Քաղաքական

29.04.2025 21:32


Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում

Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում

Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանը

Ինչպես հայտնի է,վերջին ժամանակաշրջանում լարված են եղել Իրանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները: Պատճառները շատ են, մարտավարական և ռազմավարական բնույթի են:

Ռազմավարականն այն է, որ Բաքվում երազում են Իրանի հյուսիսը միացնել Ադրբեջանին: Բաքվի այդ երազանքը բաց աջակցության է արաժանանում Իսրայելում: ԱՄՆ-ի որոշ շրջանակներ նույնպես ունեն մտադրություն՝աջակցել Ադրբեջանի այդ ծրագրերին, սակայն օրակարգային այն դեռ չեն դարձնում:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ վաղուց է ընթանում այդ աշխատանքը: Թուրքական լրատվամիջոցները վաղուց են գործում Իրանի հյուսիսում, այսպես կոչված «մշակույթային» ծրագրերի շրջանակներում:

Իրանում դա շատ լավ հասկանում են և հենց դրա պատճառով էլ ադրբեջանական «կրթական ծրագրերի» զարգացմանը չեն խրախուսում այդ տարածքներում, որտեղ մեծամասնություն են կազմում ադրբեջանցիները:

Ինչ վերաբերում է մարտավարական ծրագրերին, ապա այստեղ էլ կա լուրջ տարաձայնություն Թեհրանի և Բաքվի միջև:

Բաքվում ցանկանում են ուժի իրավունքով ստանալ Հայաստանից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ինչը սակայն, առաջին հերթին հակասում է Իրանի շահերին, որտեղ այդ ծրագիրը կոչվում է «Թուրանի միջանցք»:

Բաքվի այս ծրագրերը աջակցություն են ստանում Թուրքիայում և քողարկված ձևով՝Իսրայելում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում: Այստեղ հույս ունեն, որ այդ միջանցքի ձեռքբերման արդյունքում Ադրբեջանը վերջնականապես դուրս կգա ռուս-իրանական շրջափակումից, կթուլացնի իր կախվածությունը Վրաստանից և կդառնա տարածաշրջանային լուրջ խաղացող:

Իսրայելի համար, դա, բացի այդ, թույլ կտա Ադրբեջանը դարձնել հենարան՝ հակաիրանական ծրագրերի մշակման համար:

Այն որ 2020-ի արցախյան պատերազմում վերջին դերը չխաղաց իսրայելական օգնությունը Ադրբեջանին, հայտնի է բոլորին:

Թել-Ավիվում համարում են, որ Ադրբեջանի ուժեղացումը կենսականորեն անհրաժեշտ է իրենց, որպեսզի կարողանան «լուծել» Իրանի հարցը:

Հասկանալի պատճառով, Իրանը փորձում է ամեն ինչ անել, որ հնարավորս չեզոքացվի Ադրբեջանի վտանգը իր համար, եթե սկսվենԻսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռազմական գործողությունները Թեհրանի դեմ:

Ադրբեջանըխոսքով նշում է, որ չեզոք է լինելու, բայց Իսրայելի և Թուրքիայի աջակցության տեմպերը այդ երկրին հուշում է հակառակի մասին:

Այս հարցում նույնիսկ մտահոգված է Ռուսաստանը, և զարմանալի չէ, որ օրեր առաջ այդ երկրի արտաքին հետախուզական կառույցի ղեկավար Նարիշկինը գտնվում էր Բաքվում և, դիտորդների կարծիքով, հասկացնելու փորձ էր անում, որպեսզի Ալիևը որևէ պարագայում Իրանի դեմ չգործի:

Նույն դիտորդների կարծիքով՝ Ալիևին դրա մասին էր հորդորել նաև Չինաստանի ղեկավարը, երբ Ադրբեջանի ղեկավարը պաշտոնական այցով գտնվում էր Պեկինում:

Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանը

Երբ Ադրբեջանը դառնում է տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկը, այդ ընթացքում Հայաստանը շարունակում է գլորվել աշխարհաքաղաքական անդունդը:

Մնալով առանց դաշնակիցների՝ Հայաստանը դարձել է տարածաշրջանային գործընթացների օբյեկտ, որը դեռ շարունակում է պահպանել իր պետականությունը բացառապես այն պատճառով, որ դա դեռ շահավետ է Իրանին և Ռուսաստանին՝ իրենց շահերի հետապնդման պատճառով:

Հասկանալի է, որ եթե այս իրավիճակը չփոխվի, ապա Հայաստանը ինչ-որ մի պահից հետո կարող է կորցնել իր հետաքրքրությունը և կարող է կորցնել սեփական պետությունը:

Իսկ պետությունը կորցնելուց հետո մարդկանց տեղահանման խնդիրը կդառնա տեխնիկայի հարցը: Ինչպես ժամանակին, տեղահանվեցին արցախցիները, կամ Բալկաններում վերացավ սերբական Կրաինան:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը