Քաղաքական

08.05.2009 16:46


Նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Պրահայում

Նախագահ Սերժ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Պրահայում

Պրահայում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին երկկողմ հանդիպումներ և շփումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի, Եվրամիության արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Միլիբենդի հետ:

Ֆրանսիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները ջերմությամբ են հիշել անցյալ տարի Փարիզում տեղի ունեցած հանդիպումը և գոհունակությամբ արձանագրել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ինչպես տնտեսության, այնպես էլ հումանիտար և այլ բնագավառներում: ՀՀ Նախագահը վստահություն է հայտնել, որ տնտեսության ոլորտում համագործակցության նոր նախաձեռնությունները, հեռահաղորդակցության բնագավառում ֆրանսիական «Օրանժ» ընկերության մուտքը նոր որակ կհաղորդեն հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցությանը: Հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել խորացնելու հայ-ֆրանսիական բարեկամությունը. «Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է»,-ընդգծել է վարչապետ Ֆիյոն:

Ֆրանսիայի վարչապետի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին' ՀՀ Նախագահը նշել է, որ հիմնախնդրի առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տեղի ունեցող բանակցային գործընթացը և բանակցային սեղանին առկա կարգավորման հիմնական սկզբունքները հնարավորություն են ընձեռում առաջ շարժվել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հակամարտության այնպիսի լուծմանը, որը կբերի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը: Ֆրանսիայի վարչապետն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ֆրանսուա Ֆիյոնը ողջունել և աջակցություն է հայտնել հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը երկու երկրների տնտեսությունների վրա, ինչպես նաև դրա դիմակայման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու համաշխարհային տնտեսության մեջ արձանագրվող միտումներին:

Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Մեծ Բրիտանիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերված աջակցության համար: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա զարգացումն ու նոր նախաձեռնությունների իրականացումը: Սերժ Սարգսյանն ու Դեյվիդ Միլիբենդը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի շուրջ: Դեյվիդ Միլիբենդը նշել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է առկա բոլոր խնդրիների խաղաղ կարգավորմանը և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի և Եվրամիության արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքական հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած շփումների ընթացքում վերջիններս ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը