Քաղաքական

18.04.2025 10:20


Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ»

Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից 2024 թվականի հունիսի 12-ին բռնությամբ դուրս հանող ՊՊԾ աշխատակիցը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից ամիսներ հետո նա երկրից արատագաղթել է։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինը հիմք ընդունի այս հանգամանքը և լրագրողներին օթյակից բռնի դուրս հանած ՊՊԾ աշխատակցի ազատման հիմքով քրեական վարույթը կարճի։

Նշենք, որ այս գործով 5 լրագրողներ արդեն տուժող են ճանաչվել: Վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողները թիվն այս պահին 5-ն է:

Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող և հարցաքննվել են:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, և ով է կանգնած վերահսկել իրավիճակը:

Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետևում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել 2024 թ. հունիսի 12-ի դեպքի առիթով և հրապարակել էր «Պատգամավորները քաշքշում են միմյանց ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ: Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին, ձեռքերից քաշելով, դուրս հանում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որևէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Հիշեցնենք նաև, որ դեռ անցած տարի գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները այդ պահին գտնվել են օթյակում և արձանագրել, որ իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնելիս ԱԺ օթյակից բռնի ուժով իրենց դուրս հանելու հրահանգը անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանն է տվել ՊՊԾ աշխատակիցներին, և անձամբ էլ օթյակի միջանցքում հետևել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում»։

Այս խորագրի վերջին նյութերը