Մեկնաբանություն

05.12.2011 18:53


«Միասնական Ռուսաստանի» անհաջողությունը լուրջ ազդանշան է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար

«Միասնական Ռուսաստանի» անհաջողությունը լուրջ ազդանշան է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար

Եվ այսպես, շատերի համար անսպասելիորեն ռուսաստանյան ընտրություններում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը հավաքեց մոտ 50 % ձայն: Հիշեցնենք, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ ուժը հավաքել էր մոտ 65 % ձայն:

Անսպասելիորեն շատ էին Կոմկուսի ձայները`մոտ 20 %:  Մինչդեռ 4 տարի առաջ Կոմկուսը ստացել էր 11,57 %:

Շատ դիտորդներ կասկած էին հայտնում, որ այս ընտրություններում «Արդար Ռուսաստան» կուսակցությունն ընդհանրապես խորհրդարան կանցնի: Մանավանդ, որ նրա ղեկավար Սերգեյ Միրոնովին այս տարվա մայիսիննվաստացնելով հանեցին խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնից:

«Արդար Ռուսաստանը» այս ընթացքում ցույց տվեց տպավորիչ արդյունք` ավելի քան 13 % չորս տարի առաջվա 7.74 %- դիմաց:

Կարելի է ասել, որ «Արդար Ռուսաստանը» այս ընտրություններում գրեթե կրկնապատկեց իր ձայները:

Եվ վերջապես, չորրորդ տեղում հայտնվեց Ժիրինովսկու կուսակցությունը` մոտ 12 % արդյունքով: Չորս տարի առաջ այդ ուժը հավաքել էր 8,14 %: Այսպիսով, այս ընտրությունները լուրջ ազդանշան էին Պուտինի և Մեդվեդևի համար, որ երկրում մեծացել է դժգոհությունը այս տանդեմի նկատմամբ:

Ռուսաստանյան շատ դիտորդներ նկատում են, որ այս ամենն ունի մի քանի պատճառ:

Պատճառ առաջին

Միջազգային ֆինանսական ճգնաժամը իր ազդեցությունը ունեցավ Ռուսաստանի բնակչության տրամադրությունների վրա:

Պատճառ երկրորդ

«Միացյալ Ռուսաստանը» գնաց ընտրությունների նախագահ Մեդվեդևի դեմքով, նա գլխավորում էր նախընտրական ցուցակը և այս ցուցադրական ժեստը Պուտինի կողմից վերջինիս վրա շատ թանկ նստեց: Քանզի, ինչպես հայտնի է, Մեդվեդևը Ռուսաստանում պոպուլյար դեմք չէ:

Պատճառ երրորդ

Պուտին – Մեդվեդև հարաբերությունների անորոշությունը վերջին ժամանակաշրջանում լրջորեն ազդեց իշխող ուժի վարկանիշի վրա:

Պատճառ չորրորդ

Պուտինն ու Մեդվեդևը շատ ուշ հաստատեցին իրենց միասնության մասին, և տրոհված պետական մեքենան շատ տեղերում չկարողացավ միասնաբար աշխատել:

Պատճառ հինգերորդ

Պուտինը վերջին 3-4 տարիների ընթացքում իշխանությունից չէր հեռացել, և ռուսաստանցիների կենսամակարդակի վատթարացումը ազդեց նաև Պուտինի վարկանիշի վրա:

Ի՞նչ եզրակացություն կարելի է անել ընտրության այսպիսի արդյունքներից

Եզրակացություն առաջին

Ռուսաստանցիները հոգնել են Պուտինյան ժամանակաշրջանի կայունությունից և ցանկանում ենփոփոխություններ: Սակայն ինչ փոփոխություններ, դեռ իրենք էլ չգիտեն:

Եզրակացություն երկրորդ

Ռուսաստանցիները «հոգնել են» Պուտինց, սակայն «նոր դեմք» դեռ չեն տեսնում, որ կարող էր փոխարինել նրան:

Եզրակացություն երրորդ

Կասկածի տակ կդրվի Մեդվեդևի հետագա ճակատագիրը, քանզի, մարդիկ հասկացրին Պուտինին, որ ժամանակն է «շատախոս և դատարկախոս» մարդկանց հեռացնել թատերաբեմից, քանզի այս իրավիճակում նրանք ավելի շատ գրգռիչ, քան` հանգստացնող դեր են կատարում այդ երկրի քաղաքացիների համար:

Եզրակացություն չորրորդ

Պուտինը գրեթե առաջին անգամ պետք է գնա կոալիցիոն կառավարության ձևավորմանը և լուրջ հետևություն անի իր կառավարման պրակտիկայից: Եվ եթե նա այդ հետևությունը չանի, ապա 4 տարի անց կհայտնվի Քադաֆիի կամ Մուբարաքի վիճակում:

Ի՞նչ ազդանշան էր այս ամենը` Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար

Ռուսաստանի իշխող ուժի անհաջողությունն առաջին հերթին լուրջ ազդանշան պետք է լինի էլ ավելի տրոհված ու քանդված ՀՀԿ-ի համար: Գալիք ընտրություններում ՀՀԿ-ն պետք է ակնկալի ոչ թե 35, այլ` լավագույն դեպքում` 20 – 25 %: Ավել ձայները իրատեսական չեն լինի և կբերեն լուրջ հետընտրական ցնցումների` Սերժ Սարգսյանի համար` անհայտ արդյունքով:

Ռուսաստանի օրինակը ցույց տվեց, որ Մեդվեդևի տիպի գործիչները, որոնք միգուցե «դրական են» ընկալվումարտերկրում, իրենց դատարկությամբ էլ ավելի գրգռիչ դեր են խաղում երկրի ներսում` հասարակության համար:  Մեր «Մեդվեդևը»` Տիգրան Սարգսյանն է, և այս անձնավորության դերը հասարակական ընկալման մեջ  նույնպես գրգռիչ է լինելու և դա երևալու է հենց մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում տնտեսական անկումը կազմեց երկնիշ թիվ` 14.4 %, ինչը կտրուկ նվազեցրեց մարդկանց կենսամակարդակը, և հետևանքն էլ իշխող ուժի համար նույնպես կտրուկ է լինելու:

Արտակ Հակոբյան

Հոդվածը տպագրվել է zham.am լրատվավերլուծական կայքէջում

Այս խորագրի վերջին նյութերը