Աշխարհ

03.04.2025 17:12


ՌԴ–ն անընդունելի է համարում Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման սպառնալիքը. Զախարովա

ՌԴ–ն անընդունելի է համարում Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման սպառնալիքը. Զախարովա

Իրանի միջուկային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ռմբակոծման սպառնալիքներն անընդունելի են, Մոսկվան հանդես է գալիս Արևմուտքի հետ Իրանի թյուրըմբռնումների դիվանագիտական լուծման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դրսից հնչող սպառնալիքները, ինչպես, օրինակ, Իրանի միջուկային և էներգետիկ կառույցի ռմբակոծությունների մասին, որոնք ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի համար անխուսափելիորեն կհանգեցնեն լայնածավալ և անդառնալի ռադիոլոգիական հետևանքների, պարզապես անընդունելի են»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Մոսկվան հանդես է գալիս Իրանի և Արևմուտքի երկրների հակասությունների դիվանագիտական լուծման որոնման և կայուն բանակցային լուծումների որոնման օգտին:

«Դա կվերացնի Արևմուտքի նախապաշարմունքներն ու թյուրըմբռնումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ միաժամանակ հաշվի առնելով Թեհրանի օրինական շահերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում, ինչը բխում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Թեհրանի մասնակցությունից»,-ընդգծել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «NBC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում սպառնացել էր աննախադեպ ռմբակոծություններով, եթե ԱՄՆ-ն և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր չկնքեն:

Հիշեցնենք, որ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին ուղղված նամակում նոր միջուկային գործարքի կնքման համար սահմանել է երկամսյա ժամկետ: Պատասխան նամակում Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցությունների վարումը. բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: ԱՄՆ–ն Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը