Քաղաքական

29.01.2025 09:54


Թրամփի վարչակազմն Աննա Հակոբյանին չի ֆինանսավորի, եվրոպական երկրները՝ նույնպես

Թրամփի վարչակազմն Աննա Հակոբյանին չի ֆինանսավորի, եվրոպական երկրները՝ նույնպես

Թրամփի վարչակազմն արմատապես փոխում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ռազմավարությունը, որը օգնություն է տրամադրում այլ երկրներին։ Այս համատեքստում ԱՄՆ նախագահը 90 օրով դադարեցրել է արտաքին օգնության բոլոր ծրագրերը՝ պարզելու համար, թե որքանով են դրանք համապատասխանում իր վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը նշեց՝ Թրամփի այս որոշումը սպասելի էր, քանի որ նա նման մտադրություն էր հայտնել իր երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում։ Նա հիշեցնում է, որ Թրամփը 2 օր առաջ Նևադա նահանգում հանդիպել է իր ընտրողների հետ ու կրկնել այդ թեզերը.

«Ամեն ինչ շատ պարզ է. այն Միացյալ Նահանգները, որը կար Բայդենի ժամանակ, սպասարկում էր գլոբալիզմը և ձախ լիբերալ գաղափարները. գենդերային խնդիրներ, ինչ-որ արժեքային համակարգի վրա հիմնված այլ երկրների ներքին գործերին խառնվել, գունավոր հեղափոխություններ կազմակերպել։ Նշեմ նաև կրոնական ազատությունները, այսինքն՝ որոշակի կրոնական ուղղությունների աջակցությունը և այն հիմնական կրոնական կազմակերպությունները, որոնց պայմանական կարող ենք ասել ազգային կամ հիմնական, դրանց դեմ հստակ քաղաքականություն էր տարվում։ Ընտանիքի խնդիրը կար, որ ընտանիքները պետք է լինեին բաց, տարբեր գենդերները կարող էին ամուսնանալ և այլն։ USAID-ն հենց դա էր սպասարկում, իսկ հիմա քանի որ Թրամփը հայտարարել է, որ հին Ամերիկան այլևս չկա, ու նոր Ամերիկա է լինելու, USAID-ի ծրագրերը կասեցվել են, որպեսզի ստուգվի դրանց համապատասխանությունը նոր ուղղությանը»։

Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ԱՄՆ-ն հիմա շատ առումներով կսկսի հակառակ գաղափարախոսությունը սպասարկել։ Ըստ նրա՝ այս առումով Թրամփի վարչակազմին առաջիկա 3 ամիսն անհրաժեշտ է՝ գործող ծրագրերը կասեցնելու կամ դրանց նոր արժեքային համակարգ ներարկելու համար։

Oragir.News-ի հարցին՝ Թրամփի այս որոշումն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի վրա, քանի որ մեր երկրում ևս մի շարք ՀԿ-ներ ու անհատներ ֆինանսավորվում էին հենց USAID-ի կողմից, մեր զրուցակիցը պատասխանեց՝ Հայաստանում կլինի այն, ինչ մնացած մյուս երկրներում։

«Այսինքն՝ այն գաղափարները, որոնք այդ ՀԿ-ներն էին քարոզում, վարչապետի կինն էր քարոզում, բնականաբար այլևս չեն ֆինանսավորվելու։ Եթե ֆինանսավորվեն, ապա միայն ճիշտ հակառակ արժեքները՝ պահպանողականություն, քրիստոնեական արժեքային համակարգ, երկու սեռի գաղափարը և այլն։ Այս փոփոխություններն են տեղի ունենալու, իսկ այն կազմակերպությունները, որոնք սպասարկում էին նախկին գաղափարախոսությունները, հիմա պետք է կա՛մ մնան առանց ֆինանսավորման, կա՛մ էլ փոխեն իրենց պրոֆիլը և ճիշտ հակառակ քարոզը անեն»,-ասաց նա։

Դանիելյանը կարծում է, որ այս կազմակերպությունները գուցե որոշ ժամանակ եվրոպական երկրներից ֆինանսավորվեն, բայց գործընթացը նաև Եվրոպայում է իրականացվում, որտեղ ուժեղանում են աջերը։ «Ես կարծում եմ, որ դա չի լինի։ Բացի դրանից՝ ԱՄՆ նոր վարչակազմը ստիպում է, որ ռազմական ծախսերն ավելացվեն մինչև 5%՝ որոշ երկրների համար 2-2.5 անգամ ավելի շատ, ինչը նրանց բյուջեների վրա շատ ծանր բեռ է լինելու։ Մյուս կողմից՝ քաղաքական տենդենցները դեպի աջ են գնում, ինչը նշանակում է, որ հաջորդ փուլում եվրոպական կառույցները, ԵՄ երկրները նույնպես նման գաղափարախոսությունը չեն սպասարկի»,-եզրափակեց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը