Մեկնաբանություն

19.12.2011 17:45


Գագիկ Բեգլարյանի բախտը չբերեց

Գագիկ Բեգլարյանի բախտը չբերեց

ՀՀԿ մամլո խոսնակ և համատեղությամբ ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սյունիքի մարզպետի՝ Սուրեն Խաչատրյանի հետ կապված քաղաքական որոշում չի լինելու։ Այսինքն, ստացվում է, որ Լիսկայի հարձակումը գործարարուհու վրա Սերժ Սարգսյանը համարել է հանդուրժելի և ընդունելի։ Սա նշանակում է, որ նախագահական նստավայրի համար անցել են ժողովրդի աչքերին թոզ փչոցիի ժամանակները, և պետական պաշտոնյայի կողմից ապտակ հասցնելը շատ նորմալ է համարվում։

Այս ամենը նշանակում է նաև, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի բախտը պարզապես չբերեց։ Հիշեցնենք, որ նա ապտակել էր նախագահի աշխատակազմի արարողակարգի աշխատակցին ու հայտարարվել անհանդուրժելի։ Բանն այն է, որ ապտակը «տեղի ունեցավ» այն փուլում, երբ Սերժ Սարգսյանից որոշակի իմիջ էին ուզում կերտել։

Դատելով ամենից՝ նախագահականի երիտթևը և անձամբ նախագահը հասկացել են, որ էժանագին «կտերով» հասարակական վարկանիշ չեն կարող ձեռք բերել և որոշել են ապավինել հոգեհարազատ մեթոդին ու հոգեհարազատ մարդկանց, այդ իսկ պատճառով էլ Լիսկային ոչ մի բան չեղավ։ Ասել է թե՝ Գագիկ Բեգլարյանը եթե մի քիչ համբերեր, ապա կարող էր ավելի լուրջ ձևով պատժել հանդուգն Կնդոյին, ով, հավանաբար, նախագահի փեսայի ուղղորդմամբ մի քիչ «դուխավիկություն» էր արել ու շառաչյուն ապտակի արժանացել։ Եթե Բեգլարյանն այս ամսվա մեջ ապտակած լիներ, ապա Շարմազանովը կհայտարարեր, որ քաղաքական հետևանքներ չեն լինելու, քանի որ հանցակազմ չկա։ Նախագահականում հիմա հանդուրժելիի փուլ է. ընտրությունները սարերի հետևում չեն։

Հիմա կարծում եմ՝ Կնդոն հասկացել է, որ Բեգլարյանին անհանդուրժելի էին հայտարարել ոչ թե իր այտերը փորձության ենթարկելու, այլ լրիվ այլ պատճառներով։ Այժմ եկել են այլ ժամանակներ։ Ավելի ճիշտ՝ այդ ժամանակները չէին էլ փոխվել, պարզապես Երևանն ինքնուրույն կառավարող և հսկայական բյուջետային միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինող Երևանի քաղաքապետ Բեգլարյան Սերժ Սարգսյանին պետք չէր, ու մի մեծ շոու կազմակերպվեց։

Սարգսյանին պետք է ՀՀԿ–ի պատվիրակ Գագիկ Բեգլարյան։ Պատվիրակը փող չի տնօրինում, համ էլ՝ Միքայել Մինասյանի հետագա պլանների համար Բեգլարյանի պատվիրակ լինելը օգտակար է ու հանդուրժելի։

Ահա և ամբողջ գաղտնիքը, թե ինչու Լիսկան ապտակեց ու մնաց, իսկ Բեգլարյանն ապտակեց ու դարձավ պատվիրակ։ Ենթադրաբար՝ հենց այս ձևերով է իրականացվելու «որակական հեղափոխությունը»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը