Քաղաքական

29.12.2011 15:09


Անդրանիկ Թևանյան. «Խորհրդարանական ընտրությունները բուրժուադեմոկրտատական հեղափոխության նման մի բան են լինելու»

Անդրանիկ Թևանյան. «Խորհրդարանական ընտրությունները բուրժուադեմոկրտատական հեղափոխության նման մի բան են լինելու»

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը «Հայաստան 2011. առանց պատրանքների» տարեկան զեկույցի չորրորդ շնորհանդեսն էր կազմակերպել: Զեկույցը վերաբերում էր Հայաստանի ներքին, արտաքին և տնտեսական զարգացումներին, կանխատեսումներին և լուծումներին: Շնորհանդեսի հյուրերն էին ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը,ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

Հրանուշ Խառատյանն իր ելույթում նկատել է, որ սա մեր հայրենիքն է, բայց մարդկանց մեծ մասը հայրենազուրկի կարգավիճակում է, քանի որ չունի տիրոջ զգացողություն։

Մեր քաղաքացիները տեր չեն ո՛չ սեփականությանը, ո՛չ երկրի ռեսուրսներին, ո՛չ երկրի օրենքների գրմանը, ո՛չ իրենց ընտրած պատգամավորներին։ Ուրեմն մենք ձեզ հետ միասին լավ տեր չենք մեր հայրենիքի համար,–ասել է Հ. Խառատյանը։

Լիլիթ Գալստյանը նկատել է, որ իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում խորացրին իրենց ձախողումները.

Մենք ունեցանք կորսված հնարավորությունների մեկ տարի ևս, որտեղ խոսել ձեռքբերումների մասին կնշանակի խոսել Դոն Քիշոտի օրինակով։ Հայ մարդն օտարված է երկրի կառավարման արժեքային համակարգից։

Անդրանիկ Թևանյանն էլ ասել է, որ այս քսան տարվա մեր ձեռքբերումը եղել է ղարաբաղյան պատերազմի հաղթանակը, ու այսօր մենք տեր չենք կանգնում հենց այդ հաղթանակին։ Թևանյանն ավելացրել է նաև, որ իշխանական համակարգն արդեն ներսից է քանդվում, ճաքեր է տալիս, համակարգն այսօր առավել, քան երբևէ տրոհված է, և առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ իշխանական բուրգը միասնական չի լինելու։ Խոշոր բուրժուազիայի ձեռքից սեփականությունը խլելու քաղաքականությունն արժանանալու է դիմադրության։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները բուրժուադեմոկրատական հեղափոխության նման մի բան են լինելու Հայաստանի համար։ Իմ ցանկությունն այն է, որ դա լինի անարյուն և անցնցում։ Իշխանություններն այլ բան են ուզում,–ասել է Ա. Թևանյանը։

Ըստ նրա՝ ընտրությունների լեգիտիմություն կունենանք այն ժամանակ, երբ կունենանք սեփականության պաշտպանվածություն և լեգիտիմություն.

Բարեփոխումների իմ պատկերացրած մոդելը հետևյալն է՝ մենք պետք է գնանք տնտեսական ժողովրդավարություն պարտադրելո՛ւ ճանապարհով, որից հետո կունենանք նաև քաղաքական ժողովրդավարություն։ Մասնավոր սեփականության ինստիտուտը պետք է պաշտպանված լինի և մենք պետք է անցնենք բաց մրցակցային համակարգի, այլ ոչ թե «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու  քարոզչությանն ընդառաջ գնանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը