Մեկնաբանություն

16.02.2025 19:21


Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ-ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը

Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ-ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը

Արդեն 10 օր է, ինչ Գյումրիում մեկնարկել է ստորագրահավաք։ Նախաձեռնողը Կարեն Սիմոնյանն է, ով Գյումրիի քաղաքապետի հիմնական հավակնորդներից է ավագանու առաջիկա ընտրություններում։

Ստորագրահավաքի թեման Գյումրիում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու և հարկային արտոնությունների մասով Գյումրին ազատ քաղաք դարձնելու համար է։ Գյումրեցիները ստորագրում են այն ուղերձի տակ, որի նախագիծը հայտնվելու է Գյումրիի ձևավորվելիք ավագանու օրակարգում։ Ըստ այդ ուղերձի՝ Գյումրիի նորընտիր ավագանին պետք է առաջարկ–պահանջով հանդես գա՝ ԱՏԳ–ի ու ազատ քաղաքի թեմայով։

Պարզ է, որ Գյումրիի ավագանին չունի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և հարկային արտոնյալ ռեժիմ սահմանելու լիազորություններ, սակայն ավագանու լիազորությունների շրջանակներում է տեղավորվում ուղերձ հղելն ու պահանջելը։

Ուղերձի նախագիծը գյումրեցիների անունից ավագանուն ներկայացնելու համար օրենքով պահանջվում է քաղաքում հաշվառված և 16 տարին լրացած քաղաքացիների 1 տոկոսի չափով ստորագրություն, ինչը նշանակում է մոտ 1.100 ստորագրություն։ Կարեն Սիմոնյանի թիմն այս պահին ունի արդեն 3.500–ից ավելին։ Սա աննախադեպ գործընթաց է և Գյումրին առաջինն է լինելու Հայաստանի համայնքների մեջ, որի քաղաքացիներն իրենց ստորագրությամբ դառնում են ավագանու ուղերձի նախագծի հեղինակ։

Ինչ վերաբերում է ազատ տնտեսական գոտու և ազատ քաղաքի ամբողջական ծրագրին, ապա առաջինի մասով գաղափարը նոր չէ։ 1988–ի երկրաշարժից հետո շատ է խոսվել այդ մասին, բազմաթիվ որոշումներ են ընդունվել։ Վերջինը 2019–ին էր, երբ կառավարությունը որոշում ընդունեց Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին, ստորագրվեցին համաձայնագրեր, կատարվեցին որոշակի աշխատանքներ, սակայն ամեն ինչ մնաց թղթի վրա։

Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը նպատակ ունի գյումրեցիների ուժով ստիպել, որպեսզի Գյումրին չմղվի հետին պլան։

Ազատ տնտեսական գոտու բուն ծրագիրը կա։ Դրա վրա աշխատել են տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորներ Վարդան Բոստանջյանը, Թաթուլ Մանասերյանը, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս Գյումրիում արդեն ներկայացրել է ծրագիրը։

Հետաքրքրականն այն է, որ ԱՏԳ–ի ծրագրի ներկայացումը դեռ չավարտված՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները սկսեցին քննադատել այն, թե բա՝ չենք հասկանում, ի՞նչ կապ ունի այդ ծրագիրը Գյումրիի ավագանու լիազորությունների հետ։ Իսկ ո՞վ է ասել, որ կապ ունի։ ԱՏԳ–ի ստեղծումը կենտրոնական իշխանության ֆունկցիան է, բայց Գյումրիի ավագանին կարող է դրա վերաբերյալ ուղերձ–պահանջ ներկայացնել։ Հենց դրա համար էլ ստորագրահավաք է իրականացվում։ Ի՞նչ կա այստեղ չհասկանալու։ Համ էլ՝ ՔՊԿ–ականներն իրենք էլ են խոսել ԱՏԳ–ի մասին։ Ինչո՞ւ են իրար խառնվել ու մինչև հիմա իրենց, արբանյակների շուրթերով հարձակվում ԱՏԳ–ի թեմայի վրա։

Ինչ մնում է գյումրեցիներին, ապա նրանք պետք է իրենց ձեռքը վերցնեն քաղաքի զարգացման ճակատագիրը։ Այս պահին դա ստորագրահավաքին մասնակցելն է, հետո Գյումրիում նոր՝ ՔՊԿ–ազերծ իշխանություն ձևավորելը կլինի։ Դրան կհաջորդեն արդեն համապետական գործընթացները։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը