծով դուք չեք կարող կառավարել քաղաքը և չունեք անհրաժեշտ լեգիտիմություն: Նոր ընտրություններից էլ վախենում եք: Սա՛ է այսօրվա պատկերը»,-նշել է Աննա Ավետիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը