Մեկնաբանություն

21.02.2025 12:30


Ձախողվածները

Ձախողվածները

Խոստացան թալանը կոպեկ առ կոպեկ հետ բերել, բայց եկան իշխանության և իրենք սկսեցին կոպեկ առ կոպեկ թալանել, հատիկ առ հատիկ էլ՝ վայելել։

Թալանում են անխնա՝ լինի տրանսպորտի ուղեվարձի սակագին, աղբահանության վճար, կարմիր կետագծեր, ընդհանուր հայտարարագրման համակարգ, շրջանառության հարկի բարձրացում և այսպես շարունակ։

Այս օրերի առատ տեղումները հերթական անգամ ի ցույց դրեցին քաղաքային իշխանության ձախողված կառավարման ողջ պերճանքն ու թշվառությունը։

Տրանսպորտի սակագին են չհիմնավորված բարձրացնում, բայց ավտոբուսների մաշված անիվները փոխելու տարրական հարցն անգամ չեն լուծել, ձնամաքրման աշխատանքներն էլ չեն կարողանում պատշաճ կազմակերպել։ Արդյունքում, քաղաքացիները ժամերով մնում են կանգառներում կանգնած կամ ստիպված ոտքով են տուն գնում, սառած ճանապարհների պատճառով էլ ավտոմեքենաներն են վթարի ենթարկվում։ Ու բոլորը միասին «հիշում» են Ավինյանին (դե որ ասում ենք՝ Ավինյան, քաղաքացիներին «համբալ» անվանած հայրն էլ հետն է)։

Սույն կերպարը ձախողել է բոլոր ոլորտները, որոնք ղեկավարել է։

ՔՈՎԻԴ-ի ժամանակ պարետ-մարետ էր աշխատում՝ ձախողեց (բյուջեն մսխվեց)։ ԱՆԻՖ-ն էր գլխավորում՝ ձախողեց (բյուջեն մսխվեց)։ Քաղաքապետի աթոռը մի կերպ զավթեց, կառավարումը ձախողեց (բյուջեն շարունակում է մսխվել)։

Բայց դե չի պատժվում, որովհետև կառավարման ձախողման ու բյուջեն մսխելու հարցում անգերազանցելի մրցակից ու վառ օրինակ ունի աչքի առաջ։ Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ պետության բյուջե է մսխել, մի ամբողջ հանրապետություն է կործանել, մի ամբողջ ժողովրդի է կանգնեցրել ցեղասպանության վտանգի առաջ, բայց դեռ չի պատժվել։

Համբերատար ժողովուրդ ունենք, ի՛նչ խոսք, բայց դե անգամ ամենահամբերատար ժողովրդի համբերությունն է մի օր սպառվում։

Ամբողջական իշխանափոխությունն անխուսափելի է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը