Մեկնաբանություն

17.12.2011 15:27


Իշխանության վերջին փամփուշտները. «ականներ» և «դհոլներ»

Իշխանության վերջին փամփուշտները. «ականներ» և «դհոլներ»

Երբ Լևոն Տեր–Պետրոսյանը հանդես եկավ իր քաղաքական վերլուծությամբ, Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան պայթեցնել ՀԱԿ–ում ու ԲՀԿ–ում առկա ականներին և «մեյդան» հանել նորաթուխ «դհոլներին»։

Մինչև այդ ամեն ինչ գնում էր իշխանության սրտի ուզածով՝ Տեր–Պետրոսյանը «երկխոսացվում» էր, իսկ ՀԱԿ–ն էլ հանդես էր գալիս «կայունության երաշխիքի» դերում։ Դա հնարավորություն էր տալիս Ս. Սարգսյանին պահել իր աթոռը և հանգիստ պատրաստվել «վերարտադրություն» օպերացիային։ Հիմա արդեն այդ սխեման քանդվել է, քանզի ՀԱԿ առաջնորդը դադարել է կատարել այն անպատվաբեր դերը, որը նրան վերապահված էր Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների համագործակցության տարբերակով։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ իշխանությունները գնում են փորձված ճանապարհով՝ մարտի են նետում հաճախորդներին։ Պատահական չէ, որ սպանվածի ու համատեղությամբ նաև մեկ այլ սպանության պատվիրատուի եղբայրը, «վոժդի» խնամին ու Նեմեցի «կուռացիայի» տակ գտնվող բեղավորը, ովքեր ներկայացնում են ՀԱԿ–ը և ովքեր երկու ձեռքով կողմ էին սերժանպաստ «երկխոսությանը», այժմ դեմ են հանդես գալիս ԲՀԿ–ի հետ համատեղ ընտրակեղծիքների դեմ պայքարելու հնարավորությանը և կատարում նորաթուխ «դհոլների» դեր, քանզի հին «դհոլները» (Արթուր Բաղդասարյան, Արտաշես Գեղամյան և այլք) քաղաքականապես ինֆլյացիայի են ենթարկվել ու նախկինի պես չեն կարող սպասարկել նախագահական նստավայրի շահերը։

ՀԱԿ–ում կան նաև «ազնիվ քյարփինջներ», ովքեր ակամայից են ծառայում Սերժ Սարգսյանին, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Տեր–Պետորսյանի թիմում կոնսենսուսի բացակայություն հրապարակավ արձանագրվեց «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսի շուրջ։

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա այստեղ ևս «ականներ» են պայթեցվում (կոոպերատիվ ռեկտոր, նախկին քավոր և այլք)։ Ի հայտ են եկել նորաթուխ «դհոլներ» և ֆոլկլորային լեզվով ասած՝ անաղուհաց քրդի շներ, ովքեր հայտարարում են, թե կուսակցությունից դուրս կգան, եթե Գագիկ Ծառուկյանը չպաշտպանի Սարգսյանի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում կամ էլ կարծիք են հայտնում, թե ԲՀԿ–ն «հանուն երկրի կայունության» կարող է Ս. Սարգսյանի հետ միասնական ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին և հղում անելով ոչ մի արժեք չներկայացնող կոալիցիոն նոր հուշագրի վրա՝ նշում են, թե բարգավաճականները պետք է սատարեն ու նորից գահին բազմեցնեն Սերժ Սարգսյանին։ Սրանք, ըստ էության, ձայնակցում են «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների այն քարոզին, թե Սարգսյանին հաջողվելու է ԲՀԿ–ին ոչնչացնել։

Ակնհայտ է մեկ բան. և՛ ԲՀԿ–ի, և՛ ՀԱԿ–ի տարածքում դմբլդոցներ հանող «դհոլները» նախագահական նստավայրի խամաճիկներն են ու որևէ կերպ չեն ներկայացնում այդ ուժերի տեսակետները։ Պարզապես իշխանություններն ուզում են համապատասխան տպավորություն ստեղծել և տեղեկատվական զիբիլով լցնել դաշտը, որպեսզի կարողանան գոնե «մուտիլովկաների» օգնությամբ կանգուն պահել երերացող բուրգը, բայց, նկատենք, որ այդպիսի գործիքներով նրանք երկար չեն ձգի։ Պատրանքների ու հեքիաթների փուլը կավարտվի բուն ընտրական գործընթացների ժամանակ, երբ ամեն մի ուժ կներկայացնի իր ցուցակը։ Այդ ցուցակում, բնականաբար, տեղ չի լինի «ականների» ու «դհոլների» համար։ Համենայնդեպս ԲՀԿ–ն այլ տարբերակ չունի։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո Սերժ Սարգսյանի հետ՝ տե՛ս Յուշչենկոյի կամ, Աստված չանի, Քադաֆիի անցած ուղին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Ականներին» պայթեցնելով՝ իշխանություններն, անկախ իրենց կամքից, օգտակար գործ են կատարում։ Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը պետք է ստիպված լիներ սեփական ձեռքերով իրականացնել սանիտարական հատումներ և մաքրել ԲՀԿ–ն պատեհապաշտներից ու «բոմժերից», սակայն իր փոխարեն դա անում է Սերժ Սարգսյանի երիտթիմը։ Վերջինս իր քայլերով լրացուցիչ փաստարկ է տալիս ԲՀԿ առաջնորդին, որպեսզի նա լրջորեն վերափոխի իր շրջապատը, քաղաքական նոր բովանդակություն հաղորդի կուսակցությանն ու ժողգործիքներին ուղարկի Սովետաշենի գարշահոտ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը