Հարցազրույց

12.01.2012 13:24


Հակոբ Հակոբյան.

Հակոբ Հակոբյան.

Հարցազրույց թիվ 41 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված անկուսակցական պատգամավոր, «Երևան գարեջուր» ՓԲԸ–ի սեփականատեր Հակոբ Հակոբյանի հետ

–Այս օրերին քաղաքական ուժերի գրեթե մեծամասնությունը կողմ է արտահայտվում 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությանը։ Դուք կո՞ղմ եք մեծամասնական ընտրակարգի չլինելուն։

–Ընդհանուր առմամաբ, ես մեր երկրում կատարվող դրական բաներին դեմ չեմ, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։ Իմ կարծիքով՝ այսօր եթե մենք անգամ շատ ուզենանք փոխել օրենսգիրքը և անցնել լիովին համամասնական ընտրակարգի, չենք էլ կարող հասցնել։ Չենք հասցնի օրենքն ընդունել, հետո էլ գործընթացներ կան, որ պետք է անցնի։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ ես կո՛ղմ եմ 100%–անոց համամասնական ընտրակարգին, բայց գտնում եմ, որ այսօր ուշ և ավելորդ է դրա մասին խոսելը, որովհետև մենք տեխնիկապաս էլ չենք հասցնի։ Իսկ եթե մի բանը չես հասցնում, իզուր տեղը խոսել և մարդկանց շեղելը ճիշտ չէ, առանց այդ էլ նրանց դարդերը շատ են։

–Բայց, այդուհանդերձ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում Դուք կրկին առաջադրվելո՞ւ եք մեծամասնական ընտրակարգով։

–Ես ասացի այն, որը մեր երկրի համար լավ կլինի։ Իսկ ես, բնականաբար, առաջադրվելու եմ։

–ՀՀԿ–ական Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ ՀՀԿ–ի ղեկավարությունը չափանիշներ է մշակում՝ որոշելու, թե ով է գործարար, ով ոչ, և ընտրելու, թե ում պետք է ընդգրկեն ՀՀԿ–ի նախընտրական ցուցակում կամ ում պետք է սատարեն։ Որպես գործարար՝ Դուք սա նորմա՞լ երևույթ եք համարում։

–Իրենք կարող են որոշել՝ ով է գրոծարար, ով գործարար չէ՝ իրենց կուսակցության շրջանակներում։ Անզեն աչքով էլ երևում է՝ ով է գործարար, ով՝ ոչ։ Բայց դա իրենց կուսակցության ներքին հարցն է։

–Իսկ ճի՞շտ եք համարում այդ որոշումը, որ խորհրդարանում գործարարները չպետք է լինեն։

–Ես բազմիցս ասել եմ և պնդում եմ իմ կարծիքը՝ դա ճիշտ որոշում չէ՛։ Կապ չունի՝ ով է որոշում, ով չի որոշում, բայց դա ճիշտ որոշում չէ։ Գործարարը նույն հայն է, ու շատ–շատ գործարարներ շատ ավելի մեծ օգուտ են տվել, տալիս և պետք է տան մեր երկրին, մեր ժողովրդին, քան թե մի քանի քաղաքական գործիչներ, որոնք միայն խոսում են, գործ չեն անում։ Իմ կարծիքով՝ գործարարները պարտադի՛ր պետք է լինեն խորհրդարանում։

–Իսկ եթե անցում կատարվի 100%–անոց համամասնական ընտրակարգին, Դուք ո՞ր կուսակցության ցուցակով կգնաք ընտրություններին։

–Ես այդ ժամանակ կմտածեմ՝ գնա՞մ, թե չգնամ։ Եթե գնամ, այն ժամանակ կասեմ՝ ա՛յս կուսակցության ցուցակով։ Իսկ հիմա ես ընդհանուր առմամբ ընկերական կուսակցության անդամ եմ։ Այդ կուսակցությունը եղել է և՛ կոմունիստների ժամանակ, և՛ հիմա, և՛ լինելու է, քանի հայ ժողովուրդը կա։ Այդ կուսակցությունն ազատ է, այնտեղ կարող են լինել և՛ ՀՀԿ–ի անդամը, և՛ ԲՀԿ–ի, և՛ ՀՅԴ–ի անդամները։ Ընկերական կուսակցությունն ընկերությունն է, իսկ կոնկրետ ես ընկերություն անում եմ բոլորի հետ։ Ես երբեք կուսակցական պատկանելությունը հաշվի չեմ առնում։

–Իսկ ղեկավար ունի՞ այդ կուսակցությունը։ Կարող է գլխավոր ընկեր լինի։

–(Ծիծաղում է–Ա.Մ)։ Դուք արդեն կատակս լրջացրեցիք։ Գլխավոր ընկեր չի լինում։ Ընկերները լինում են շատ, և ընկերների մեջ չկա գլխավոր, երկրորդական։ Դա արդեն ընկերություն չի կոչվում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը