Լրահոս

10.01.2012 13:06


Ծանրաբեռնվածության պատճառով Շտապ օգնությունը չի կարող տեղ հասնել 7-12 րոպեում

Ծանրաբեռնվածության պատճառով Շտապ օգնությունը չի կարող տեղ հասնել 7-12 րոպեում

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

–Տոնական օրերին լարված ենք աշխատել, համեմատելով անցյալ տարվա հետ՝ կանչերի քանակն ավելի է եղել,- նշել է Ստեփանյանը:

Նա տեղեկացրել է, որ  հունվարի 1-8–ի ժամանակահատվածում արձանագրվել է 5708 կանչ, և հիվանդանոց է տեղափոխվել 890 հիվանդ: Ընդ որում, երեխաների համար 513 կանչ է եղել: Թագուհի Ստեփանյանը նշել է նաև, որ տոնական օրերին գերակշռել են հիմնականում սրտանոթային հիվանդությունների պատճառով գրանցված կանչերը։ Միայն 25 կանչ կապված է եղել ալկոհոլի չարաշահման հետ:

Ինչ վերաբերում է տոնական օրերին գրանցված մահվան դեպքերին, ապա Ստեփանյանը նշել է.

–Տոն օրերին բրիգադայի ներկայությամբ 9 մահվան դեպք է գրանցվել, իսկ մինչև բրիգադայի ներկայանալը եղել է 52 մահվան դեպք։

Անդրադառնալով շտապ բուժօգնության վերաբերյալ բնակիչների բողոքներին՝ Թագուհի Ստեփանյանն ընդգծել է, որ օրական 750 կանչ ունենալով՝ համակարգը ֆիզիկապես չի կարող կանչին արձագանքել ու տեղ հասնել «7-12 րոպե» ֆիքսված ժամանակահատվածում:

–Շտապօգնության ուշացումներին մարդիկ պետք է ըմբռնումով մոտենան, քանի որ մեզ համար խնդիրներ են առաջացնում կրկնակի կանչերը, որոնք տոնական օրերին կազմել են 212,–ասել է Ստեփանյանը ՝ հավելելով, թե շատ են արձանագրվում կանչեր ատամնացավի, գլխացավի կամ 37,5 աստիճան ջերմության դեպքում:

–Բնական է, որ նման դեպքերում 7-12 րոպեում տեղ հասնելը անհետաձգելի չէ, և մենք շտապ հասնելու նախապատվությունը տալիս ենք առավել ծայրահեղ դեպքերին,–պարզաբանել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը