Մեկնաբանություն

17.01.2012 12:35


Սերժ Սարգսյանի ամենակարողության մասին միֆի վախճանը

Սերժ Սարգսյանի ամենակարողության մասին միֆի վախճանը

Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Սերժ Սարգսյանին ոչ ֆորմալ լիազորություններ էին տրված, ինչի հետևանքով վերջինս ձեռք էր բերել «հարց լուծողի» համբավ։ Սերժի «դաբրոյի» մասին առասպելներ էին պտտվում։

Հիմա, երբ Սարգսյանն ինքն է նախագահի աթոռին հայտնվել, այդ միֆն արագորեն ինֆլյացիայի է ենթարկվում։ Սերժ Սարգսյանի թիմակիցները նախ տեսան, որ իրենց նախկին «դաբրոյատվիչը» բավական ագահ է և նախկինում բարի է եղել, որովհետև ցանկացել է շահել շատերի համակրանքը՝ հետագայում բոլորին «քցելու» հաստատ մտադրությամբ։ Բացի այդ, շատերին հիմա պարզ է դարձել, որ Սերժ Սարգսյանի ամենակարողությունը դատարկ միֆ է, քանզի նա շարունակ պարտություններ է կրում։ Եվ ահա կանխելու համար Սարգսյանի շուրջը հյուսված միֆի վախճանը, Բաղրամյան 26–ն իր վերահսկողության տակ գտնվող մամուլի միջոցներով պարբերաբար տարածում է, թե Սերժի անհաջողությունները ... Սերժի գիտությամբ են, այսինքն՝ իր «դաբրոյով»։ Այդ հուսահատ քայլերով փեսայական լրատվամիջոցները ձգտում են պահել փլվող բուրգը և «կուտ» տալ նրանց, ովքեր դեռ կարծում են, թե Սարգսյանն ամենակարող է։

Տեսե՛ք. երբ Սերժ Սարգսյանի պաշտպանյալ թեկնածուն Իջևանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ–ի թեկնածուին պարտվեց, «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցները սկսեցին գրել, թե Սերժը Գագիկ Ծառուկյանին զիջել է Իջևանը, իսկ դրա դիմաց ստացել է միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու խոստում։ Այժմ, երբ արդեն պարզ է, որ ԲՀԿ–ն «պասլատ» է արել միասնական ցուցակի գաղափարը, «սերժատուները» արդեն գրում են, թե ՀՀԿ–ն որոշել է առանձին գնալ, քանի որ իրեն ուժեղ է զգում և թեկնածուներ է առաջադրելու բոլոր մեծամասնական տեղերում (սա էլ այն բանից հետո, երբ Ծառուկյանը «պասլատ» արեց նաև մեծամասնականի շուրջ Սերժ Սարգսյանի «բազառները»)։ Շատ ծիծաղելի բան է ստացվում։ Բա ո՞ւր մնաց ԲՀԿ–ին միասնական ցուցակ մտցնելու Սերժ Սարգսյանի մտադրությունը և «սերժատուների» ունեցած հավաստի տեղեկություններն այդ մասին։ Թե՞ աղվեսի քիթը խաղողին չհասավ, ասաց խակ էր։

Նմանատիպ մի քարոզչություն էլ սկսվեց այն ժամանակ, երբ ՀԱԿ առաջնորդը ներկայացրեց իր քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ–ի մասով։ «Սերժատուները» «մանթոյից» ստիպված գրեցին, թե Լևոն Տեր–Պետրոսյանը Սերժի «պասով» է անհարմար դրության մեջ դրել Գագիկ Ծառուկյանին։ Շատ չանցած՝ բոլորին պարզ դարձավ, որ Ծառուկյանն ու Տեր–Պետրոսյանն են իրար հետ «պաս» խաղացել՝ որպես «գնդակ» ունենալով Սերժ Սարգսյանին։

Սերժսարգսյանական ամենակարողության միֆը պայթեց նաև «քոչարյանական» դավադրություն հայտնաբերելու փուլում, երբ աշխատանքից ազատվում էին ոստիկանապետն ու Հովիկ Աբրահամյանը։ Սարգսյանը, պատկերավոր ասած, փոթորիկ էր անում մեկ բաժակ ջրում, իսկ «սերժատուները» գրում էին, թե իբր հրաժարականները քոչարյանական դավադրության կանխման քայլ է և պետական համակարգի ներսում Ս. Սարգսյանի ինքնավստահության բարձրացման վկայություն։ «Դավադրության» փուչիկն այդ հաշված օրերի ընթացքում պայթեց, երբ հրաժարական տվեց նաև Սերժի փեսան։ Դրանից հետո «սերժատուները» լռեցին «դավադրության» մասին, քանզի հիմար վիճակում էին հայտնվել։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանի իրական կերպարն այս տարիներին բացահայտվել է բոլորի, այդ թվում ու նախևառաջ իր շրջապատ կոչվածի համար, և հիմա մարդիկ սպասում են ընտրություններին, որպեսզի իրենց վերաբերմունքն արտահայտեն «դաբրոների տիրակալի» պահով։ Խելք ունեցողները հասկացան, որ «թագավորը մերկ է»։

Սարգսյանի ամենակարողությանը հիմա հավատում են միայն նրա հաճախորդները, այն էլ որպես «համապատասխան» սրտի մխիթարանք. ուրիշ ճար չունեն։ Խորհրդարանական ընտրությունները, հետևաբար, կդառնան «ամենակարող» պատահականությունների մայրամուտն արձանագրող գործընթացներ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Չեմ կասկածում, որ գալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ «ճկուն» ղեկավարի խայտառակ պարտություն կրելուց հետո «սերժատուները» կգրեն, թե Սերժն իր ցանկությամբ պարտվեց, որպեսզի հաղթի նախագահականում, բայց դե դա կլինի վերջին տարիների մառազմատիկ քարոզչության վախճանը նույնպես։

Այս խորագրի վերջին նյութերը