Լրահոս

18.01.2012 18:06


Բնապահպան. «Հանքարդյունաբերության ոլորտում կառավարության վարած քաղաքականությունը Հայաստանը դարձնում է հանքահումքային կցորդ երկիր»

«Թեղուտի հանքավայրի շահագործումը զուտ տեղական խնդիր չէ, այլ ցույց է տալիս մեր կառավարության անհեռանկարային վերաբերմունքն ինչպես բնության, այնպես էլ տնտեսության զարգացման նկատմամբ»,- «7օր»–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գյումրու «Օրհուս» կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը:

Վերջինս նաև համոզված է, որ հանքավայրի շահագործումով, ըստ էության, աշխատատեղերի խնդիր չի լուծվելու, քանի որ Թեղուտի հանքավայրի շահագործումից անմիջապես հետո դադարելու է Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի շահագործումը.

«Մարդկանց համոզում են, որ աշխատատեղեր են բացվելու: Նախ պետք է ասել, որ նման վտանգավոր գործարաններում աշխատելու համար պետք է առնվազն 200 հազար դրամից ոչ պակաս աշխատավարձ ստանալ: Արդյոք շահագործող ընկերությունը պատրաստվո՞ւմ է նման աշխատավարձեր վճարել: Բացի այդ, բնությանը հասցված և հասցվելիք վնասը կարող է հասնել միլիոնավոր դոլարների, որի վերականգնման համար կպահանջվի մի քանի տասնյակ տարին»,- ասել է Գևորգ Պետրոսյանը:

Բնապահպանի կարծիքով ցավալին նաև այն է, որ Թեղուտի շահագործման դեպքում միջազգային շուկաներում վաճառելու են ոչ թե սև կամ մաքուր պղինձ, այլ պղնձի խտանյութ.

«Ի՞նչ է ստացվում՝ ամբողջ կեղտոտ և վնասակար աշխատանքներն իրականացնում են Հայաստանում, ստացված խտանյութը վաճառում են դրսում, որը հետո տարբեր ապրանքների տեսքով բարձր գներով վաճառում են արտասահմանում: Այսինքն, մենք դառնում ենք զարգացած երկրների հանքահումքային կցորդ, որին մի 50 տարի շահագործելուց հետո դեն են շպրտում: Այդ ժամանակ մեր հարգարժան կառավարությունը մտածե՞լ է, թե մենք ինչով ենք ապրելու»,- նշել է Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգողը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը