Քաղաքական

10.04.2025 16:31


Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում ադրբեջանական կրակոցներ են լսվում (տեսանյութ)

Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում ադրբեջանական կրակոցներ են լսվում (տեսանյութ)

Վերջին 4 շաբաթվա Բաքվի ապատեղեկատվության ֆոնին, թե իբր հայկական կողմը կրակում է իրենց դիրքերիի ուղղությամբ, նախ սահմանամերձ Սյունիքից, հիմա նաև Տավուշի և Գեղարքունիքի մարզերից ահազանգում են ադրբեջանական կրակոցների մասին, որոնք լսելի են հայկական բնակավայրերում:

«Վերջին շրջանում միշտ լսվում են ադրբեջանական կրակոցներ, այս գիշեր էլ լսվել են դրանք: Երեկոյան 22:20-ին, կեսգիշերն անց՝ 03:00-ին լսվել են այդ կրակոցները՝ կարճ ինտենսիվությամբ: Սովորական ավտոմատի կրակոցներ են եղել, նշանառություն չի եղել, ձայնն ենք լսել»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Խոզնավար գյուղի վարչական ղեկավար Վահան Զաքյանը:

Այս գիշեր ադրբեջանական կրակոցներ լսվել են նաև Տավուշի մարզի Մովսես գյուղում: Վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը Alpha News-ի հետ զրույցում ասաց, որ կրակոցի ձայները եղել են ոչ ինտենսիվ, դրանք հնչել են նաև 3 օր առաջ:

«Այդ կրակոցները կոնկրետ նշանառություն չունեն, ձայնն ենք լսել, որ մի վնաս չի եղել գյուղին: Կրակոցները եղել են փոքր տրամաչափից, դրանք հնչել են գիշերային ժամերին: Չեմ կարող ասել՝ դրանք հայկական դիրքերի ուղղությամբ են եղե՞լ, թե՞ ոչ»,-նշեց Արմեն Փոլադյանը:

Ադրբեջանի ԶՈւ-երի կրակոցների ձայներ լսվել են նաև Գեղարքունիքի մարզում:

«Վարդենիսին սահմանակից տարբեր բնակավայրերից մարդիկ ասում են, որ կրակոցներ պարբերաբար լինում են: Դրանք հնչում են երեկոյան ու գիշերային ժամերին: Խոշոր տրամաչափի զենք չի կիրառվում, հրաձգային զինատեսակներից են կրակոցները: Սոթքի, Կութի, Կուտականի ու Կոխական գյուղերից են լսել այդ ձայները: Այդ կրակոցները բնակավայրերի ուղղությամբ չեն եղել»,-Alpha News-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք՝ ՊՆ-ն մարտի 16-ից սկսած հերքում է ադրբեջանական սուտը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Այդ շրջանում Սյունիքից ահազանգել էին, որ սահմանամերձ Խնածախում և Խոզնավարում լսվում են ադրբեջանական կրակոցներ: Իսկ արդեն մարտի 31-ին ՊՆ-ն հաղորդեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն:

Այս խորագրի վերջին նյութերը