Լրահոս

14.01.2012 11:39


Բնապահպան ակտիվիստների մուտքը Թեղուտ կարգելվի

Բնապահպան ակտիվիստների մուտքը Թեղուտ կարգելվի

«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ բնապահպան ակտիվիստների  մուտքը  Թեղուտ կարգելվի։ Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

–«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող տարբեր անձինք ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով տարածել են տեղեկատվություն «Թեղուտ» ՓԲԸ տարածքում քայլարշավ կազմակերպելու մտադրության մասին: Դատելով ԶԼՄ հրապարակումներից՝ կարելի է եզրակացնել, որ հրավերը եղել է բաց, հնարավոր մասնակիցների թիվը՝ անսահմանափակ: Սույնով պաշտոնապես հայտարարում ենք, որ մինչ այդ տեղեկատվության հրապարակումը ԶԼՄ-ներով՝ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձինք չեն համաձայնեցրել 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածքում որևէ քայլարշավի անցկացման հնարավորության հարցը «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության հետ: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությանը վերոնշյալ քայլարշավը թույլատրելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացվել է միայն 2012 թ. հունվարի 11-ին, երբ տարբեր ԶԼՄ-ներով արդեն տևական ժամանակ տարածվել էին  «Թեղուտ» ՓԲԸ տարածքում քայլարշավի կազմակերպման մտադրության մասին մի շարք հայտարարություններ: Այդ գրավոր դիմումով «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձը խնդրում է թույլատրել շուրջ 100 հոգանոց խմբի՝ 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելը և շուրջ չորս ժամ գտնվելը: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության կողմից թույլատրվել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձանց մինչև 15 հոգուց բաղկացած խմբի մուտքը, որոնց տվյալները խնդրել է հայտնել մինչև 2012 թ. հունվարի 13-ը՝ ժամը 15:00: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությանը հնարավոր մասնակիցների տվյալներ չեն ներկայացվել:

«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը հայտնում է, որ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անունից» հանդես եկող անձանց կողմից 2012 թ. հունվարի 15-ին «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելու ցանկացած փորձ կհամարվի ոտնձգություն «Թեղուտ» ՓԲԸ իրավունքների և օրինական շահերի նկատմամբ և բոլոր հնարավոր մասնակիցներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողությունների մասնակցելուց:

«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը