Լրահոս

12.01.2012 14:03


Ձմե՞ռը, թե՞ ընտրությունները

Ձմե՞ռը, թե՞ ընտրությունները

Այն, որ նախընտրական շրջանում ընտրողներին իրենց կողմը գրավելու համար իշխանությունները դիմել են գրեթե յուրաքանչյուր միջոցի, կարծում եմ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ: Վերջին շրջանում Գյումրու անօթևանների շրջանում լուրեր են պտտվում, թե Մուշ 2 թաղամասում անօթևանների համար պետբյուջեի միջոցներով կառուցվող բնակարանները գրեթե պատրաստ են, սակայն դրանց շահագործման հանձնման գործընթացը միտումնավոր ձգձգվում է խորհրդարանական ընտրություններին ավելի մոտ ժամանակահատվածում կազմակերպելու համար: Բնականաբար, բնակարանների հանձնման գործընթացը վերածվելու է Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության փառաբանման արարողության, և այս տեսանկյունից հնչեցվող կասկածները տրամաբանական են թվում:

Խնդրի առնչությամբ «7օր»–ին մեկնաբանություն է տվել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ, անօթևանների բնակբաշխման հանձնաժողովի անդամ Ալբերտ Մարգարյանը, ով վստահեցրել է, թե բնակարանների բաշխման գործընթացը ընտրությունների հետ կապ չունի.

–Նման խնդիր չկա, եթե հնարավորություն լիներ, հենց հիմա էլ կհանձնեին։ Ուղղակի ձմռանը չուզեցին աշխատանքներ իրականացնել, որպեսզի նախորդ տարվա պատմությունը չկրկնվի՝ կապված շինարարության որակի հետ: Մնացած աշխատանքներն իրականացվելու են գարնանը բնակարանները որակով բնակիչներին հանձնելու համար:

Իսկ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ–ի հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից «7օր»–ի գրավոր հարցադրումներին՝ ինչպե՞ս կմեկնաբանեիք վերոհիշյալ տեղեկատվությունը, և արդյոք բնակարաններն արդեն պատրա՞ստ են շահագործման, ուղարկվել է հետևյալ պատասխանը.

«Ընկերությունը երկրաշարժից անօթևանների համար բնակարանաշինության ծրագիրն իրականացնում է պայմանագրի և ժամանակացույցի համաձայն. թաղամասն ամբողջովին պատրաստ կլինի շահագործման տարվա երկրորդ եռամսյակում: Գյումրիի Մուշ 2 թաղամասում ներկայումս իրականացվում են բնակարանների ներքին հարդարման աշխատանքները և անցկացվում արտաքին ինժեներական ցանցերը, ենթակառուցվածքները: Ինչ վերաբերում է տարբեր անձանց ենթադրություններին, ապա չենք պատրաստվում դրանց վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել»:

Նշենք, որ 2012թ. երկրորդ եռամսյակում, ավելի որոշակի՝ մայիսին, Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը