Մեկնաբանություն

10.01.2012 17:43


Վերջին հանգրվանի մասին

Վերջին հանգրվանի մասին

Հայտնի խոսք կա, ըստ որի՝ սրիկաների վերջին հանգրվանը դառնում է հայրենասիրությունը։ Դա այն դեպքն է, երբ մարդիկ «հայրենասեր» են դառնում հանգամանքների բերումով և, այսպես ասած, ի պաշտոնե։

Հայաստանյան իրավիճակն այնպիսին է, որ վճարովի կամ հաստիքային «հայրենասերների» համար աշխատանքային լայն ճակատ է բացվել։ «Հայրենասիրությունը» մեզանում տարբեր կերպ է դրսևորվում՝ պահանջատիրության, եկեղեցասիրության կամ այլ տարբերակներով։

Օրինակ՝ երբ հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանն էր,  Գյուլի ազիզ խաթեր համար անջատվեցին Ծիծեռնակաբերդի լույսերը, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապկի վրայից անհետացավ Արարատ լեռան պատկերը, հեռուստաեթերը ողողված էր Սարգսյան–Գյուլ ողջագուրման կադրերով և թուրքամետ քարոզով։ Այդ փուլում Սերժ Սարգսյանը միջազգային ասպարեզում հարցազրույցը հարցազրույցի հետևից էր տալիս ու հայտարարում, որ պատրաստ է զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, միայն թե Ալիևն ընդունի ԼՂՀ–ի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը։ Հանուն քիրվայության՝ ստորագրվեցին տխրահռչակ արձանագրությունները, որոնցով Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների քննարկման առարկա էր դարձվում։ Այս ամենը նախագահականի սազանդարները ներկայացնում էին որպես գերիմաստուն քաղաքականության դրսևորում։ Անցան օրեր ու ամիսներ, և անգամ Սերժ Սարգսյանին պարզ դարձավ, որ թուրքերը չեն գնահատել նրա զիջողականությունը և ավելին են ուզում ստանալ, իսկ սահման բացելու մասին լսել անգամ չեն ուզում։ Դրանից հետո ՀՀԿ «ճկուն» ղեկավարին այլ բան չէր մնում, քան շտապել Վուդրո Վիլսոնի գերեզմանի մոտ կամ հայտնվել Դեյր Զորի անապատներում և ծովից ծով Հայաստան «պահանջել»։ Փաստորեն, նա մի ձեռքով ստորագրեց Ցեղասպանությունն առևտրի առարկա դարձնող արձանագրությունների տակ, իսկ մյուսով ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակին ու հիշեց Սևրը. քիրվայության ու «պահանջատիրության» զուգորդման վառ դրսևորում։

Անցնենք առաջ։ Երբ Տիգրան Սարգսյանին տնտեսության անկման թեմաներով հարցադրումներ են արվում և կոնկրետ մեղադրանքներ ներկայացվում, նա սկսում է խոսել «Հայկական աշխարհից», իսկ վերջում էլ պարզվում է, որ մեր վարչապետը «աստվածավախ» է և Հայ Առաքելական եկեղեցու մոլի հետևորդ։ Մենք խոսում ենք դոլարի փոխարժեքից, իսկ իրենք մեռելոցներ են հայտարարում։ Մենք խոսում ենք քրիստոնեավայել կյանքից և հետաքրքրվում դրսից բերված միլիարդավոր դոլարների օգտագործման անարդյունավետությունից (մեղմ ասած), իսկ իրենք «Բենթլի Սամո» են խաղացնում, Իլյա 2–րդի հետ են «ռազբորկեք» անում և հեռուստախցիկների առաջ «կրքոտ» խաչակնքվում։ Ասել է թե՝ Հայաստանում ոմանց վերջին հանգրվանը դառնում է «եկեղեցասիրությունը»։ Դե իսկ մեռելոցների օրեր հայտարարելն էլ դառնում է «հոգևոր» բիզնեսի վառ դրսևորումներից մեկը։

Ինչ վերաբերում է «ընդդիմադիր» լրատվամիջոցներին, ապա սրանց վերջին հանգրվանը դարձել է «քաղաքացիական հասարակության» շահերի պաշտպանության դիրքերից հանդես գալը, և այդպիսով Սերժ Սարգսյանին ծառայելու փաստը թաքցնելը։ Փաստորեն, «հոգով» ընդդիմադիր, իսկ մարմնով՝ միշիկական մամուլը պայքարում է հանուն քաղաքացիական հասարակության. շատ «խոխմա» բան է ստացվում։

Իսկ դուք ասում եք, թե չի կարող պատահել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը