Լրահոս

09.01.2012 16:24


Նոր մանրամասներ Կոնդում տեղի ունեցած սպանության դեպքից

Հունվարի 4-ի գիշերը, ժամը 01.10-ի սահմաններում, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոնդ թաղամասի բնակիչ Մերուժան Մինասյանը, որը նույն օրը, ժամը 06.00-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 4-ին, ժամը 01-ի սահմաններում, Կոնդ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել 45-ամյա Մերուժան Մինասյանի, 36-ամյա Ալեքսան Սիմոնյանի, 17-ամյա Հարություն Մկրտչյանի և 20-ամյա Հարություն Թանապուրյանի միջև, որի ժամանակ Հարություն Թանապուրյանը դանակի 15 հարված է հասցրել Մերուժան Մինասյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Նույն օրը, ժամը 17.15-ին, Հ. Թանապուրյանը և Հ. Մկրտչյանը հայտնաբերվել և ներկայացվել են բաժին:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հարություն Թանապուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, իսկ  Հարություն Մկրտչյանին` 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Հարություն Թանապուրյանը և Հարություն Մկրտչյանը կալանավորված են:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը