Քաղաքական

27.12.2011 11:37


Անդրանիկ Թևանյանը կոչ է արել միավորվել ընտրական նոր օրենսգրքի ընդունման շուրջ

Անդրանիկ Թևանյանը կոչ է արել միավորվել  ընտրական նոր օրենսգրքի ընդունման շուրջ

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանն այսօր հրավիրված ասուլիսում ամփոփելով 2011 թվականը՝ ասել է, որ այն լճացման տարի էրքանի որ և՛ տնտեսական, և՛ քաղաքական կյանքում պահպանվեցին վերջին տարիներին արձանագրված բացասական միտումները, շարունակվեցին տնտեսության կենտրոնացվածության և մեկ օլիգարխի տնտեսություն ստեղծելու գործընթացը։

–Կառավարությանը մեծ հաշվով հաջողվեց ծնկի բերել փոքր ու միջին բիզնեսին։ Հիմա սկսել են պայքարը խոշոր բիզնեսի դաշտը վերաձևելու համար, որի գործիքը հաջորդ տարվա «մեծ բյուջեն» է,–ասել է Ա. Թևանյանը։

Նա նաև ավելացրել է, թե չկա որևէ ոլորտ, որտեղ իշխանությունը կարող է դրական արդյունքներ ցույց տալ, իսկ քաղաքականութունը փոխարինվեց թամաշայով։

Անդրանիկ Թևանյանը կարծում է,՝ բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ պայքարում են ռեժիմի, գործող օլիգարխիայի դեմ, պետք է կողմ լինեն նոր ընտրական օրենսգրքի ընդունմանը, որով անցում կկատարվի 100% համամասնական ընտրակարգի։ Նրա խոսքերով՝ իշխանությունները երկակի ստանդարտներ են կիրառում՝ պնդելով, թե պայքարում են օլիգարխների, մականունավորների դեմ (թեև օլիգարխները հենց իրենք են՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ), սակայն միևույն ժամանակ պահպանում են մեծամասնական տեղերը, որտեղից հիմնականում ընտրվում են հայտնի մեթոդներով։

–Նույն Հանրապետական կուսակցությունը պետք է կողմ լինի մեծամասնական ընտրատարածքների վերացմանը, որովհետև իրենք են խոսում «որակական հեղափոխություններից» ու լավագույն ընտրություններից։ Մեծամասնական ընտրատարածքի պահպանումը ևս մեկ անգամ կվկայի այն մասին, որ իշխանությունները դեմագոգիայով են զբաղված՝ մի կողմից խոսում են խորհրդարանը քաղաքական մարմին դարձնելու և արհեստավարժների կառույց սարքելու մասին, մյուս կողմից պահպանում են այն տեղերը, որոնք հիմնականում ընտրակեղծիքների աղբյուր են հանդիսանում,–նշել է նա։

Անդրանիկ Թևանյանը որպես փոխզիջում 100 տոկոս համամասնականին տեսնում է 11 մեծամասնական տեղերի ամրագրումը՝ 10 մարզային և 1 ընտրատարածք էլ՝ Երևանում։ Սա էլ այն բանի համար, որ իշխանությունները չասեն՝ բա ի՞նչ անեն նրանք, ովքեր կուսակցական չեն, բայց անզուսպ ցանկություն ունեն ժողովրդին ծառայելու։

Անդրանիկ Թևանյանը կարծում է, որ նոր ընտրական օրենսգիրք ունենալու հարցում, անգամ գաղափարական տարաձայնություններով հանդերձ, պետք է միավորեն իրենց ջանքերը ՀՅԴ–ն, «Ժառանգությունը», ԲՀԿ–ն, արտախորհրդարանական ուժերը՝ ՀԱԿ–ը և այլն։ Ըստ նրա՝ ովքեր կողմ չեն լինի ընտրական խաղի կանոնների փոփոխությանն ու համամասնական ընտրակարգին անցնելուն՝ փաստացի կծառայեն օլիգարխիային՝ Սերժ Սարգսյանին, վարչապետին, նախագահի փեսային։

Իր խոսքում Ա. Թևանյանը նշել է նաև, որ ակտիվորեն ներգրավվելու է առաջիկա քաղաքական գործընթացներում և իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու է, որպեսզի Սերժ Սարգսյանն իր նեղ թիմով (չշփոթել ՀՀԿ–ի հետ) չվերարտադրվի ու Հայաստանում տնտեսաքաղաքական մենաշնորհ չհաստատվի։ Ըստ նրա՝ ցանկալին զսպումների ու հակակշիռների մեխանիզմով գործող իշխանության ճյուղեր ունենալն է, ինչը ենթադրում է խճանկարային ԱԺ։

«Պոլիտէկոնոմիայի» ղեկավարը համոզված է, որ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանումը նշանակում է ՀՀ տնտեսության թուլացում, մարդկանց ու կապիտալի արտահոսքի ավելացում և ի վերջո պատերազմի վտանգ, քանզի մեզ հետ «սառը» պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի մոտ Հայաստանի թուլացման պարագայում կարող է գայթակղություն առաջանալ՝ ուժով Ղարաբաղի խնդիրը լուծելու հարցում։

–Այս ամենը թույլ չտալու և Հայաստանը զարգացման ուղի դուրս բերելու համար պետք է ներքին իրավիճակը փոխել՝ հրաժեշտ տալ տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությանը, տնտեսության կենտրոնացմանը և ապաշնորհ կառավարմանը,–ամփոփել է Ա. Թևանյանը։

Ասուլիսից մեկ հատված դիտեք այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը