Կարծիք

17.04.2025 15:47


Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում

Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում

«Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,-այս մասին Անթալիայում թուրք լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում դրական զարգացում է արձանագրվել: Սակայն, ըստ նրա, թուրքական կողմը նշել է, որ վերջնական արդյունքը կարող է կախված լինել հայ-ադրբեջանական գործնթացի վերջնական արդյունքից: Այսինքն, Միրզոյանը հաստատել է, որ Անկարան շաղկապում է հայ-թուրքական գործընթացի վերջնաարդյունքը Ադրբեջանի դիրքորոշման հետ:

Այս խնդիրն արդեն ոչ ոք չի հերքում. ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը:

Ավելին, թուրք լրագրողների այն հարցադրմանը, թե հնարավո՞ր է, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը կնքվի Թուրքիայում, Միրզոյանը չի մերժել այդ տարբերակը, նշելով, որ իր կարծիքով լավագույն տարբերակը կլինի, եթե երկու կողմերը այդ համաձայնագիրը կնքեն երկու երկրների սահմանի մոտ:

Պետք է նշել, որ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից հետո, Փաշինյանի արտաքին քաղաքական վեկտորի իրական ուղղությունը արդեն չի թաքցվում:

Եթե նախկինում այն ներկայացվում էր արևմտյան փաթեթավորվմամբ, ապա ԱՄՆ-ում վերջին փոփոխություններից հետո, Փաշինյանն ստիպված է բացահայտել իր արտաքին-քաղաքական իրական ուղենիշը:

Արդեն հայ հանրության նույնիսկ ամենից անտեղյակ շրջանակաների համար էլ է պարզ դարձել, որ Փաշինյանը փորձում է իրականում Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից և այն տեղավորել թուրքական տիրույթում:

Այն, որ իր այդ քաղաքականությունը ողջունվում է Արևմուտքի կողմից նույնպես հասկանալի է: Վերջիններիս համար, այն ինչ վատ է Մոսկվայի համար, լավ է իրենց համար:

Ոչինչ, որ այդ քաղաքականության հետևանքով ավելի քան 120 հազար արցախցի զրկվեցին իրենց պատմական Հայրենիքից, բնօրրանից: Ոչինչ, որ դրա հետևանքով վաղը Հայաստանի 3 մլն բնակիչ նույնպես կարող են նույն ճակատագրին արժանանալ:

Արևմուտքին դա քիչ է հետաքրքրում: Նրան ավելի շատ հետաքրքիր է, որ այդ գործընթացից Ռուսաստանը տուժի:

Սակայն Թրամփի իշխանության գալուց հետո, Արևմուտքում սկսեցին կատարվել արմատական փոփոխություններ, և առաջ են գալիս նոր ուժեր, որոնց համար Մոսկվայի հետ հակադրվելը ինքնանպատակ չէ:

Հենց այս պարագայում էլ, Փաշինյանը կորցնում է իր քաղաքական շղարշը և ստիպված է բացահայտել իր իրական գործնկերոջը՝ Էրդողանին, ով էլ դարձել է իր գլխավոր հովանավորը:

Հենց այդ պատճառով էլ թուրքերը շտապեցնում են Փաշինյանին, որպեսզի վերջինս խոստովանի սեփական ժողովուրդին, թե ում հետ պիտի կապի իր ապագան: Հենց դրա համար են, ցանկանում որ հայ-ադրբեջանական այդ գործարքը կնքվի Թուրքիայում: Որպեսզի դրանից հետո Փաշինյանը կարողանա պատռել նոյեմբերի 9-ի թուղթը և դրա տեղը դնել թորքական «նոյեմբերի 9-ի փաստաթուղթը», որը կնշանակի, որ Հայաստանն արդեն պաշտոնապես է հայտնվել Անկարայի ազդեցության գոտու մեջ:

Իսկ դրանից հետո, արդեն Փաշինյանի «իրական Հայաստանից» մինչև «Արևմտյան Ադրբեջան» կերտելը կդառնա տեխնիկայի հարց: Ինչպես որ, 2022-ին Պրահայում Արցախը հանձնելուց հետո, նրա հայաթափման գործընթացը մեկ տարի անց դարձավ տեխնիկայի խնդիր:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը