Քաղաքական

06.05.2009 20:30


Հակոբ Ավետիքյան. «Սփյուռքը շատ դեպքերում չի հասկանում Հայաստանի իշխանություններին»

Հակոբ Ավետիքյան. «Սփյուռքը շատ դեպքերում չի հասկանում Հայաստանի իշխանություններին»

«Ազգ» օրաթերթում այսօր հրապարակվել էր մի հայտարարություն, ըստ որի Երևանի Թեքեյան կենտրոնում համախմբված հավատավորներ նախաձեռնում են ՌԱԿ հիմնադիր խորհուրդը վերակազմելու գործը։ Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար զրուցեցինք «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ։

-Սփյուռքի բազմաթիվ շրջանակներ առաջարկում և պահանջում են, որ Ամմանում տեղի ունենալիք պատգամավորական ժողովը տեղափոխվի Հայաստան և Երևանում տեղի ունենա։ Իսկ նրանք, ովքեր մասնակցում են Ամմանի պատգամավորական ժողովին, ուզում են այդ ժողովը վերածել խորհրդակցական հանդիպման, որովհետև արդեն վաղուց հասունացել է ժամանակը, որպեսզի կուսակցությունը դառնա հայաստանակենտրոն և Հայաստանում լինի նրա կենտրոնավայրը։ Սա է այս օրերին ռամկավար սփյուռքի և հայաստանյան շրջանակների գլխավոր մտահոգությունների և խորհրդակցությունների թեման,-ասաց Հ. Ավետիքյանը։

-Որո՞նք են նոր կուսակցության ստեղծման շարժառիթները։

-Նոր կուսակցություն չկա, դա հին կուսակցությունն է։

-Ո՞վ է այն ղեկավարելու, և ի՞նչ է լինելու ՀՌԱԿ-ի հետ։

-ՀՌԱԿ-ի հարցն առայժմ չեմ ուզում քննարկել, բայց այնտեղ դեռևս ոչ մի ղեկավարության հարց չկա, այլ կազմկոմիտե է կազմվել, որը պետք է կազմակերպի այստեղ ՌԱԿ-ի անդամությունը և այստեղ կազմակերպությունը վերահաստատի։

-Հայաստանում արդեն գործում է ՀՌԱԿ-ը։

-Մենք խոսում ենք տարբեր կուսակցությունների մասին՝ ՌԱԿ և ՀՌԱԿ։

-Սփյուռքի ՌԱԿ-ը նույնը չէ՞, որի հետ որ ՀՌԱԿ-ն է համագործակցում։

-Մենք կուզենայինք, որ նույնը լիներ և դա ենք փորձում անել։

-Ովքե՞ր են «համախմբված հավատավորները», որոնց մասին ասված է հայտարարությունում։

-Այս վեց տարիների ընթացքում շատ ռամկավարներ Հայաստանում ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել կուսակցական գործունեությունից, և հրավիրվածները եղել են նրանց մասը, որոնց պարտականություն է դրվել վերախմբավորել, վերակառուցել տարբեր համայնքներում գործող կուսակցական ակումբները։ Այստեղ նոր մարդ չկա։

-Քաղաքական դաշտի ո՞ր սպեկտրում է գործելու այս կուսակցությունը։

-Այնքա՜ն վաղ է այդ հարցին պատասխանել։ Կուսակցական բեկորները հավաքելու աշխատանքին ենք լծված։

-Ինչու՞ հենց հիմա։

-Որովհետև հայության կյանքում տեղի է ունենում շատ մեծ փոփոխություններ, ես կասեի ցնցումներ, Սփյուռքը շատ դեպքերում չի հասկանում Հայաստանի իշխանություններին, Հայաստանում նմանապես բնակչության շատ շերտեր չեն հասկանում, և այս կարևոր հանգրվանին անհրաժեշտ էր, որ կուսակցությունն իր հավասարակշիռ մոտեցումը, իր խելամիտ կեցվածքը ցույց տար և տեսներ, թե ինչն ինչոց է, և ինչպես կարող ենք այս վիճակներում ազգային շահերը հետապնդել։ Ինչ վերաբերում է կողմնորոշմանը, ապա դա չի լինի անհավասարակշիռ, ինչպես կուսակցությունն անվանդաբար հատկանշվել է, այդպես էլ հիմա կլինի։

Հ.Գ. «7 օր»–ն այս կապակցությամբ առաջիկայում մեկնաբանություններ կխնդրի նաև ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանից։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը