Մեկնաբանություն

09.12.2011 11:21


Սերժ Սարգսյանը, Պուտինն ու «դաբրոն»

Սերժ Սարգսյանը, Պուտինն ու «դաբրոն»

Երբ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը, «փոթորիկ մեկ բաժակ ջրում» ծրագրի շրջանակներում, գիշերային կադրային տեղաշարժեր էր անում, իշխանական լրատվամիջոցները տարածում էին, թե նախագահը Պուտինի «դաբրոյով» է հզորացել և իբր կանխում է «քոչարյանական դավադրությունը»։ Այդ ամենը, բնականաբար, ծիծաղելի էր, բայց նախագահականի պահապանները օրեր շարունակ չէին շեղվում որդեգրած քարոզչական գծից։ Մեդվեդևից Պուտինի գիրկը թռածների համար կարևորն այդ պահին տիեզերական չափերի «շուխուռ» անելն ու իշխանության ներսում Ս. Սարգսյանի ինքնավստահության բարձրացման մասին հեքիաթներ հորինելն էր։

Նման պնդումներն, իհարկե, անհեթեթ էին, քանզի դուրս էր գալիս, որ նախագահն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, հրաժարականի է հասցրել միայն Պուտինի «դաբրոյից» հետո և նրան ուղարկել «շտռաֆբատ», այն է՝ ՀՀԿ–ի շտաբ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի դեմն առնի, բայց դե սրանց «վիզ» պետք էր «դաբրոյի» թեման մեջտեղ բերել ու առանց երկար–բարակ մտածելու բերեցին։

Հիմա, երբ ՌԴ–ում խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Պուտինն ինքը «դաբրոյի» կարիք ունի, «ազատ, բայց սերժատու» ԶԼՄ–ները սկսել են նախկինի պես «տակից» կծել Ռուսաստանի գործող վարչապետին ու վերադարձել են Մեդվեդևին քծնելու «դարաշրջանին»։

Փաստորեն, սերժատուների գործն էլ գործ չէ. ստիպված են օրվա կուրսով շարժվել, իսկ քանի որ օրվա մեջ մի քանի կուրս կարող է փոխվել, ուստի՝ կալամբուռ է ստացվում խիստ «սկզբունքային» լրատվամիջոցների մոտ։

Մի խոսքով, նախագահական նստավայրից կառավարվող տեղեկատվական քաղաքականությունը որևէ տրամաբանություն չի ենթարկվում. մի օր սրանք քիրվա են, մի օր՝ «հայրենասեր», մի օր Լևոնի հետ «երկխոսող» են, մի օր՝ Լևոնին կպնող։

Մեկ բան անփոփոխ է սերժատուների մոտ. պայքարը նրանց դեմ, ովքեր ինքնուրույնություն ունեն և դեմ են «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգին։ Բայց ժամանակը ցույց է տալիս, որ գնալով ավելի անհավանական է դառնում Բաղրամյան 26–ի տիրակալների վարդագույն երազանքի իրականացումը և հեռու չէ այն օրը, երբ Տիգրան Սարգսյանի սիրած կոտրած տաշտակի առաջ կհայտնվեն նրանք, ովքեր ուրիշներին էին վախեցնում դրանով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը