Կարծիք

06.05.2009 19:08


Այնուամենայնիվ, նախապայման կա

Այնուամենայնիվ, նախապայման կա

Դա պարզորոշ կերպով երևում է ոչ թե թուրքական աղբյուրներից, ինչպես փաստում են գրեթե բոլորը, այլ հենց Հայաստանի իշխանավորների և վերլուծաբանների մեկնումներից: Այդ նախապայմանը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, որը ենթադրում է հրաժարում տարածքային պահանջներից և Կարսի պայմանագրով գծված սահմանի վերաճանաչում: Դա ոչ միայն ակնհայտ է, այլև տրամաբանական: Եթե պետությունները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ և բացեն սահմանը, ապա պետք է փաստեն, որ այդ սահմանը դե յուրե գոյություն ունի: Ընդ որում ուշադիր հետևելով ապրիլի 22-ի հայտարարության առումով արված գրեթե բոլոր մեկնաբանություններին և բերված փաստարկներին, այնտեղ չգտա որևէ մեկ պատասխանատու անձի, որ խոսեր նշյալ նախապայմանի բացակայության մասին: Թերևս ՀՅԴ-ի և մի քանի գիտաքաղաքական գործիչների կողմից է հնչեցվում` սերունդներին հնարավորությունից չզրկելու մասին, ինչը, ևս, վկայում է այդ նախապայմանի կամ դրա ենթատեքստի, գուցե և ոչ նախապայմանային շարադրանքով, առկայության մասին:  Հասարակության ուշադրությունը շեղվում է Արցախի հարցի և ցեղասպանության միջազգային ճանաչման առումներով նախապայմանների բացակայության ուղղությամբ: Սակայն վտանգը ավելին է, քան այսօր գիտակցվում է: Եթե Հայաստանի իշխանությունները վավերացնեն Կարսի պայմանագիրը, դա նշանակում է Սևրի դաշնագրի և Վիլսոնյան սահմանների իրավականության վերացում: Իսկ դա հայրենազրկման վերջին արարն է` սեփական ձեռքերով: Դրանից հետո ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության և, անգամ, Թուրքիայի կողմից կունենա զուտ բարոյական հաղթանակի ուժ, ինչով սնվել ենք վերջին 1500 տարին: Փոխհատուցման առումով մենք արդեն ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական ոչ մի հիմք չեն ունենա, քանզի ինքներս կճանաչենք այդ հայրենազրկումը: Եվ, հետո, հարց է, թե ի՞նչ պետք է դնենք փոխհատուցման թղթապանակում` արժեքավոր և մնայուն, էլ չեմ ասում, որ այդ թղթապանակը դեռ գոյություն չունի: Ակնհայտ է, որ սահմանի բացումը, նախ, նշանակում է այդ սահմանի իրավական ճանաչում, նույնիսկ եթե Կարսի պայմանագրի և երկու երկրների տարածքային ամբողջաանության մասին որևէ խոսք չլինի հայ-թուրքական «ճանապարհային քարտեզ» կոչված աննյութական փաստաթղթում կամ ակնկալվող ապագա համաձայնագրում: Սակայն, մեկ բան ևս ակնհայտ է. այս ճանաչման դիմաց է, որ Թուրքիան, կարծեք, խորքում պատրաստ է հետ կանգնել ղարաբաղյան խնդրի նախապայմանից: Մեկ բան ևս պարզ է. եթե Հայաստանը ճանաչում է այսօրվա հայ-թուրքական սահմանը, վաղը միջազգային հանրությունը ավելի դժվար կլծվի Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման գործին: Իսկ պետք է գոնե մեզ համար հստակ լինի, որ ցեղասպանության ճանաչումը դա քաղաքական գործիք է ու ոչ թե նպատակ, իսկ վերջնանպատակը փոխհատուցումն է: Եվ ցեղասպանության ճանաչման բարոյականության հարթությունը դա հայության համար առաջին տեղում չէ, ինչպես սերմանվում է տարբեր ամբիոններից, այդ թվում` հայկական, քանզի միայն Թուրքիայի կողմից փոխհատուցմամբ, և ոչ միայն ճանաչմամբ, կվերականգնվի բարոյականությունն ու արդարությունը: Սա է խնդիրը: Իսկ Թուրքիան և Օբաման դա լավ գիտեն, քանզի ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման հաջորդ քայլը Սևրի պայմանագրի խաղարկումն է, որը, թերևս, ավելի լուրջ լծակ է Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու առումով: Ով-ով, բայց ոչ ԱՄՆ-ն` գիտակցում են Թուրքիայում: Եվ առաջարկելով պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, Թուրքիան ցեղասպանության հարցը միջազգային իրավունքի հարթությունից ցանկանում է տեղափոխել պատմագիտական բանավեճի անվերջանալի շրջապտույտ: Միջազգային իրավունքի տեսանկյունից հայ-թուրքական Վիլսոնյան  սահմանագիծը չի սպառել իրեն, ավելին, գոնե Սփյուռքը, եթե ոչ պաշտոնական Երևանը,  պետք է հնարավորինս շուտ խաղադաշտ նետի Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների բռնազավթման թեզը, որպես` ցեղասպանության հետևանքով հայրենազրկման շեշտադրվող փաստից, ավելի առարկայական հիմքի ներկայացում, ինչպես նաև` որպես հակակշիռ Թուրքիայի կողմից Հայաստանին օկուպանտ ճանաչելու մեղադրանքներին և որդեգրված փաստացի քաղաքականությանը: Բացի այդ, թեկուզ քննարկումների մակարդակով, միջազգային շրջանակներում և մամուլում այդ փաստաթղթով ընձեռվող հնարավորությունները շրջանառության մեջ դնելը ևս կարևոր է, պատրաստելու միջազգային հանրության  միտքը` ցեղասպանության առարկայական փոխհատուցման առումով: Այս տեսանկյունից, գուցե, պետք է պահը ճիշտ ընտրել և խորությամբ ուսումնասիրել այդ քայլի   հնարավորություններն ու հետևանքները: Սակայն, այսօր հայ-թուրքական` ԱՄՆ-ի կողմից ակնհայտորեն պարտադրված մերձեցման իմիտացիայից պետք է քաղել ավելին և զիջել` միայն ոչ էականը: Սա իրոք լուրջ փորձություն է:

Արտակ Սարգսյան

«Միջազգային փորձի ուսումնասիրության գիտական կենտրոն»

ՀԿ նախագահ, պատմաբան

Այս խորագրի վերջին նյութերը