Քաղաքական

09.01.2025 22:20


ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ նախագիծը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում. Օվերչուկ

ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, ՀՀ նախագիծը երկրին ընտրության առաջ է կանգնեցնում. Օվերչուկ

Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին կանգնեցնում է ընտրության առաջ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հայտնել էինք, որ հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկել խորհրդարան:

«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու ասոցիացիաներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ պահի կհամախմբվեն՝ անհնար է։ Այդ պատճառով Հայաստանի Հանրապետությունում քննարկվող «Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծն ՀՀ-ին ընտրության առաջ է կանգնեցնում»,-պարզաբանել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի հետ Երևանի հարաբերությունների խզման դեպքում Հայաստանում կբարձրանան էներգիայի և պարենի գները, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի 80 %-ով:

«Այսպիսով, սովորական մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը և կսկսեն թանկ վճարել ամենաանհրաժեշտ բաների համար։ Փոխարենը նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան եվրոպական երկրների հետ առանց վիզայի ռեժիմ, իսկ բուն Հայաստանը՝ բնակչության թվաքանակի կրճատում։ Այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնց բախվում Է Եվրամիությունը, ԵՄ-ին անդամակցությունը կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ»,-կարծում է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետի տեսանկյունից, եթե օրինագծի մշակողները ազնիվ լինեին ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրների նկատմամբ, ապա կարող էին նախագիծը միանգամից լրացնել Միությունից Երևանի դուրս գալու մասին հոդվածով:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը