Քաղաքական

17.12.2011 13:53


Վահան Հովհաննիսյան. «Անցնող տարին ավելի շատ կորուստների տարի էր»

Վահան Հովհաննիսյան. «Անցնող տարին ավելի շատ կորուստների տարի էր»

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ամփոփելով 2011–ը՝ նշել է, որ անցնող տարին ավելի շատ կորուստների տարի էր։

Առաջին հերթին բանախոսն ընդգծել է երկրի սոցիալ–տնտեսական խոցելիության, աղքատության մակարդակի՝ չտեսնված աստիճանի հասնելու մասին, երբ ամեն հինգերորդն աղքատ է, իսկ դրանց կեսը՝ ծայրահեղ աղքատ։

–Այս պայմաններում խոսել մեծ ձեռքբերումների մասին ընդհանրապես հնարավոր չէ, երբ ժողովուրդդ գնալով աղքատանում է,–նկատել է նա։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում կադրային փոփոխություններին, ՀՅԴ ներկայացուցիչը գտնում է, որ դրանք ոչ մի նոր բան չեն բերել ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ։

–Մենք կա՛մ տեսնում ենք նախընտրական թիմի փոփոխություններ, կա՛մ դրանով փորձում են հայ և միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե կադրային փոփոխությունները ծառայում են երկրի առաջխաղացմանը,–ասել է նա։

Անդրադառնալով այս տարվա Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ բանախոսը կարևորել է թե՛ Հայաստանի պաշտոնյաների՝ այլ երկրներ կատարած այցերը, թե՛ այլ երկրների պաշտոնատար անձանց ժամանումը Հայաստան։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ մինչ այժմ Հայաստանը հետ չի կանչել իր ստորագրությունը հայ–թուրքական արձանագրություններից, որն էլ բավական բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի դիրքերի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը