Կարծիք

20.03.2025 12:30


Հայաստանը՝ սեղանի վրա, Նիկոլ Փաշինյանը՝ սեղանի տակ․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանը՝ սեղանի վրա, Նիկոլ Փաշինյանը՝ սեղանի տակ․ Անդրանիկ Թևանյան

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի պատճառով, հայտնվել է սեղանի վրա: Մեր երկիրը քննարկման օբյեկտ է դարձել: Փաշինյանը, պատկերավոր ասած, մտել է բանակցային սեղանի տակ ու պատրաստ է տակից ստորագրել սեղանի վրա դրված ամեն մի թղթի տակ: Բնականաբար՝ Հայաստանի հաշվին:

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը՝ շատ լավ իմանալով, որ ոչ մի համաձայնություն էլ չկա: Փաշինյանին թուղթ է պետք՝ հայ ժողովրդին կրկին խաբելու և իշխանության 3-րդ ժամկետի գնալու համար, իսկ Ադրբեջանին պետք է Հայաստանը:

Փաշինյանը ցույց է տալիս, թե, իբր, հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ չկա և ինքն ուղիղ է բանակցում, սակայն իրականում միջնորդ կա: Դա Թուրքիան է, որին Փաշինյանը խնդրում է համոզել Ալիևին, որպեսզի նա թղթի կտորը ստորագրի՝ Էրդողանին խոստանալով, որ իշխանական աթոռը պահելուց հետո ինքը կբավարարի թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները:

Թուրք-ադրբեջանական հայտարարված և տողատակային ցանկությունները հետևյալն են՝

- ՀՀ սահմանադրության փոփոխություն, ՀՀ անկախության հռչակագրից հրաժարում,

- ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում,

- Զանգեզուրի միջանցք,

- Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերից հրաժարում,

- Ադրբեջանցի «փախստականների» վերադարձ Հայաստան,

- Հայաստանի լիակատար զինաթափում,

- Մեծամորի ատոմակայանի փակում,

- Հայաստանի հանքավայրերի փակում,

- Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացում,

- Ռազմատուգանք:

Թուրք-ադրբեջանական այս պահանջները բավարարելուց հետո Հայաստանը կվերանա որպես պետություն: Նիկոլ Փաշինյանը դա գիտի, բայց Ալիևին ու Էրդողանին ասում է՝ եկեք դա փուլային անենք, որպեսզի իր կաշին փրկի:

Փաշինյանի ձեռամբ իրականացվող թուրք-ադրբեջանական այս ծրագիրը պետք է կանգնեցնել: Դրա առաջին լուրջ հնարավորությունը Գյումրու ընտրություններն են, որոնք համապետական նշանակություն են ստանում:

«Քաղաքացիական պայմանագրին» Գյումրիում իշխանազրկելը հիմքեր կդնի ամբողջական իշխանափոխության համար: Գյումրեցիների ձեռքում է հայտնվել Հայաստանի ճակատագիրը որոշելու բանալին: Պահը պատմական է և պատասխանատու:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը