Տնտեսական

26.12.2024 11:28


7-ժամյա աշխատանքային օրը ՀՀ տնտեսության անկման ֆոնին նախընտրական պոպուլիզմ է. փորձագետ

7-ժամյա աշխատանքային օրը ՀՀ տնտեսության անկման ֆոնին նախընտրական պոպուլիզմ է. փորձագետ

7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու նախաձեռնությունը պետք է դիտարկել Հայաստանի գործող իշխանությունների՝ հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աղասի Թավադյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով 7 ժամ օրական 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ, 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։

«Տնտեսական հստակ հիմնավորման բացակայության պայմաններում և տնտեսության անկման ակնհայտ նշանների ֆոնին 7-ժամյա աշխատանքային օրվա մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան պոպուլիստական նախընտրական քայլ՝ հանուն «քաղաքական միավորների»։ Նման նախաձեռնությունների շարքին կարելի է դասել անհույս պարտապանների համար վերջերս ընդունված համաներման մասին օրենքը, քանի որ այն նաև նախընտրական պոպուլիզմի տարրեր է պարունակում՝ առանց հասկանալի տնտեսական հաշվարկների»,-կարծում է փորձագետը։

Թավադյանի դիտարկմամբ՝ կառավարության նախագծում ընդհանուր բառերով խոսվում է տնտեսության վրա 7-ժամյա աշխատանքային օրվա բարերար ազդեցության մասին, սակայն ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչպես է կանոնակարգվելու ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող քաղաքացիների աշխատանքը, օրինակ՝ երբ 24-ժամյա հերթապահությանը հաջորդում է 2 օր հանգստյան օր։

Բացի այդ, եթե ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչները կարող են ինչպես 7 ժամ աշխատել, այնպես էլ նույնիսկ ընդհանրապես չգնալ աշխատավայր և հեռակա աշխատել, ապա ինչ պիտի անեն այն մարդիկ, որոնց մասնագիտությունը պարտադիր ներկայություն է պահանջում։ Օրինակ՝ բժիշկների դեպքում միանգամից 2 խնդիր կա՝ նրանք ունենում են հերթապահություն և պետք է մշտապես ներկա լինեն աշխատավայրում։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա, Թավադյանի խոսքով, մի շարք ցուցանիշներ վկայում են այն մասին, որ այն այնքան էլ լավ վիճակում չէ։ Վերցնենք թեկուզ արտահանումը Հայաստանի համար հիմնական արտաքին առևտրային ուղղություններով՝ ԵԱՏՄ և ԵՄ։

«Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17 տոկոսով, իսկ դեպի ԵՄ՝ 25 տոկոսով։ Նաև բավականին կրճատվել են մեր բյուջեի եկամուտները։ Օրինակ` բյուջեի հարկային մուտքերը 9 ամսվա ընթացքում նախատեսվածից կայուն 8 տոկոսով ցածր են եղել։ Նման բան վերջին 20 տարում չէր եղել։ Եվ դա այն դեպքում, երբ հարկերը անընդհատ բարձրանում են։ Այս պայմաններում 7-ժամյա աշխատանքային օրը կարող է ավելորդ բեռ դառնալ տնտեսվարողների համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամանորին ընդառաջ նա անդրադարձավ աշխատանքային գրաֆիկին վերաբերող ևս մեկ թեմայի: Բանն այն է, որ Հայաստանում ընդամենը 2 տոնական օր կա՝ հունվարի 1-ը և 2-ը։ Այսինքն՝ Ամանորի և Սուրբ ծննդի միջև աշխատանքային օրեր են «խցկվում»։ Փորձագետի խոսքով` այս որոշումը տարակուսանք է առաջացնում, քանի որ նույն Արևմուտքում, որին այդքան սիրում են հղում անել ՀՀ իշխանությունները, երկարատև արձակուրդներ են նախատեսված Ծննդյան տոների և Ամանորի միջև։

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում միջին արտադրողականությունը կազմում է ժամում 6,8 դոլար: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այն կազմում է 11,7 դոլար, Եվրամիությունում՝ միջինը 42,7 դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը