Մեկնաբանություն

28.12.2011 14:42


ԱԺ միջոցառումն այն չէր, ինչ նախկինում

ԱԺ միջոցառումն այն չէր, ինչ նախկինում

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ամանորյա ընդունելություն էր կազմակերպել խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար։ Առաջին իսկ հայացքից պարզ էր, որ այս տարվա ընդունելությունն այն չէր, ինչ նախորդ տարվանը։ Խոսքն, իհարկե, սեղանների առատության կամ տոնածառի գերբեռնված զարդարանքի մասին չէ (թեև այս տարի այդ երկուսն իրոք որ զիջել են իրենց դիրքերով)։ Խոսքն առկա մթնոլորտի ու որոշ դրվագների մասին է։ Թեև այս ամենը կարելի է կապել նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ամեն ինչ արևելյան ոճի ճոխ ու գեղեցիկ ներկայացնելու բնավորության հետ, բայց նման ակնհայտ փոփոխության համար կարող են լինել նաև այլ պատճառներ։

Մասնավորապես խոսվում էր, որ Սամվել Նիկոյանն, ի տարբերություն Աբրահամյանի, չի կարողացել պատգամավորների օգնականներին 13–րդ աշխատավարձ կոչվածը՝ պարգևավճարները տալ։

Խորհրդարանում Նիկոյանի օրոք կրքերն այնքան են լարվել, որ, ըստ մամուլի հրապարակումների, երեկ ԱԺ–ում իրար են քաշքշել Սամվել Նիկոյանի թիկնազորի նորանշանակ պետ Վիրաբ Ղազարյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀ նախկին փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը ԱԳՆ–ում իր համար արդեն իսկ նոր գործ է փնտրում։

Այս տեղեկությունները, իհարկե, պաշտոնապես չեն հաստատվում, բայց այսօրվա ընդունելության ժամանակ մի շարք հետաքրքրական փաստեր կարծես եկան վկայելու, որ այժմ խորհրդարանում իրոք ամեն ինչ հարթ չէ։

Մասնավորապես, նախորդ տարվա նույնօրինակ ընդունելությունն այն ժամանակ դեռ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կազմակերպել էր խորհրդարանի բավական մեծ, ոսկեզօծ դահլիճում։ Ներկաներն էլ այնքան շատ էին, որ հազիվ էին տեղավորվում այդ սրահում։ Բացի լրագրողներից, խմբագիրներից, կային նաև որոշ պատգամավորներ։

Այս տարի, սակայն, ընդունելությունը կազմակերպվել էր ԱԺ–ի կարմիր նախասրահում, ասել է թե՝ նեղ միջանցքում, իսկ ներկաներն էլ բավական քիչ էին։ Անգամ չէին եկել որոշ լրատվամիջոցների խմբագիրներ ու տնօրեններ, որոնք նախորդ տարի ներկա էին։ Չկային նաև պատգամավորները։

Հյուրերին բավական ուշ միացավ Գեղամ Ղարիբջանյանը, ով ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանին, շատ հպանցիկ ինչ–որ բան նրանք շշնջացին միմյանց ականջին, որից հետո Գեղամ Ղարիբջանյանը հեռացավ ընդունելության վայրից։

Ի դեպ, Նիկոյանն ակնհայտորեն փորձում էր ցույց տալ, որ իր տրամադրությունը շատ բարձր է։ Նա իր բացման խոսքում մասնավորապես կատակեց՝ մամուլը շատ է գրում, որ ինքը ոգելից խմիչքների նկատմամբ սեր ունի, և ահա այսօր առիթից կօգտվի ու հենց մամուլի ներկայացուցիչների հետ բաժակ կբարձրացնի։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը