Լրահոս

12.01.2012 14:26


Սոցիոլոգ. «Մեր արտաքին պետական պարտքը հասնում է այն կարմիր գծին, երբ հնարավոր է՝ էլ մեզ պարտք չտան»

Սոցիոլոգ. «Մեր արտաքին պետական պարտքը հասնում է այն կարմիր գծին, երբ հնարավոր է՝ էլ մեզ պարտք չտան»

«Սոցիոմետր» ՀԿ նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այսօրվա ասուլիսում ամփոփելով 2011–ը, ասել է, թե որպես բացասական կողմ՝ կարելի  է արձանագրել արտագաղթը։

–Բողոքող զանգվածը հեռացել է երկրից, և դա է հիմնական պատճառներից մեկը, որ  սոցիալական մեծ ցնցումներ չեն արձանագրվել,–ասել է  նա։

Ըստ  Ահարոն Ադիբեկյանի՝ բացասական հետևանքներ ունեցան նաև  ստվերի դեմ պայքարի համար  ստեղծված մեխանիզմները, որոնք ոչնչացրին փոքր բիզնեսը։

–Շատ բացասական  կողմ էր նաև կրթական «բարեփոխումը», երբ բուհերին զրկեցին ուսանող ունենալու  հնարավորությունից։ Ես չեմ վախենում ասել, որ դա բյուրոկրատական հիմարություն էր։ Ոչ մի ոլորտում չի կարելի նման կտրուկ փոփոխություն  անել։ Մեր  ամենաբացասական արդյունքն արտաքին պետական պարտքն է։ Դրա շնորհիվ մենք սոցիալական լարվածությունը կարողացանք կրճատել՝ ապահովելով ուսուցիչների,  թոշակառուների և նման նպաստավորների հոգսերը, ու քանի որ մենք հասնում ենք նաև  այն կարմիր գծին, որից հետո մեզ արդեն կարող է՝ պարտք չտան, խնդիր է դառնում, թե մոտակա 1–2 տարվա ընթացքում ինչպես ենք մենք այդ հարցերը լուծելու,–ասել է նա։

Սոցիոլոգը  Հայաստանի  ապագան ու  հեռանկարները կապում է արտաքին երևույթների հետ։

–Որքան իրավիճակը լարվում  է տարածաշրջանում, այնքան Հայաստանի դերը բարձրանում է։ Ամերիկա–Պարսկաստան, Եվրոպա–Պարսկաստան հարաբերությունները և Պարսկաստանի նկատմամբ կիրառված բեռնարգելքները Հայաստանն Իրանի  համար  դարձնում են տարածաշրջանի միջանցք, և մենք կարող ենք ունենալ բավական մեծ տնտեսական ներդրումներ ու դրանով գումարներ  աշխատել։ Նույնն էլ  Թուրքիա–Ադրբեջան, Ռուսաստան–Վրաստան լարումները մեր  դերի բարձրացմանն են բերում։ Մեզ համար կարևոր են նաև Չինաստանի հետ կապերը,–ասել է նա։

Սոցիոլոգը նաև կանխատեսումներ է արել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ով կանցնի  խորհրդարան։

Ըստ  նրա՝ խորհրդարան կմտնեն ՀՀԿ–ն,  ԲՀԿ–ն, ՕԵԿ–ը և ՀԱԿ–ը։ Ահարոն Ադիբեկյանը  նշել է, թե հավանականություն կա, որ  խորհրդարան կարող են մտնել նաև ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»։

«7օր»–ի հարցին՝ տարվա ընթացքում արձանագրված    բացասական մեծ երևույթները կառավարության գործունեության հետ կապելը, իսկ Հայաստանի առաջընթացն էլ միայն արտաքին հարաբերություններով պայմանավորելը չի՞ նշանակում, թե ժողովուրդը հիասթափված է իշխանությունից՝ ի դեմս ՀՀԿ–ի Ահարոն Ադիբեկյանը պատասխանել է, որ դժգոհություն է հայտնում ընտրողների փոքր հատվածը։

Մեր  դիտարկմանը, թե դա նշանակում է, որ  Հայաստանում  մեծամասնությունը լա՞վ է ապրում, սոցիոլոգը կես կատակ–կես լուրջ ասել է.

–Ձեզ նայելով՝ այո՛։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը