Մեկնաբանություն

12.01.2012 13:04


Գլխատել երեքգլխանի վիշապին

Գլխատել երեքգլխանի վիշապին

Ասուլիսի ժամանակ ՀՀԿ–ական Ռաֆիկ Պետրոսյանն աբսուրդային մի տեղեկություն հայտնեց՝ ՀՀԿ–ի գործադիր մարմինը չափանիշներ է մշակում՝ որոշելու՝ ով է գործարար, ով՝ ոչ՝ այդպիսով հետագայում կողմնորոշվելու, թե ում է թույլ տալու մտնել ՀՀԿ–ի համամասնական ցուցակ կամ ում սատարել մեծամասնական ընտրատարածքներում։

Էսպես որ շարունակվի, շուտով էն օրը կընկնենք, որ Սերժ Սարգսյանն իր նեղ թիմով կորոշի, օրինակ, ով է գեղեցիկ, ով՝ ոչ, ով է երիտասարդ, ով՝ տարեց, և, ի վերջո, ով է տղամարդ, ով՝ կին։ Սերժ Սարգսյանի պատկերացրած երկրի ու հասարակության զարգացման նոր փուլը, որի մասին նա խոսեց իր ամանորյա ուղերձում, հավանաբար հենց այսպիսին է։ Ի՛նքը պետք է ամեն ինչ որոշի, ի՛նքը իշխի, ի՛նքը տիրի, ի՛նքը փող ունենա, մի խոսքով՝ ինքն ու ինքը՝ չհաշված կողքից ձեռքի հետ պահվող փեսան ու տիրացուն։

Ի դեպ, տոլմայաբդախառը հոտերին զուգահեռ՝ հնչող այդ ուղերձում Սերժ Սարգսյանը մի շարք ուշագրավ մտքերի փայլատակումներ ևս արեց, որոնք բաժակների զրնգոցները խլացրեցին, բայց դե արժանի են ուշադրության։

«Երկիրն էլ մեր բոլորի ընտանիքն է: Որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում Նոր տարվա սահմանագիծը: Իմ հարազատ երկրի մեծ ընտանիքի սիրելի՛ անդամներ, մենք ընդհանուր շատ ավելին ունենք, քան կարծում ենք: Որքան էլ տարբեր կողմերից նայենք, մեկ է՝ մեր նպատակները նույնանում են, երբ ասում ենք հայրենիք, Հայաստան, Արցախ, Սփյուռք, խաղաղություն, ծնող, զավակ…»,–ասաց ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանի գործողություններից կարելի է ենթադրել, որ այս ընտանիքի միահեծան հայրը դառնալու հավակնություններ ունի հենց ինքը ու այնպիսի հայր, որ այդ ընտանիքի զավակներից, օրինակ, ինձ ու իմ նման մյուսներին չի էլ պատրաստվում հարցնել՝ իսկ մենք այդպիսի հայր ուզո՞ւմ ենք տեսնել մեր ընտանիքի գլխին։ Կամ ո՞վ է ասում, թե մեր բոլորի նպատակները նույնանում են, երբ ասում ենք Հայրենիք, Հայաստան, Արցախ, Սփյուռք, խաղաղություն, ծնող, զավակ...

Օրինակ՝ ես ու իմ նման շատերը Սերժ Սարգսյանի նման մեկ օլիգարխի տնտեսություն ստեղծելու նպատակ չունենք։

Մենք նաև այլ բան ենք հասկացել «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում։ Հայաստանի և Սփյուռքի ճնշող մեծամասնությունը դեմ էր դրան, իսկ Սարգսյանը՝ երկու ձեռքով կողմ։ Հետևաբար՝ մենք չենք կարող նույն ընտանիքից լինել։

Բացի այդ, ես Արցախը չեմ ուզում թշնամու հետ բանակցություններում կամ մեկ այլ թշնամու հետ քիրվայություն անելու համար մանրադրամ դարձնել։ Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է ազատագրված տարածքները վերադարձնել Ադրբեջանին, ասել է անձամբ ինքը։ Սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում, խոսելով Արցախի շուրջ ձևավորված անվտանգության գոտու մասին, Սերժ Սարգսյանը հայտարարել է.

«Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին»։

Կամ էլ մեր ու համոզված եմ՝ իմ նման շատերի նպատակները չեն նույնանում Սերժ Սարգսյանի նպատակների հետ, երբ նա ուրախությամբ ընդունեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն օժանդակելու հարցում Թուրքիայի նախագահ Գյուլի առաջարկը ու մի բան էլ հավելեց՝ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից:

ՀՀ նախագահն իր ամանորյա ուղերձում հիշեց նաև, որ գալիք տարի անցկացվելու են Ազգային ժողովի ընտրություններ.

«Ընտրությունները մեզանում շատ դեպքերում ընկալվել են, կրկնում եմ՝ ընկալվել են միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ ավելի բարձր նպատակներ կան: Ես իմ անձնական որոշումը վաղուց եմ կայացրել անել ինձնից կախվածը արատավոր կարծրատիպից հրաժարվելու, իրոք ազգային և իրոք պետական մոտեցման սկզբունքները քաղաքական կյանքում արմատավորելու համար: Չեմ թաքցնի՝ օգնության կարիք էլ եմ ունեցել և ունեմ»:

Շատ ենք ականատես եղել, որ Սերժ Սարգսյանը գեղեցիկ խոսքեր է շռայլել, բայց հետո արել է ճիշտ հակառակը՝ Լիսկայի թարմ դեպքը վկա։ Իսկ եթե Սերժ Սարգսյանն իրո՛ք որոշել է այս անգամ չպահել իշխանությունը, ապա եկեք ազգովի օգնենք նրան այդ հարցում (մանավանդ որ մարդն իր բերանով է ասում, թե օգնության կարիք ունի)։ Օգնենք, որ նա իրոք արդար և ազատ ընտրություններ անցկացնի, որի դեպքում, համոզված եմ, Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը շատ համեստ տոկոսներ կհավաքեն, և Հայաստանում իրոք կարմատավորվեն ազգային և պետական մոտեցման սկզբունքները։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ. 2012–ը Ջրային վիշապի տարի է։ Հայաստանի համար այն կարելի է համարել երեքգլխանի վիշապի տարի՝ «նախագահ+փեսա+տիրացու» մոդելով։ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայաստանցիները բացառիկ հնարավորություն ունեն քաղաքականապես գլխատելու մեր երկրի ղեկն իր ձեռքը վերցրած այդ երեքգլխանի վիշապին։ Ի վերջո, քաղաքականապես գլխատվելն ավելի ձեռնտու կլինի Սարգսյանին ու իր շրջապատին, քան հեղափոխական ճանապարհով հեռանալը։

Այս խորագրի վերջին նյութերը