Մեկնաբանություն

08.12.2011 12:40


«Նիկո» & «Նայս»

«Նիկո» & «Նայս»

Սերժ Սարգսյանը շարունակում է իր հետևողական պայքարը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ընտրովի մարմինների և դրանց ղեկավար կազմի դեմ։ Նախագահի թիրախ են դառնում բոլոր այն պաշտոնյաները, ովքեր ինքնուրույնության որոշակի մակարդակ ունեն։

Ազգային ժողովի ղեկավարության վերջին փոփոխությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպիսի խորհրդարան է ուզում ունենալ Ս. Սարգսյանը և ինչ է նա հասկանում «օրենսդիր մարմնի դերի բարձրացում» և «ԱԺ կազմի վերանայում» ասելով։

Սամվել Նիկոյանի նշանակումը (նշանակումը, այլ ոչ թե ընտրությունը) խոսում է այն մասին, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարին պետք են ինքնուրույնությունից զուրկ, նախագահական նստավայրի ցուցումներն առանց քննարկման կատարող և բացառապես գործադիրի քմահաճույքները սպասարկող ֆիգուրներ։ Իսկ այս պարագայում իշխանության ճյուղերի տարանջատման, զսպումների և հակակշիռների մասին խոսելը պարզապես ծիծաղելի է։

Սերժ Սարգսյանն այնքան թույլ տեսակի կառավարիչ է, որ չի կարողանում իրեն անվտանգ զգալ ինքնուրույն և սեփական «ես»–ը ունեցող մարդկանց ընկերակցությամբ։ Նրան միայն կատարողներ ու սեփական դիմագիծը չունեցող մարդիկ են պետք։ Դա, նկատենք, թույլ ղեկավարի վարքագիծ է։

Նայե՛ք թե ովքեր են համարվում Ս. Սարգսյանի թիմակիցներ և ումով է իրեն շրջապատել նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը.  կա՛մ «ժելեոտած» խունվեյբիններ են, կա՛մ հաճախորդներ։ Չհաշված փեսան, իհարկե։

«Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագրով առաջնորդվող մարդու համար խորթ են սեփական կարծիքն ու դիմագիծն ունեցող մարդիկ։ Սարգսյանն իր այդ ծրագրի իրական էությունը թաքցնելու համար երկընտրանք է առաջարկում հասարակությանը՝ «Ովքե՞ր  պետք է լինեն խորհրդարանում. մականունավորնե՞րը, թե՞ «ուսյալ–կրթյալ» երիտասարդները» թեմայով։ Նկատենք, որ դա կեղծ երկընտրանք է, քանի որ մեր հասարակությունը չպետք է ընտրություն կատարի մականունավորի կամ «ժելեոտածի» միջև։ Վերջիններս, ի դեպ, չակերտավոր ուսյալ–կրթյալներ են. օտար լեզվով մի քանի բառ ասելն ու անգիր արած մտքեր արտաբերելը դեռ խելքի նշան չէ։ Եվ վերջապես, խորհրդարանում պետք է լինեն նրանք, ովքեր ընտրվել են ժողովրդի կողմից, այլ ոչ թե նրանք, ովքեր նշանակվում են նախագահական նստավայրից։

Սպասվող համապետական ընտրությունների ժամանակ այս բոլոր խնդիրները, համոզված եմ, իրենց  լուծումը կստանան և իշխող վարչախումբը կուղարկվի չվաստակած հանգստի։ ԱԺ–ում և պետական մյուս մարմիններում պետք է լինեն մարդիկ, ովքեր մանդատ են ստացել ընտրողների մեծամասնությունից։ Մնացած դատողությունները դեմագոգիայի ոլորտից են և նպատակ ունեն արդարացնելու իշխանության թուրքմենբաշիական ձգտումները։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ԱԺ նախագահի ու փոխնախագահի նշանակումներից հետո երբ Նիկոյանն ու Շարմազանովը զբաղեցրեցին իրենց տեղերը, ԱԺ նորանշանակ խոսնակը կատակով  դիմեց դահլիճին։ «Լա՞վ ենք նայվում»,– հումորային տոնով հարցրեց Նիկոյանը։ Ասեմ, որ շա՛տ լավ եք նայվում, պարո՛ն Նիկոյան (չգիտես ինչու հիշեցի հայտնի «Նիկո և Նայս» գովազդը)։

Առաջարկում եմ լցնել բաժակները և խմել զույգ «ծաղիկների» կենացը (հումորով, իհարկե)։ Ինչպես խորաթափանցորեն նշում էր Սերժ Սարգսյանը՝ քվեարկությո՛ւն։

Հ.Գ.–2: Փաստորեն, եթե, հեռու տնից–տեղից, Սերժ Սարգսյանին մի բան պատահի, ապա առնվազն 40 օրով մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարը Սամվել Նիկոյանն է լինելու, քանի որ այժմ նա է, ըստ հիմնական օրենքի, ՀՀ «դե յուրե» երկրորդ դեմքը։ Հավանաբար այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ ԱԺ նորանշանակ նախագահի բարեմասնությունների մասին խոսելիս պարբերաբար շեշտվում էր, որ նա Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ականանետեր է նախագծել ու արտադրել։

«Մինամյոտչիկ» նախագահ. կրկին վատ չի նայվի, պարո՛ն Նիկոյան։ Բայց դե, թո՛ւ–թո՛ւ–թո՛ւ, Սերժ Սարգսյանին Աստված քաջառողջություն տա։

Այս խորագրի վերջին նյութերը