Քաղաքական

27.12.2024 14:51


Ինքնաթիռի վթարի պատճառով կարո՞ղ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջ գալ լարվածություն

Ինքնաթիռի վթարի պատճառով կարո՞ղ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջ գալ լարվածություն

Ինչպես հայտնի է, Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը անսպասելիորեն փոխեց իր ուղին դեպի ղազախան Ակտաու քաղաքի օդանավակայան և վերջում վթարի ենթարկվեց, որի հետևանքով զոհվեցին տասնյակ քաղաքացիներ:

Ինքնաթիռի վթարի պատճառների շուրջ սկսվեցին քննարկումներ, որոնք շատ արագ դարձան սպեկուլյացիների առարկա:

Միանգամից, զգալով, որ այս հարցում կարելի կլինի որսալ քաղաքական շահ, մի շարք արևմտյան կենտրոններ սկսեցին տարածել այն վարկածը, թե իբր ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռի կողմից:

Ներկայացնենք ընդամենը այդ վարկածի շուրջ տեղեկատվական աղմուկի չափը, որպեսզի հասկանալի դառնա, թե՝ ով ինչ է հետապնդելու այս խնդրի շուրջ:

Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական հրթիռով. Այս մասին հայտնում է Euronews-ը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարության աղբյուրին։

Ըստ Euronews-ի Ադրբեջանի կառավարական աղբյուրների համաձայն՝ Գրոզնիի երկնքում անօդաչու թռչող սարքի գործողությունների ժամանակ ցամաքային հրթիռ է արձակվել օդանավի վրա, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմի անդամներին՝ պայթելով ինքնաթիռի մոտ թռիչքի կեսին։

Ադրբեջանի կառավարության աղբյուրները նաև հայտնել են հեռուստաալիքին, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում, չնայած օդաչուների՝ արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին, և նրան հրամայվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաուի ուղղությամբ։

Ադրբեջանական Caliber տեղեկատվական-վերլուծական պորտալը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հայտնում է, որ հետաքննության նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Ավելին, ռադիոմիջամտություն ստեղծող էլեկտրոնային հակազդեցության համակարգերի կիրառման արդյունքում «ռուսական կողմն ամբողջությամբ կաթվածահար է արել ադրբեջանական ինքնաթիռի կապի համակարգը», գրում է Caliber-ը։

Ադրբեջանական այս լրատվական պորտալի վարկածին միացան նաև արևմտյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

The Times. Ֆյուզելյաժի անցքերը ցույց են տալիս, որ ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսների կողմից:

«Անադոլու» գործակալություն. Ադրբեջանական պաշտոնյաները հաստատում են այն պնդումները, որ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի պատճառով։

The Financial Times. Ռուսական հակաօդային կրակը կարող է Ղազախստանում ավիավթարի պատճառ հանդիսանալ Սուրբ Ծննդյան օրը, հայտնում են ամերիկյան և տարածաշրջանային իշխանությունները:

Ադրբեջանական մարդատար ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով, հայտարարել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։

ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալլան ցավակցություն է հայտնել Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ և կոչ է արել «ամբողջական հետաքննել» վթարը:

Իսկ ինչպիսի՞ն է Ռուսաստանի արձագանքը

Ոչ մի պաշտոնական արձագանք: Նույնիսկ ոչ պաշտոնական ԶԼՄ-ներն են լռում:

Սակայն ռուսական փորձագիտական շրջանակները փորձում են հակադարձել վերը նշված վարկածին՝ բերելով հետևյալ հիմնավորումները,-

  1. Օդանավակայանը չի կարող մերժել վթարային վայրէջք կատարող օդանավի վայրէջքը:
  2. Վայրէջքի որոշումը կայացնում է անձնակազմի հրամանատարը։ Նա է որոշում, թե որ այլընտրանքային օդանավակայան պետք է գնա: Եվ, եթե եղել է արգելք Ռոստովի և Գրոզնիի օդանավակայաններից, նշանակում է՝ օբյեկտիվ պատճառներ են եղել դրա համար, կապված, օրինակ, եղանակային պայմանների հետ:
  3. Չեչենները հակաօդային պաշտպանություն չունեն. ՀՕՊ բոլոր համակարգերն այժմ գտնվում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Այդ իմասով մեղադրանքների սլաքն ուղել Քադիրովի ուղությամբ, ուղակի ծիծաղելի է:
  4. GPS-ն արդեն 3 տարի «անջատված է», ավելի ճիշտ՝ խցանված է Ռուսաստանի և Ուկրաինայի էլեկտրոնային պատերազմի համակարգերով ամբողջ Ռուսաստանի հարավում։ Ավիացիայի և հրթիռային վտանգի պահերին էլեկտրոնային պատերազմի հզորությունը մեծանում է։ GPS-ը ուղղման միջոցներից է, ոչ թե նավիգացիայի։ Ինքնաթիռները առանց դրա թռչում են արդեն տասնյակ տարիներ։
  5. Ինքնաթիռը սկսել է կորցնել վերահսկողությունը ծովի վրա, դա հաստատում են ուղևորների կողմից արված տեսանյութերը, այսինքն՝ մինչև որոշակի պահ այն նորմալ կառավարվում էր։ Ամենայն հավանականությամբ, դա էր պատճառը, որ հրամանատարը որոշեց հետևել Ակտաուին:

Ղազախստանի իրավապահ մարմինները հայտնել են, որ Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման վայրում երկու թռիչքի ինքնագրիչներ են հայտնաբերել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի Մանգիստաու շրջանի տրանսպորտի դատախազ Աբիլայբեկ Օրդաբաեւը։ Նրա խոսքով՝ սև արկղերը կտեղափոխվեն օդային վթարների հետաքննության վարչություն՝ հետագա վերլուծության համար.

Ինչո՞ւ է առաջացել լարվածություն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև այս խնդրի պատճառով

Ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանն ու Ղազախստանն առաջարկ են ներկայացրել ԱՊՀ Միջազգային ավիացիոն կոմիտեին հետաքննել միջադեպը, ինչը տրամաբանական առաջարկ է:

Սակայն Ադրբեջանը մերժել է այս առաջարկը։ Պաշտոնական Բաքուն պահանջում է միջադեպի հետաքննություն անցկացնել միջազգային փորձագետների խմբի և Embraer-ի մասնագետների կողմից։ Ադրբեջանը կարծում է, որ այս խումբը նույնպես պետք է վերծանի սև արկղը։

Հայտնի է դարձել նաեւ, որ Ադրբեջանը մտադիր չէ ընդունել Չեչնիայից որեւէ օգնություն։ Չեչնիայի իշխանությունները երեկ հայտարարեցին, որ հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի հանձնարարությամբ պատրաստ են ֆինանսական և այլ օգնություն ցուցաբերել Բաքվից Գրոզնի թռչող AZAL ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների և վիրավորների բոլոր ընտանիքներին։

Ադրբեջանն իր հերթին պնդում է, ճանաչելով փաստը, ներողություն խնդրելով և վճարելով համապատասխան փոխհատուցում։

Ինչպիսի հանգուցալուծում կունենա այս խնդիրը, այսօր դժվար է գուշակել:

Հետաքրքիրն այն է, որ Իլհամ Ալիևը այս խնդրից փորձում է քաղել մաքսիմալ քաղաքական դիվիդենտ, ցույց տալով, որ կարող է ձեռնոց նետել նույնիսկ Պուտինին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը