Լրահոս

19.01.2012 09:17


Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտում է Հրանտ Դինքի մահվան թուրքական արդարադատության կեղծ դատավարությունը

Հինգ տարի է անցնում այն չարագույժ օրվանից երբ թուրք ծայրահեղության զոհը դարձավ Հրանդ Դինքը, մի մարդ որ իր ողջ գիտակցական կյանքը նվիրեց ոչ միայն իրեն ծնած ու սնած ժողովրդի ու ազգի ոտնահարված իրավունքների, այլ ֆաշիստական Թուրքական իշխանությունների լծի տակ տառապող բոլոր ժողովուրդների ազատության ու իրավունքների համար:

Հրանդ Դինքը դարձավ Թուրքիայում խղճի ու արդարության համար աղաղակող ձայնը, մարդկության դեմ կատարված մեծագույն ոճռագործություններից մեկի՝ հայոց դեմ կատարված ցեղասպանության լռության ու անտարբերության դեմ պայքարի նորագույն մեծ նահատակը:

Հրանդ Դինքի խիզախ ու հետեւողական պայքարը Թուրքիայում  ստացավ համապարփակ բնույթ եւ անցավ այդ երկրի սահմաններից դուրս...

Հայոց դեմ կատարված ցեղասպանության մասին լռության պատնեշը  փլվեց,  Թուրքական ֆաշիստական իշխանություններին մնում էր միայն կեղծ ու շինծու օրենքների անվան տակ, (ինչպիսին է  իբր «Թրքության ինքնությունը վիրավորելու համար» հայտնի  թիվ  301 օրենքը )  դատապարտել եւ լռեցնել յուրաքանչյուր արդարացի ձայն: Oրենքներ որ ամենայն խստությամբ գործադրվում են մինչ այսօր ընդդեմ թուրք եւ այլ հառաջադեմ մտավորականների ու քաղաքական հասարակական գործիչների:

Հրանդ Դինքին սպանող թուրք  ծայրահեղականը  դատական երկար ձգձգումներից հետո դատապարտվեց 21 տարվա բանտարկության,մնացյալ մեղադրյալները ազատ արձակվեցին,  իսկ հունվարի 17-ին դատարանը անտեսելով Դինքի սպանության մեջ ոստիկանության ու պետական մարմինների մասնակցությունը եւ մեղսակցությունը փաստող բազմաթիվ փաստարկներ ու տվյալներ աշխատեց խափանել սպանության հետեւում թագնված իսկական կազմակերպիչների բացահայտումը եւ հարցը վերջացած համարեց: Թուրքիայում փաստորեն ծայրահեղականությունը եւ ռասիզմը պետականորեն բորբոքվում եւ քաջալերվում է ամեն օր:

Հայը  թուրքիայում դեռեւս վախի ու սարսափի մեջ է ապրում եւ յուրաքանչյուր հայ որ խոսում է ցեղասպանության մասին Հրանդ Դինքի ճակատագրին է ենթարկվում: Թուրքիայի իշխանությունների էությունը չի փոխվել եւ շարունակում է մնալ նույնը ինչ էր անցյալում:

Սակայն  նրանց չի հաջողվի խուսափել արդարությունից,  քանի որ Հրանդ Դինքի նահատակությամբ ոչ միայն նրա սկսած պայքարը  կանգ չառավ, այլ հզոր թափով շարունակվում է այսօր ներառելով միջազգահին հասարակության լայն խավերին, մտավորականներին, լրագրողներին քաղաքական գործիչներին մարդու իրավունքների եւ ազատությունների համար պայքարող կազմակերպություններին:

Եվրոպայի Հայերի Համագումարը իր խոր վշտակցությունն է հայտնում Դինքի հարազատներին եւ հավատացած է, որ ցեղասպանության զոհ դարձած  1.5 միլիոն մեր նահատակների եւ Դինք նահատակի ժառանգները կշարունակեն նրանց երազանքը եւ կորցրած հայրենիքի եւ ազատության  ու արդարության համար  պայքարը կշարունակեն մինչեւ վերջնական հաղթանակ:

Եվրոպայի Հայերի Համագումար

Շվեդիա, Ուփսալա

Այս խորագրի վերջին նյութերը