Մեկնաբանություն

19.12.2011 18:30


Միասնական ցուցակի ջատագովները

Միասնական ցուցակի ջատագովները

Արդեն տևական ժամանակ է Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը ցանկանում են Գագիկ Ծառուկյանից խոստում կորզել առ այն, որ ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ համատեղ ցուցակով մասնակցի խորհրդարանական ընտրություններին, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ էլ սատարի Սերժ Սարգսյանին։ ՀՀԿ «ճկուն» ղեկավարի թիմակիցները, հղում անելով «կոալիցիոն նոր հուշագիր» կոչված անհեթեթ և իրավական ոչ մի հրամայական պարտավորվածություն չպարունակող փաստաթղթին, համոզմունք են հայտնում, որ Ծառուկյանը հենց այդպես էլ կվարվի, իսկ «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցները «վերլուծություններ» են ներկայացնում՝ որպես կայացած փաստ համարելով միասնական ցուցակը։

Այս թեմայով հոդված գրելիս առիթ ունեցել եմ ասելու, որ նախագահականում ցանկալին իրականության տեղ են անցկացնում։

Իրականությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանն իր հայտնի հարցազրույցում «պասլատ» էր արել միասնական ցուցակի գաղափարը, իսկ նախագահական ընտրությունների հարցը թողել էր «հաջորդ դասին», ինչը փաստացի նշանակում է, որ ԲՀԿ–ն սեփական պատկերացումներն ունի առաջիկա քաղաքական զարգացումների մասով։

Եթե այսքանից հետո Բաղրամյան 26–ում ինքնահանգստացմամբ են զբաղվում ու տարածում, թե միասնական ցուցակի գաղափարն ընդունված է, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ օրն են ընկել «ֆուտբոլասերները», որ ստիպված են «հալվա–հալվա» ասելով բավարարվել։

Ակնհայտ է, որ միասնական ցուցակի նպատակը «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» հետադիմական համակարգ կառուցելն է, քաղաքական դաշտը ոչնչացնելն է, ԲՀԿ–ին խաղից հանելն է ու սեփականության խոշորամասշտաբ վերաբաշխման գնալն է։ Միասնական ցուցակը քաղաքական ու տնտեսական դաշտը սեփականաշնորհելն ու գերկենտրոնացնելն է։ Սա հասկանում են բոլորը, և բացի Սերժ Սարգսյանից ու իր նեղ շրջապատից որևէ այլ սուբյեկտ շահագրգռված չէ միասնական ցուցակի մեջ։ Իսկ դա նշանակում է, որ ԲՀԿ–ն առանձին կմասնակցի ընտրություններին։ Այսինքն՝ նախագահականի մուրազը փորը կմնա, իսկ կոալիցիոն նոր հուշագիրը կվերածվի մակուլատուրայի, եթե, իհարկե, արդեն չի վերածվել։ Իսկ թե ինչ կլինի ընտրությունների արդյունքում՝ կարծում եմ, որ տեսանելի է անգամ ամենահոռետեսներին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Եթե Սերժ Սարգսյանը վստահ է իր ու «տիրացուի» վրա, եթե Սերժ Սարգսյանը համոզված է, որ բարձր վարկանիշ ունի, ապա հետաքրքիր է, թե ինչու է ընկել Գագիկ Ծառուկյանի հետևից ու նրանից սատարում մուրում։ Իր ներկայիս վարքագծով իշխանության սերժսարգսյանական թևը պարզապես ի ցույց է դնում սեփական թուլությունը։ Ուրիշ ոչինչ։

Այս խորագրի վերջին նյութերը