Մեկնաբանություն

16.12.2011 17:13


Սերժ Սարգսյանը հասավ իր ուզածին

Սերժ Սարգսյանը հասավ իր ուզածին

Հաշվի առնելով նախագահական նստավայրի ներդրած հուսահատ ջանքերը՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանն ինչ–որ առումով հասավ իր ուզածին։ Վերջապե՜ս։

Ինչպես հայտնի է, իշխանական նեղ թիմի նպատակն է ԲՀԿ–ին ստիպել խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով և հասնել այն բանին, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ գալիք նախագահական ընտրություններին սատարելու է Սերժ Սարգսյանին։ Այդ պլանները չեն իրականանում։ ԲՀԿ–ն համապատասխան ուղղությամբ է ուղարկում իր ոխերիմ թիմակցին, բայց փոխարենը հայտնվել է մի քաղաքական ուժ, որն այս «գլխից» հայտարարում է, որ ԱԺ ընտրություններում սատարելու է ՀՀԿ–ին, իսկ 2013–ին էլ պաշտպանելու է Սարգսյանի թեկնածությունը։ Այդ ուժը Խոսրով Հարույթունյանի կուսակցությունն է։

Ճիշտ է, Քրիսոտոնեադեմոկրատական կուսակցության ունեցած քվեների քանակն ավելին չէ, քան Խոսրով Հարությունյանի տնեցիների ու բարեկամների ընդհանուր քանակի մեծ մասը, բայց դե, ինչպես ռուսներն են ասում, «На безрыбье и рак рыба»։

Սերժ Սարգսյանն այն օրին չէ հիմա, որ չուրախանա Խոսրով Հարությունյանի օգնությունից։ Սպասվում է, որ նմանատիպ հուժկու սատարում կլինի նաև Արշակ Սադոյանից, Յուրա Մանուկյանից և ամենակարևորը՝ Արտաշես Գեղամյանից։ Այսպիսի թիմով, անկասկած, Սերժ Սարգսյանը կկարողանա առաջիկա համապետական ընտրություններում լրջագույն արդյունքներ արձանագրել, հանգիստ հաղթահարել ԱԺ անցնելու հինգ տոկոսանոց արգելքը և մի ամբողջ խմբակցության տեր դառնալ։

Փաստորեն, «նախաձեռնողական» ներքին քաղաքականությունը տալիս է իր արդյունքները։ Մնում է միայն համոզել մնացած կարկառուն դեմքերին ու նրանց տնեցիներին, որ նրանք ևս թիկունք կանգնեն չափից դուրս «ֆուտբոլասեր» և չափից շատ «ճկուն» նախագահին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը