Քաղաքական

28.03.2025 09:20


Միակ բանը, որ Գյումրիում ծեփվեց ասֆալտին, Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն է․ «Հրապարակ»

Միակ բանը, որ Գյումրիում ծեփվեց ասֆալտին, Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն է․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններից 2 օր առաջ իշխանությունը ռեպրեսիաներ սկսեց քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ: Հավանաբար, ՔՊ-ականները գիտակցում են, որ օրինական ճանապարհով Գյումրիում մեծամասնություն ստանալու շանս չունեն, եւ անցել են բռնաճնշումների, վախի մթնոլորտ ստեղծելու հին ու փորձված ավանդույթին:

Հակակոռուպցիոն կոմիտեն փո­­փոխված ձայներով տղամարդ­կանց հեռախոսազրույցների ձայ­նա­գրություններ է հրապարակել եւ դրանց հիման վրա մեղադրանքներ առաջադրել ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանին եւ նրա որդուն: Վարույթները նախաձեռնվել են ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերեւույթ հանցագործությունների հոդվածներով: Գրիգորյանի փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողներին հայտնել է. «Որոշումից հստակ չէ, թե կոնկրետ ինչ փաստական հանգամանքին է վերաբերում, ընդհանուր ձեւակերպումներ են… 24-ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան՝ կալանքի հարցը լուծելու համար: Կալանավորման նպատակով ձերբակալություն են իրականացնում»:

Ավելի վաղ՝ մարտի 26-ին, իշխանական լրատվամիջոցներով տարածվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրություն, որի մեջ նա հայհոյանքներ է տալիս, խոսում շուկայի աշխատողների հետ հանդիպում կազմակերպելու մասին՝ ասելով, որ ժամանակին ինքն է նրանց տաղավարներ տվել, որով մինչեւ հիմա տուն են պահում: Վարդան Ղուկասյանն արհեստական բանականությանն է վերագրել ձայնագրությունը: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին նրան ձերբակալել էին` իր թիկնապահի հետ:

Երեկ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը եւ Կումայրի բաժինը մտել էին նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակ եւ խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Մեղադրանքը նույնն է՝ ընտրակաշառքի կասկածներ: Դաշինքի համակիրներից եւ աջակիցներից մի քանիսի բնակարանները եւս խուզարկել էին։ Բերման էին ենթարկել 2 կնոջ, մեկը՝ ավագանու թեկնածու Էմմա Գրիգորյանը, տանը 2 անչափահաս երեխաների հետ էր եւ առողջական խնդիրներ ուներ: Աշխատանքային օրվա ավարտին նրան ազատ արձակեցին: Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասելով` մեղադրանքը հստակ չէ. «Ինչ-որ անհասկանալի խոսակցություններ ունեն: Ընկերուհիներով խոսում են, որ կարող են իրենք ինչ-որ հարցում օգնել ընտրություններից հետո, սա դիտվել է որպես ընտրակաշառք: Խոսակցության մեջ հստակ լսվում է, որ մենք դա կքննարկենք ընտրությունից հետո, բայց իրենք սա դիտել են որպես ընտրակաշառքի հնարավորություն: Լուրջ բան չկա, իրականում»:

Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ընտրությունից երկու օր առաջ ՔՊ-ական իշխանությունը սկսեց խուզարկություններ ընդդիմադիրների գրասենյակներում, մեղադրանքներ ներկայացրեց: «Սպասելի էր իրականում, որովհետեւ այն կեղծ թեզը, որ ՔՊ-ն սիրում է առաջ տանել, թե իրենք ժողովրդավարական արժեքներով են շարժվում, մի կողմ են դնում, երբ հարցումներով տեսնում են, որ վիճակը լավ չէ, ու անցնում են բոլոր միջոցներին, քրեական գործիքակազմն այդ միջոցներից է»,-ասում է Հովհաննես Խուդոյանը:

«Սա մենք գնահատում ենք որպես իշխանությունների կողմից հարձակում Գյումրու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժի դեմ, սա քաղաքական հետապնդում է»,-կատարվածն այսպես է որակել Կարեն Սիմոնյանը: Կարեն Սիմոնյանին մեղադրանք չի առաջադրվել` մեզ տեղեկացրեց «Մայր Հայաստան» դաշինքի երկրորդ համար Դերենիկ Մալխասյանը եւ ասաց, որ բռնաճնշումները չեն կոտրել իրենց համակիրներին: «Քիչ առաջ ավարտվեց «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական եզրափակիչ հանրահավաքը, գնահատականներ տրվեցին իշխանությունների գործողություններին: Ես համարում եմ, որ ինչ-որ մեկը վատացել էր երեկ Ազգային ժողովի ամբիոնի մոտ, երեւի ՔՊ-ի վարկանիշի Գյումրու տոկոսներն էին նրան հասել, ու այդ վատացած վիճակում ուժայիններին ուղարկել էր այստեղ` ընդդիմադիրներին ասֆալտին ծեփելու: Բայց միակ բանը, որ Գյումրիում ծեփված է ասֆալտին, դա Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարկանիշն է, ուրիշ ծեփված բան չկա»,-ասաց նա:

Իրենք իրենց ԱԱԾ-ով լսում են բոլորի հեռախոսները, այդ թվում` ընդդիմության հասարակ համակիրների հեռախոսները, եւ ամեն խոսակցություն կարող է կասկածելի թվալ ու մեղադրանքի հիմք դառնալ, բայց ընդդիմադիրներն իշխանականների զրույցները չեն կարող լսել․ այստեղ թեկնածուների հավասարության խախտում չե՞ք տեսնում՝ հարցրինք Դերենիկ Մալխասյանին։ «Իրենք ամբողջ պետական ապարատը՝ հատուկ ծառայություններով, գաղտնալսող կառույցներով, օգտագործում են քաղաքական նպատակներով, սա հո նորություն չէ՞: Այո, դա օրենքի խախտում է, իրավունքի խախտում է: Փաշինյան Նիկոլը խոսում է ժողովրդավարական բաստիոնի, ընտրություն չկեղծելու մասին, այլ նմանատիպ անհեթեթ մտքեր է արտահայտում, բա սա ի՞նչ է, երբ որ մարդկանց գաղտնալսում են, հետո իրենց պատկանող ԶԼՄ-ներով այդ ամենը հրապարակում: Սա ինչի՞ ցուցիչ է: Փաշինյանն օրինակներ է բերում եվրոպական երկրներից, մի հատ հարցրեք նրան` եթե եվրոպական որեւէ երկրում նման բան լիներ, տվյալ իշխանությունը քանի՞ րոպե կդիմանար: Քացով կքշեին երկրի ղեկից: Իրենց արածը հիմք է՝ ընտրությունները չեղյալ համարելու եւ ՔՊ-ին դատելու համար»:

Ի դեպ, ընդդիմադիրների դեմ երեկվա բռնաճնշումները կարծես հակառակ էֆեկտն են ունեցել: Գյումրու երեկվա հանրահավաքն ավելի մարդաշատ է եղել, քան երբեւիցե եղածները:

Այս խորագրի վերջին նյութերը